HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղմկահարույց գործի քննությունը դեռ չի ավարտվել

Ալավերդի քաղաքի առանձին թաղամասերում վերջին տարիներին հայտնվել են խմբեր, որոնք երբեմն նույնիսկ կյանքի գնով մարտնչում են քաղաքի քրեական աշխարհում թելադրող դառնալու համար:

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, սակայն, համարում է, որ հանցավոր խմբեր Ալավերդիում չեն գործում: «Ալավերդիում կան թաղային առանձնահատկություններ, բայց դրանք կլանային հանցավոր խմբեր չեն: Մեր կողմից դա վերլուծվում է»,- 2010 թ. հոկտեմբերին «Հետքին» ասել էր դատախազը: Ու մինչ դատախազը վերլուծություններ է կատարում, Ալավերդիում թաղային հանցավոր խմբերի բախումներն ուղեկցվում են սպանություններով եւ դանակահարություններով:

Սանահին գյուղական եւ Հայպետշին թաղամասերի քրեական խմբերի տարաձայնությունների արդյունքում 2010 թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 22-ի սահմաններում Ալավերդի-Նոյեմբերյան ավտոմայրուղու 7-րդ կմ հատվածի հարեւանությամբ

վող' Ալավերդի քաղաքի բնակիչ, 48-ամյա Կամո Շահվերդյանին պատկանող քարի վերամշակման արտադրամասում տեղի է ունեցել հրազենային փոխհրաձգություն: Դրա հետեւանքով կրծքավանդակի հրազենային վնասվածքով Ալավերդու հիվանդանոց է տեղափոխվել Սանահին թաղամասի 27-ամյա բնակիչ Ռոբերտ Մոսինյանը, ով ստացած վնասվածքներից մի քանի ժամ անց մահացել է:

Սպանություն կատարելու համար 2010 թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնի Ալավերդու քննչական բաժանմունքը Քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին եւ 235 հոդվածի 1-ին մասերով մեղադրանք է առաջադրել Կամո Շահվերդյանին: Վերջինս խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, սակայն 2011 թ. մարտի 18-ին հայտնաբերվել եւ ձերբակալվել է:

Ալավերդու քննչական բաժանմունքի պետ Ռուդոլֆ Ստեփանյանն ասաց, որ քրգործի առնչությամբ «Հետքին» տեղեկատվություն կարող է տալ միայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության թույլտվությունը ստանալու դեպքում, սակայն հայտնեց, որ նույն քրգործի շրջանակներում ձերբակալված են նաեւ Ռոբերտ Մոսինյանի եղբայրը' Ռոման Մոսինյանը, նույն խմբից Արտակ Երիցյանն ու Վրույր Էվոյանը:

«Հետքը» զրուցել է Կամո Շահվերդյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի եւ Ռոման Մոսինյանի շահերի պաշտպան Ադելինա Հակոբյանի հետ: Հովիկ Արսենյանը անհիմն համարեց իր պաշտպանյալին առաջադրված' Ռոբերտ Մոսինյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեղադրանքը: Իսկ մեղադրանքում նշված է. «2010 թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 22-ի սահմաններում Կամո Շահվերդյանը իրեն պատկանող քարի վերամշակման արտադրամասում իր որդի Զորայր Շահվերդյանի եւ ինքնությունները դեռեւս չպարզված այլ անձանց հետ, ապօրինի կրելով 7,62 մմ, 16 մմ եւ 20 մմ տրամաչափի հրազեններ, վիճաբանության ու կռվի մեջ է մտել նույնպես զինված արտադրամաս գնացած համաքաղաքացի Ռոբերտ Մոսինյանի եւ ինքնությունները դեռեւս չպարզված մի քանի անձանց հետ, որի ընթացքում Կամո Շահվերդյանը ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ, կոտորակներով լիցքավորված հրացանից մեկ անգամ կրակել է Ռոբերտ Մոսինյանի կրծքավանդակին, որի հետեւանքով էլ Ռոբերտ Մոսինյանը իր կողմնակիցների միջոցով Ալավերդու հիվանդանոց տեղափոխվելուց հետո' մի քանի ժամ անց մահացել է»:

«Տպավորությունն այնպիսին է, որ Կամո Շահվերդյանն ու Ռոբերտ Մոսինյանը իրար մոտ կանգնած են եղել, վիճել են, որի ընթացքում Կամո Շահվերդյանը ուղիղ նշանառությամբ որսորդական հրացանից կրակել եւ դիտավորությամբ կյանքից զրկել է Ռոբերտ Մոսինյանին»,- ասաց Հովիկ Արսենյանը:

Պաշտպանը հայտնեց, որ իրականում Կամո Շահվերդյանը հոկտեմբերի 16-ի երեկոյան եղել է իրեն պատկանող քարի արտադրամասում, 4 մարդատար ավտոմեքենաներով շուրջ 10 անձինք հարբած վիճակում, հրազենով զինված մոտեցել են քարի արտադրամասին, սակայն դեպի արտադրամաս տանող ճանապարհի վրա հանդիպելով շարված փայտե գերանների խոչընդոտին' չեն կարողացել մոտենալ շինությանը: Իջնելով ավտոմեքենաներից' անկանոն հրազենային կրակոցներ են արձակել արտադրամասի ուղղությամբ:

Կրակոցներից վնասվել է քարի արտադրամասի առաջ' թիթեղյա տնակի դիմաց կանգնած, Շահվերդյաններին պատկանող Մերսեդես մակնիշի 23LU717 պետհամարանիշի ավտոմեքենայի աջ անվաթեւը: Կամո Շահվերդյանը դուրս է եկել արտադրամասից եւ ձեռքին եղած որսորդական հրացանից 2 անգամ գետնին է կրակել' կրակող անձանց հասկացնելու, որ հեռանան: Համաձայն դատաբժշկական, իսկ հետագայում նաեւ համալիր փորձաքննությունների եզրակացությունների' Ռոբերտ Մոսինյանը ուղիղ նշանառությամբ չի ստացել իր վնասվածքները:

Ավելին, կոտորակը մինչեւ Ռոբերտ Մոսինյանի մարմնի մեջ մխրճվելը ձեւախեղվել է այլ կոշտ մարմնի բախվելու հետեւանքով: «Դա ուղղակիորեն նշանակում է, որ էսպես ասած' կույր գնդակ է եղել, որն ուղղությունը փոխելով' Ռոբերտ Մոսինյանի մարմինն է մխրճվել եւ մահ պատճառել»,- ասաց պաշտպանը: Նա համարում է, որ որեւէ մեկի գործողություններում դիտավորություն չի եղել Ռոբերտ Մոսինյանին մահ պատճառելու համար, եւ ով էլ կրակած լինի, այն պետք է անզգույշ սպանություն դիտվի:

Ըստ Կամո Շահվերդյանի ցուցմունքների' մթության պատճառով, ըստ ձայների, արտադրամասի վրա կրակող անձինք եղել են մետաղյա խողովակներից 10-15 մ հեռավորության վրա, իսկ ինքը գետնին է կրակել իրենից մի քանի մետր հեռու: Հետեւաբար, իր որսորդական հրացանից արձակված կոտորակները հնարավոր չէ, որ անցնեին այդ տարածության միջեւ գտնվող երկաթյա խողովակները: Պաշտպանը անհիմն է համարում նաեւ իր պաշտպանյալին անգամ անզգույշ սպանություն վերագրելը:

«Որսորդական հրացաններ այդ օրը մի քանիսն են եղել, որսորդական հրացան է գործել նաեւ մյուս խմբի կողմից եւ հնարավոր էլ չէ օրինականացնել, թե որ հրացանի արձակած գնդակի արդյունքում է մահ կամ վնասվածք պատճառվել Ռոբերտ Մոսինյանին»,- ավելացրեց Հովիկ Արսենյանը:

Վերջինս նաեւ կարծում է, որ եթե վարույթն իրականացնող մարմինը պարզել է, որ Ռոբերտ Մոսինյանը եւ իր ընկերները, որոնցից 3-ը ձերբակալված են, հանցավոր համաձայնության են եկել եւ զինված ոտնձգություն կատարել իր պաշտպանյալի նկատմամբ, Կամո Շահվերդյանի գործողությունները պիտի անհրաժեշտ պաշպանություն դիտվեն: Պաշտպանը պնդում է, որ Կամո Շահվերդյանը գործել է ինքնապաշտպանության սահմաններում:

«Բայց եթե իրավապահները գտնում են, որ վեճին նպաստողը իմ պաշտպանյալն է եղել, երբ նրանց հրավիրել է իր արտադրամաս, դա այդպես չի, որովհետեւ հեռախոսային վեճի ընթացքում Կամո Շահվերդյանն ուղղակիորեն հրավիրել է, որ եթե որեւէ մեկը որեւէ պարզաբանում ունի, կարող է գալ արտադրամաս եւ պարզաբանում տալ: Մյուս կողմից պատասխանել են' մենք այդտեղ անելիք չունենք, բայց Կամո Շահվերդյանի համար անսպասելի խումբը հայտնվել է կրակոցներով»,- ասում է պաշտպանը:

Նա կարծում է, որ Կամո Շահվերդյանի մասով քրգործը պետք է կարճել եւ նրան ազատ արձակել: Նշենք, որ Կամո Շահվերդյանը ներկայումս գտնվում է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների հիվանդանոցում: Նա տառապում է մի շարք ծանր հիվանդություններով: Ռոման Մոսինյանի շահերի պաշտպան Ադելինա Հակոբյանը «Հետքին» հայտնեց, որ քրգործին դեռեւս ծանոթ չէ, կծանոթանա, երբ վարույթն իրականացնող մարմինը քննությունն ավարտի: Սակայն պաշտպանը համարում է, որ իր պաշտպանյալ Ռոման Մոսինյանը որեւէ հանցագործություն չի կատարել:

«Ռոման Մոսինյանի ասելով' ինքը դեպքի վայրում չի եղել, եկել է այն ժամանակ, երբ եղբայրն արդեն ծանր վիրավորված է եղել»,- ասաց Ադելինա Հակոբյանը: Նրա կարծիքով' իր պաշտպանյալն անարդարացի է ձերբակալվել, ուստի պատրաստվում են դիմում-բողոք ուղարկել ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին եւ Մարդու իրավունքների պաշտպանին:

Մեկնաբանություններ (2)

MARIANA KIRAKOSSYAN
ASTVAC KAMSARIN AROXJUTYUN U ERKAAAR ERKAR TARINERI KYANQ KTA____IR GORCAC BARI GORCERI U ETQAN MECAHOGI LINELU HAMAR
Armen
Giteq zarmanalin vorn e,vor Shahverdyani nman harganq unecox mardun karoxanum el en mexadren mi erku nor dzvic durs ekac lakotneri het glux dnelu mej....Alaverdu joxovurd qanisid hamar e Kamo Shahverdyan@ lavutyun arel,amot e gone mi lreq u mkan pes apreq,,,Nra nman Mecatarov mardun iravunq chuneq moranalu,,,miqich mardkutyun uneceq,,,,Iren el eq lav chanachel sanahneconc el,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter