HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սպառողական վարկերը կրճատվում են, հիպոթեքայինը՝ աճում. բանկերը՝ առաջին կիսամյակում

Չնայած ՔՈՎԻԴ-19 համավարակի ու պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներին ու որոշակի բացասական միտումներին՝ Հայաստանի բանկային համակարգի վիճակը ներկայում չի կարելի վատ կամ անկայուն բնորոշել: Այդ մասին են վկայում բանկերի՝ այս տարվա առաջին երկու եռամսյակների ֆինանսական հաշվետվությունները: 

Տարվա առաջին վեց ամիսներին բանկերի կապիտալն ու ակտիվներն ավելացել են,  որոշակի աճ կա ավանդների ու շահույթի գծով: Միևնույն ժամանակ, վարկային պորտֆելը մի շարք ուղղություններով կրճատվել է: 

Տարեսկզբի համեմատ բանկերի կապիտալն աճել է 2.7%-ով, ակտիվները՝ 2%-ով

2021 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ Հայաստանում գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 915 մլրդ դրամ:  Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի բանկերի միության ներկայացրած հաշվետվությունից, տարեսկզբի համեմատ բանկերի կապիտալն աճել է 24 մլրդ դրամով կամ 2.7%-ով: 

Աճել են նաև բանկերի ակտիվները: Այս տարվա առաջին կիսամյակի վերջում դրանք կազմել են 6 տրլն 772 մլրդ դրամ՝ վեց ամսվա ընթացքում աճելով շուրջ 133 մլրդ դրամով կամ 2%-ով:

Վարկային պորտֆելը կրճատվել է 6%-ով. վարկատեսակների մի մասի գծով աճ է գրանցվել

2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ հայաստանյան բանկերի կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի ընդհանուր պորտֆելը կազմել է 3 տրլն 929 մլրդ դրամ: Տարեսկզբի համեմատ վարկային պորտֆելը կրճատվել է 253 մլրդ դրամով կամ 6%-ով: Ընդ որում՝ նկատելի է, որ այս կրճատման վրա էական ազդեցություն են ունեցել երկրորդ եռամսյակի ցուցանիշները: Միայն երկրորդ եռամսյակում բանկերի վարկային պորտֆելը նվազել է 189 մլրդ դրամով կամ 4.6%-ով:

Հատկանշական է, որ ոչ բոլոր վարկատեսակների գծով է անկում գրանցվել: Եթե օրինակ, սպառողական վարկերը կրճատվել են 6%-ով, արդյունաբերությանը տրվող վարկերը՝ 15%-ով և այդպես վարկատեսակների մեծ մասի գծով, ապա՝ հիպոթեքային վարկերի գծով 15% աճ է գրանցվել, շինարարության վարկային պորտֆելն էլ ընդլայնվել է 13%-ով: Այս երկու վարկատեսակները էական տեսակարար կշիռ ունեն ընդհանուր պորտֆելում (տես ինֆոգրաֆիկան): Աճել է նաև ֆինանսական հատվածին տրվող վարկերի ծավալը։

Ավանդները ավելացել են 1.6%-ով

2021 թվականի առաջին կիսամյակում հայաստանյան բանկերի ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 109 մլրդ դրամով կամ 1.9%-ով՝ կազմելով 5 տրլն 857 մլրդ դրամ:

Այդ թվում ՝ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կամ պարզապես՝ ավանդները, այս տարվա վերջում կազմել են 3 տրլն 770 մլրդ դրամ: Տարեսկզբի համեմատ՝ ավանդներն աճել են շուրջ 61 մլրդ դրամով կամ 1.6%-ով:

2020 թվականի սկզբից ավանդների դինամիկան կտրուկ տատանումներ է գրանցում: Մինչև 2020 թվականի ապրիլն ավանդներն ավելացել են, ապրիլից՝ պայմանավորված համավարակով առաջացած անորոշություններով ու դրամի արժեզրկման ռիսկերով, զգալի նվազում է գրանցվել: Այնուհետև քաղաքացիները կրկին ավելացրել են ավանդները: 

Բայց սեպտեմբերին Արցախում սկսված պատերազմն ու կրկին մեծացող անորոշությունը փոխել են նրանց վարքագիծը:  

2020-ի տարեվերջին նկատվող դրական միտումները չեն պահպանվել նաև այս տարվա հունվարին: Սակայն, փետրվարից դրական դինամիկա է նկատվում: 

Վեց ամսում բանկային համակարգը մոտ 41 մլրդ դրամի շահույթ է գրանցել

2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգն ապահովել է  40.7  մլրդ դրամի շահույթ: 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ այն աճել է 46.7 մլն դրամով կամ 0.11%-ով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter