HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խնամակալության և հոգաբարձության մարմինները բարձիթողի վիճակում են

Արմանն ամուսնալուծվել է 4 տարի առաջ: Դատարանը որոշել է երկու անչափահաս երեխաների բնակության վայրը սահմանել մոր բնակության վայրով: Արմանը փորձել  է ապացուցել, որ կինն իր վարքով լավ օրինակ չէ երեխաների համար և անթույլատրելի է նրան վստահել երեխաների ճակատագիրը, չի ստացվել: Համայնքապետարանի (հոր խնդրանքով չենք նշում Արմավիրի մարզում գտնվող համայնքի անվանումը, որպեսզի երեխաները չնույնականացվեն) խնամակալության և հոգաբարձության մարմինը եզրակացություն է տվել, թե երեխաների մայրն իդեալական վարքի տեր է, ունի բնակության անհրաժեշտ պայմաններ, ուստի գտնում են, որ երեխաների լավագույն շահից է բխում մոր հետ ապրելը: Դատարանն էլ, հիմք ընդունելով այդ հանգամանքը, Արմանի կնոջ օգտին է վճիռ կայացրել: Արմանը վերջերս տեղեկացել է, որ մոտ հետ բնակվող 17 տարեկան աղջիկը ևս վատ վարքագիծ ունի, արդեն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

«Երեխաներիս ճակատագիրը կործանեցին: Նախկին կինս խնամիական կապեր ուներ գյուղապետի հետ, իսկ խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատողները գյուղապետարանի աշխատողներն էին: Պարզ էր, որ այդ կապերն օգտագործելով` պիտի իրականությանը չհամապատասխանող եզրակացություն տային: Բայց այդ եզրակացությունը կործանեց իմ երեխաներին»,-ասում է Արմանը: Նա չի հանձնվելու և պայքարելու է 14-ամյա որդու համար, որպեսզի նա էլ հանցավոր ուղի չբռնի:

Խնամակալության մարմինները մեծ դերակատարում ունեն անձանց մի շարք իրավունքների իրացման, նրանց իրավունքներին և պարտականություններին առնչվող որոշման կայացման հարցում: Օրինակ՝ իրականացնում են երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանությունը` ծնողների մահվան, նրանց ծնողական իրավունքներից զրկելու, ծնողական իրավունքները սահմանափակելու, ծնողական խնամքի բացակայության, ծնողական խնամքից զրկվելու, երեխայի դաստիարակությանը հավակնող անձանց կյանքի պայմանների հետազոտություն իրականացնելու և այլ դեպքերում ու ապահովում երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը:

Մարմինն իրազեկում է նաև համայնքներում երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերի մասին, մասնակցում երեխաների շահերի պաշտպանության նպատակով ժառանգության բաժանման վերաբերյալ համաձայնությունը կազմելուն, կնքում են գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր իր կողմից նշանակված կառավարչի հետ` խնամարկյալի անշարժ և արժեքավոր շարժական գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում և այլն:

Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, որը խորհրդակցական մարմին է և գործում է հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել 3-9 անձ:

Նկատի ունենալով, թե ինչ վճռորոշ հարցեր են վերապահված Խնամակալության և հոգաբարձության մարմիններին, ակնհայտ է, որ այդ մարմիներին կից հանձնաժողովների անդամների ընտրությունը, կազմը պետք է համալրված լինի համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեցող անձանցով, մինչդեռ պրակտիկայում գործ ունենք միանգամայն հակառակ պատկերի հետ:

Հայաստանում չկա կարգավորող օրենք, որը կսահմաներ թե՛ հանձնաժողովի անդամների մասնագիտացման պահանջը, թե՛ նրանց ընտրության ձևաչափը, թե՛ պատասխանատվություն սահմանող իրավական նորմերը: Միակ իրավական ակտը ՀՀ Կառավարության 2016թ.-ի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշումն է, որը սահմանում է խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը, նախատեսում գործառույթները:

Արմավիրի մարզի օրինակով փորձել ենք ցույց տալ, թե ինչ պատրաստվածություն ու կազմ ունեն Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները, որոնց անդամները ճակատագրեր են որոշում:

Գործավարից մինչև համակարգչային օպերատոր ու անասնաբույժ

Արմավիրի մարզպետարանը «Հետք» տրամադրել է մարզի 97 համայնքներում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների տվյալները:

Ուսումնասիրությամբ պարզեցինք, որ հանձնաժողովները ոչ բոլոր համայնքներում են համաչափորեն ձևավորվել: Թեև նախատեսվում է, որ հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել մարզպետարանների, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, տարածքային կենտրոնների աշխատողներ, համայնքային ծառայողներ, բուժաշխատողներ, համայնքի մանկավարժներ, հոգեբաններ, սոցիալական աշխատանքի մասնագետներ, իրավաբաններ, ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն որոշ համայնքներում միայն համայնքապետարանի աշխատակիցներից է բաղկացած հանձնաժողովի կազմը:

Համայնքապետերը, որպես Խնամակալության և հոգաբարձության մարմին, չեն էլ ջանացել հանձնաժողովի կազմում ընդգրկել դպրոցի ուսուցիչներից գոնե մեկին կամ ամբուլատորիայի աշխատակցին, ովքեր երեխաների հետ աշխատելու փորձ ունեն և որոշ հարցերի վերաբերյալ կարող են տալ մասնագիտական կարծիք:

Made with Flourish

Արմավիրի մարզի Ամասիա համայնքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի բոլոր 3 անդամներն էլ համայնքապետարանի աշխատակիցներ են՝ բարձրագույն կրթությամբ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու միջնակարգ կրթություն ունեցող 2 մասնագետները: Նույնը Նորապատ համայնքի 5 անդամների դեպքում է: Այստեղ հանձնաժողովի անդամ են համայնքապետի տեղակալը, օգնականը, առաջին կարգի մասնագետը, գործավարն ու օպերատորը:

Դողս գյուղում հանձնաժողովի 5 անդամից բարձրագույն կրթություն ունի միայն մեկը՝ համայնքի ղեկավարը, մյուսները, ըստ մարզպետարանի տրամադրած տեղեկատվության, ունեն միջնակարգ կրթություն: Արաքս (Արմավիրի տարածք) համայնքում էլ հանձնաժողովի 5 անդամներից 3-ն ունեն միջնակարգ կրթություն: Վերջիններս ավագանու անդամներ են: Մյուս երկուսը՝ համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի համակարգչային օպերատորը, ունեն բարձրագույն կրթություն:

Մայիսյան համայնքում ևս համակարգչային օպերատորը, որը համայնքապետ Եսայի Մովսիսյանի կինն է, հանձնաժողովի կազմում է:

Երբեմն էլ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ ընդհանրապես կապ չունեն ոլորտի հետ: Օրինակ` հանձնաժողովի անդամն ունի բարձրագույն կրթություն, սակայն անասնաբույժ է:

Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արայիկ Հարությունյանն ասում է, որ նոր հանձնաժողովը ձևավորվել է մեկ տարի առաջ: Նախկինում բուժամբուլատորիայի բուժքույրը ևս հանձնաժողովի կազմում է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով այս անգամ չի ընդգրկվել:

«Գյուղը մոտ 1000 բնակիչ ունի, որից կեսն էլ ստեղ չեն: Մասնագետի կարիք ունենք: Գյուղի ուսուցիչների 80%-ն էլ այլ համայնքներից են գալիս և լավ ծանոթ չեն համայնքի բնակիչներին, հո նրանց հանձնաժողովի անդամ չենք դարձնի: Ասեմ ձեզ, որ սա երևելի եսիմ ինչ գործ չի, որ ուզենան ու մենք չընդգրկենք: Եթե մասնագետներ լինեն, որ կցանկանան, սիրով կընդգրկենք հանձնաժողովի կազմում»,-ասում է Ա. Հարությունյանը:

Հանձնաժողովի անդամի խոսքով՝ մարդիկ հաճախ չեն ուզում «իրենց անցավ գլուխը դնել քարի տակ» և հրաժարվում են հանձնաժողովի անդամ լինել: Այդ պատճառով էլ իրենք համայնքապետարանի աշխատողներից են անդամներ ընտրել:

Մարզի 97 համայնքից միայն Արմավիր քաղաքի, Արագածի, Գայի, Ծաղկալանջի, Ծիածանի, Դալարիկի, Արազափի, Մրգաշատի հանձնաժողովներում են ընդգրկված մանկավարժ-հոգեբաններ, իսկ Լեռնագոգում՝ հոգեբան:

Մարզի 97 հանձնաժողովների 522 անդամներից երբևէ վերապատրաստվել է 12-ը: Օրինակ՝ Արմավիր գյուղական համայնքի աշխատակազմի քարտուղարն ու նույն համայնքի հատուկ մանկավարժը, ովքեր հանձնաժողովի կազմում են, 6 օր վերապատրաստվել են 2017թ.-ին: Նույն թվականին են վերապատրաստվել նաև Մրգաստանի, Շահումյանի, Մյասնիկյանի հանձնաժողովի երկու անդամները: Միայն Ջրառատի համայնքապետարանի հանձնաժողովի 3 անդամներն են վերապատրաստվել վերջին տարիներին՝ 2019թ.-ին:

Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2020թ. ընթացքում մարզի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության վերաբերյալ դիմում-բողոքներ չեն ստացվել: Բացի այդ, 10 համայնքներում սեփական լիազորությունների կատարման նկատմամբ իրականացված իրավական հսկողության ընթացքում համապատասխան խմբերը տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների չպահպանման, թերի պահպանման դեպքեր չեն արձանագրվել:

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2021թ. ապրիլի վերջին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Պաշտպանին 2020թ. ընթացքում հասցեագրվել է 85 գրավոր և բանավոր բողոք՝ Երևանի տարբեր վարչական շրջանների և բոլոր մարզերի համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների՝ երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեության վերաբերյալ: Առավել շատ բողոքներ ստացվել են Արմավիրի և Լոռու մարզերից:

ՄԻՊ-ն արձանագրել է, որ 2020թ. ընթացքում չեն ձեռնարկվել գործուն միջոցներ՝ համայնքային մակարդակում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման, խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանը վերաբերող համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ։ Արդիական է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար պարբերական բնույթ կրող պարտադիր վերապատրաստումներ չիրականացնելու անթույլատրելի պրակտիկան:

Կամ գործառույթները վերցնել այս մարմիններից, կամ` ընդունել համապատասխան իրավական ակտեր

Փաստաբան Աշխեն Դաշյանն ասում է, որ շատ դեպքերում Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները չեն տիրապետում ոլորտի օրենսդրությանը: Իր փորձից օրինակ է բերում, երբ հանձնաժողովը ընտանեկան դատական վեճով նիստ է հարվիրել, որտեղ քննարկվել են երեխայի ու ծնողների իրավունքները: Հանձնաժողովի անդամը երեխայի հորը հայտնել է. «Երեխան մինչև 5 տարեկանը մամայինն է, դուք ի՞նչ իրավունք ունեք խնամքով զբաղվեք»: Փաստաբանը ցավալի է որակում իրականությունը, որտեղ հանձնաժողովի անդամը, որը պետք է եզրակացություն տա երեխայի իրավունքների վերաբերյալ, տեղյակ չէ ծնողական հավասար իրավունքների մասին, «Երեխայի իրավունքների մասին» օրենքին և Ընտանեկան օրենսգրքին: Նույն անդամները հաճախ մասնակցում են դատական նիստերի և հայտնվում «անհարմար» իրավիճակում:

Աշխեն Դաշյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատճառներից է նման կարեւոր գործառույթներով օժտված մարմնի համար պատասխանատվություն չսահմանելը:  Հանձնաժողովի անդամներն իրենց գործառույթների թերացման կամ անձանց պատճառված վնասների համար պատասխանատվություն չեն կրում, փոխարենը պատասխանատվություն է սահմանված համայնքի ղեկավարի համար: Մինչդեռ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, որպես առանձին մասնագետ՝ հոգեբան, մանկավարժ, իրավաբան կամ բժիշկ պետք է պատասխանատվություն կրի իր մասնագիտական գործառույթների թերացման համար:

Փաստաբանն ասում է, որ Խնամակալության և հոգաբարձության մարմինները քրեական վարույթում մասնակցում են որպես օրինական ներկայացուցիչ չունեցող անչափահաս տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչ, ինչը նշանակում է, որ նշված մասնագետը նախ պետք է որոշ չափով տիրապետի նման կարգավիճակ ունեցող անձանց իրավունքներին: Պետք է իմանա՝ ինչ իրավունքներ ունեն, որպեսզի կարողանա որպես անչափահաս տուժողի, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձի օրինական ներկայացուցիչ արձագանքել նախաքննական մարմնի թույլ տված խախտումներին, որպեսզի իր դերը կատարի այդ վարույթում:

Մեկ այլ դեպքում, օրինակ, Խնամակալության մարմինը գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր է կնքում իր իսկ նշանակած կառավարչի հետ` խնամարկյալի անշարժ և արժեքավոր շարժական գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում: Եթե պրոֆեսիոնալ մոտեցում չցուցաբերվի, ապա խնամարկյալը կարող է կորցնել իր արժեքավոր գույքը:

«Պետք է ասեմ, որ այս դեպքերով, որպես միտումնավոր չարաշահում, հարուցված քրեական գործեր կան: Այս անդամները պետք է վերապատրաստվեն: Հանձնաժողովի անդամները չեն ֆինանսավորվում, կամավոր հիմունքներով են ստեղծվում, գուցե նաև սա է պատճառը, որ ավելի շատ ջանք ու եռանդ չի ներդրվում»,-ասում է Աշխեն Դաշյանը:

Փաստաբանի խոսքերով՝ հանձնաժողովի անդամների ընտրության ժամանակ ցանկալի է հաշվի առնել հանձնաժողովի գործունեության բազմակողմանիությունը, գործառույթների առանձնահատկությունները, պահանջվող գիտելիքների և հմտությունների բնույթը։ Հանձնաժողովը պետք է ներառի տարբեր մասնագիտացումներ ունեցող անձանց, որոնց շարքում առավել կարևորվում են իրավաբանը, մանկավարժը, սոցիալական աշխատողը, հոգեբանը, բժիշկը և այլն: Պակաս կարևոր չէ հանձնաժողովի անդամների մասնագիտական որակները և համապատասխան գիտելիքները հավաստող փաստաթղթերի առկայությունը, որպեսզի հետագայում նրանց տված մասնագիտական եզրահանգումներն այդ հիմքով կասկածի տակ չդրվեն և արժանահավատ համարվեն:

Նշենք, որ Խնամակալության մարմիներն իրենց գործառույթների շրջանակում մեծ դեր ունեն նաև ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման և այն համապատասխան մարմիններ ներկայացնելու ժամանակ:

«Շատ լավ կլիներ, եթե հանձնաժողովի անդմաները չլինեին  համայնքի աշխատակազմից կամ Երևան քաղաքում վարչական շրջանի թապետարանի աշխատակիցներ, քանի որ այս դեպքում բոլորն ակամայից կախվածություն ունեն համայնքապետից կամ վարչական շրջանի ղեկավարից` որպես գործատու: Բնական է, որ որևէ հարց քվեարկելիս այն չի տարբերվի հանձնաժողովի նախագահի՝ վարչական շրջանի ղեկավարի կարծիքից: Եվ պատահական չէ, որ որևէ եզրակացություն կամ որոշում որպես բացառություն չենք տեսնի: Օրինակ` հատուկ կարծիք հանձնաժողովի որևէ անդամի կողմից, որը համաձայն չէ մյուսների հետ և չի քվեարկել, տվել է իր հատուկ կարծիքը»,-հավելում է փաստաբանը:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում վճռորոշ է հանձնաժողովի նախագահի ձայնը: Հանձնաժողովի անդամը հանձնաժողովի ընդհանուր դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում ունենալու դեպքում կարող է քննարկվող հարցի վերաբերյալ գրավոր ներկայացնել իր հատուկ դիրքորոշումը: Դաշյանի ասելով` նման բան երբեք չի լինում: Այնպիսի տպավորություն է, որ վեճի վերաբերյալ բոլորը նույն կերպ են մտածում: Սա այն դեպքում, երբ տարբեր մասնագետներ են հանձնաժողովում` հոգեբան, սոցիոլոգ, իրավաբան:

Փաստաբանը մի զավեշտալի դեպք պատմեց, երբ հանձնաժողովի լսման իրավազորությունն ապահովելու համար նիստին մասնակցել է համայնքապետարանի պահակը:

«Նկատի ունենալով նման դեպքերը` հանձնաժողովի նիստի բացումից առաջ մշտապես պահանջում եմ ներկայացնել անդամներին, նրանց պաշտոնները և մասնագիտացումը: Սա շատ կարևոր է, որպեսզի, օրինակ, հանձնաժողովի անդամը, որը հաստիքով վարչական շրջանի ղեկավարի քարտուղարն է կամ ընդունարանի աշխատակիցը, չտա հոգեբանական գնահատական երեխայի հոգեկան վիճակի վերաբերյալ: Մյուս դեպքում՝ հոգեբանը չտա իրավական գնահատական երեխայի իրավունքների վերաբերյալ, յուրաքանչյուր մասնագետ իր տիրույթում պետք է հարցը նայի և տա որակումներ»,-ասում է Աշխեն Դաշյանը:

Փաստաբանը եզրակացնում է` կամ պետությունը պետք է գործառույթները վերցնի այս մարմիններից կամ ընդունի հաապատասխան իրավական ակտեր, որոնք կերաշխավորեն ավելի պատասխանատու մոտեցում:

Լուսանկարը՝ mintrud.cap.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter