HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թեհրանը մտադիր չէ ստեղծել միջուկային զենք

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երդմնակալության պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ ստեղծել միջուկային զենք, ինչը տեղ չունի երկրի պաշտպանական ռազմավարության մեջ։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։ 

«Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ է և համաձայն, Գերագույն առաջնորդի ֆաթվայի, միջուկային զենքն արգելված է և տեղ չունի Իրանի պաշտպանական ռազմավարության մեջ»,- Ռայիսիի խոսքերը մեջբերել է IRIB պետական հեռուստատեսությունը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ օգոստոսի 5-ին Իրանում կայացել է նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն կայացել է Իրանի խորհրդարանի շենքում, որին մասնակցել են Իրանի դատական և օրենսդիր իշխանության ղեկավարները, բարձրաստիճան զինվորականներ, աշխարհի 80 երկրներից ավելի քան 200 հյուրեր։ Օգոստոսի 3-ի առավոտյան էլ կայացել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի կողմից Ռայիսիի հաստատման արարողությունը։

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

Ներկայումս Վիեննայում բանակցություններ են ընթանում Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման և Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների վերացման հարցերի ուղղությամբ։ Հունիսի 20-ին ավարտվել է բանակցությունների վեցերորդ փուլը։ Բանակցող կողմերը, գրեթե 90 %-ով, հասել են 2015 թվականին ձեռքբերված պայմանավորվածությունների վերականգնման որոշման ընդունմանը։

Լուսանկարը՝ vocaleurope.eu-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter