HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը

Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագիծը ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանը, ասելով, որ առաջարկում են ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ: ՔՊ-ն առաջարկում է Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կիսել և ձևավորել 2 հանձնաժողով:

«Այս կարգավորման հիմնական նպատակը նշված հանձնաժողովներից  յուրաքանչյուրի նախնական քննարկմանը վերապահված օրենսդրական ակտերի քննարկման և խորհրդարանական վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումն է»,-ասաց Վարդանյանը:

ՔՊ-ի նախագիծը ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաև` Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները ձևավորվում են 7-րդ գումարման ԱԺ-ում գործող Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ:

«Այս կարգավորման հիմնական նպատակը նշված հանձնաժողովներից  յուրաքանչյուրի նախնական քննարկմանը վերապահված օրենսդրական ակտերի քննարկման և խորհրդարանական վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումն է»,-ասաց նա:

ՔՊ-ի առաջարկած հանձնաժողովներն են`

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 10 անդամով:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 9 անդամով:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով:

Մարդու իրավունքների պաշտպանության  և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամով:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության  և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով:

Սամանադրության համաձայն՝ հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

«Հաշվի առնելով, որ ՔՊ-ն ունի 71 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 29 անդամ, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7  անդամ՝ նախագծով առաջարկվում է մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների թիվը՝ նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաև՝ այն հաշվարկով, որ ՔՊ-ն և «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ ԱԺ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա 1 անդամ առաջադրելու իրավունք»,-ասաց Վարդանյանը:

ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման որոշման նախագիծ կարող են ներկայացնել խմբակցությունները: Բացի իշխող խմբակցության նախագծից, մեկ այլ նածագծով են հանդես եկել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

Այս երկու խմբակցությունների նախագծերը ներկայացրեց պատգամավոր Հայկ Մամիջանյանը: ՔՊ-ի համեմատությամբ տարբերությունն այն է, որ ընդդիմությունն առաջարկում է ձևավորել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Ըստ նախագծի` այդ հանձնաժողովն է քննելու Հայաստանի կողմից Արցախին տրամադրվող աջակցություն (ֆինանսական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հումանիտար, սոցիալական և այլ բնույթի), Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, տնտեսական կապերի, տարածաշրջանային անվտանգության, Արցախի Ազգային ժողովի հետ համագործակցության, միջխորհրդարանական կապերը, և այդ ոլորտները կարգավորող օրենքները (8 անդամով):

Ընդդիմությունն առաջարկում է նաև անփոփոխ թողնել Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կառուցվածքը:

«Անհրաժեշտ է կարգավորել Մինսկի խմբի շրջանակներում մինչև 2020 թվականի պատերազմը մշակված ձևաչափի կարգավորման սկզբունքների ու տարրերի շրջանակ վերադարձումը, Արցախում ռուս խաղաղապահների համար ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակի ապահովումը՝ մինչև միջազգային իրավունքի շրջանակում համակարտության լիարժեք կարգավորումը Արցախում նրանց շարունակական ներկայությունն ապահովելու համար»,-ասաց Մամիջանյանը:

Ըստ նրա` հանձնաժողովը անհրաժեշտություն է նաև Արցախի ենթակառուցվածքների վերականգնման և անվտանգության ապահովման լայնածավալ ծրագրերի մշակման և իրագործման, դրանում օրենսդրության լրամշակման անհրաժեշտ կետերի, Արցախի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության ապահովման համար:

Հանձնաժողովի գործունեության տիրույթում է լինելու նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, Արցախի ու Ադրբեջանի միջև սահմանազատումների իրականացման միջազգային նորմերի և պրակտիկայի կիրառման ուսումնասիրությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter