HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ջրամբարներում առաջացել է դեֆիցիտ․ Սևանից նախատեսվածից 75 մլն մ3 ավելի ջուր բաց կթողնվի

Կառավարությունն օգոստոսի 6-ի նիստում որոշեց Սևանա լճից 2021 թվականի բացթողման 170 մլն մ խորանարդ չափաքանակը դարձնել մինչև 245 մլն մ խորանարդ՝ հողերին մատակարարվող ոռագման ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով։

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան:

Կառավարությունն անհրաժեշտ է համարում փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2021 թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 245 մլն մ3:

Գործադիրն ակնկալում է այսպես մեղմել Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտը և բարձրացնել ջրապահովվածությունը: Կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունը համարեց անհետաձգելի և հավանություն տվեց նախագծի ընդունմանը։

Շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ՝ Սևանա լճից իրականացվել է պլանավորածից շուտ ջրի բացթողումներ։

Սևանա լճից 2021թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10 օր շուտ, և այդ ընթացքում արդեն իսկ իրականացվել է 19 մլն մ3 ջրառ:

Կառավարությունը նշում է, որ Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներից չնախատեսված ջրալրում իրականացնելու պատճառով 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 մլն մ3  ջրի դեֆիցիտը:

Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող հինգ ջրօգտագործողների ընկերություննեի պայմանագրերով հաստատված 31.4 հազ հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում Հրազդան գետի ջրատվությունն 2021թ. ամբողջ ոռոգման ժամանակահատվածում պլանավորվել է շուրջ 170 մլն մ3 (վերջին 4 տարիների միջին ջրատվությունը կազմում է 190.8 մլն մ3 ), սակայն ինչպես փաստացի իրավիճակը, այնպես էլ գետերի բազմամյա ջրագրության տվյալները վկայում են, որ նման տարում գետից հնարավոր կլինի վերցնել ընդհամենը 116 մլն մջուր, որը նախատեսվածից պակաս կլինի շուրջ 54 մլն մետր խորհանարդով և կառաջացնի դեֆիցիտ:

Գործադիրը հայտնում է, որ, չոր եղանակով պայմանավորված, բույսի ջրապահանջը ջրի նկատմամբ ավելացել է շուրջ 20%-ով, կրճատվել է նաև ջրման ռեժիմը, տևողությունը:

Մխչյանի և Ռանչպարի պոմպակայաններով, կախված իրենց տեխնիկական վիճակից և մղման խողովակաշարեի խիստ մաշվածությունից, 2021թ. ոռոգման շրջանում պլանավորվել էր արտադրել շուրջ 14.8 մլն մ3 ջուր, սակայն սակավաջրությամբ պայմանավորված անհրաժեշտությունից ելնելով, որն իր մեջ պարունակում է մեծ ռիսկեր, նախատեսվել է  լրացուցիչ արտադրել ևս 22.1 մլն մ3  ջուր:

Պոմպակայանների լրացուցիչ աշխատանքի դեպքում  կծախսվի նախատեսվածից շուրջ 11 կՎտ/ժ ավել էլէներգիա, որն իր հերթին կառաջացնի շուրջ 450 մլն դրամի ծախս:

Այսպիսով, 2021 թվականին արդեն իսկ կնքված պայմանագրերով 31.4 հազ հա և կանխատեսվող 3-3.5 հազ. հա աշնանացանի ոռոգման համարհամակարգի ջրի դիֆիցիտը կկազմի՝

  • Հրազդան գետից՝ շուրջ 54 մլն մ3 ,
  • Ազատի, Ապարանի և Մարմարիկի ջրամբարներից՝ շուրջ 21.43 մլն մ

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, ասաց, որ պետական մարմիններն իրեն զեկուցել են, թե այս տարի Սևանում լինելու է ջրի աննախադեպ բարձր մակարդակ, և ոռոգման սեզոնի ժամանակ իրականացված քննարկումների արդյունքում ինքը տվել է հանձնարարականներ, սակայն այժմ հայտնում են, որ օրենքով նախատեսված ջրի բացթողման ծավալը օրեր հետո կավարտվի։ 

«Այդ կանխատեսումներն անում են նույն պետական մարմինները, որոնք 2 ամիս առաջ ուրիշ բան էին կանխատեսում, 4 ամիս առաջ՝ ուրիշ։ Այս երկու հարցի պատասխանն ո՞վ ունի։ Այն ժամանակ զեկուցում եք՝ Սևանա լճում ունենալու ենք աննախադեպ բարձր մակարդակ, էն ժամանակ չգիտեի՞նք, որ ամառ ա գալու, ոռոգում է լինելու։ Եվ երկրորդը՝ հուլիսի 2-ին կայացրած որոշումը ինչու է իրականություն դառնում էլի վերջին պահին, ափալ-թափալ՝ առանց պատշաճ հանրային քննարկումների»,- հարցրեց վարչապետը։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ դեռևս մարտ-ապրիլ ամիսներին իրենց կանխատեսումներով հայտնել են, որ այս տարի վերջին 60 տարիների համամետ ամենաբարձր մակարդակին է Սևանը հասնելու և կանխատեսումների համաձայն՝ հունիսի 30-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը պետք է հասներ 191 մետր բաձարձակ նիշին։

«Խնդիրը պարզապես նրանում է, որ այս տարի ջրառը 12 օր առաջ իրականացրինք՝ պայմանավորված աննախադեպ բարձր ջերմային ֆոնով։ Կանխատեսվել էր, որ ջերմային ֆոնը կլիներ բարձր, բայց որ այս չափ, ամենաշոգ ամառը կլիներ, ցավոք սրտի, չէր կանխատեսվել»,- նշեց նախարարը։

Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ 4 սմ-ով ցածր է, օրենքով թույլատրելի 170 մլն մ3 իրականացված ջրառի պաշարից արդեն իսկ սպառվել է 157 մլն մ3-ը։

«Կարծում եմ, որ այս իրավիճակի նկարագրությունը ժամանակին տվել է Ուինսթոն Չերչիլը՝ ասելով, որ լավ քաղաքական գործիչ է նա, ով կանխատեսում է, թե ինչ է տեղի ունենալու, ասենք՝ 4 ամիս հետո, հետո բացատրում է, թե ինչու դա տեղի չունեցավ։ Հիմա մենք շատ լավ բացատրում ենք, թե ինչու դա տեղի չունեցավ։ Մենք կանխատեսելու շատ լուրրջ պրոբլեմներ ունենք՝ սկսած բյուջեի եկամուտներից, ամեն ոլորտում»,- ասաց Փաշինյանը։

Չնայած ծավալված քննարկմանը՝ կառավարությունը կողմ քվեարկեց որոշման նախագծին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter