
Աննա Մկրտչյանը «կապիտուլյանտ Նիկոլը» բառերի համար զրկվեց ձայնի իրավունքից
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժ կիրառեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ` զրկելով նրան ձայնի իրավունքից: Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ձևավորման հարցի քննարկմանը Մկրտչյանն իր ելույթում մի քանի անգամ կրկնեց` «ձեր Նիկոլը»:
Նիստը վարող Հակոբ Արշակյանը նրան կոռեկտության կոչ արեց, սակայն նա նորից կրկնեց, ապա ասաց` «կապիտուլյանտ Նիկոլը»: Նիստերի դահլիճ եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և կարգադրեց քարտուղարությանը պատգամավորի խոսափողն անջատել: Ըստ նրա` Աննա Մկրտչյանն իր բառամթերքով արդեն մի քանի օր է փորձում է աչքի ընկնել:
«Ես Ձեզ արգելում եմ էդ բառապաշարով էստեղ խոսել, այո', ես նման իրավունք ունեմ: Եթե ուզում եք աչքի ընկել, աչքի ընկնելու շատ ձևեր: Զբաղեցրեք Ձեր տեղը, անջատել եմ Ձեր խոսափողը»,-ասաց նա:
Մկրտչյանը շարունակում էր անջատված խոսափողով խոսել: Սիմոնյանը հորդորեց զբաղեցնել տեղը, այլապես ներս կհրավիրի անվտանգության աշխատակիցներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել