HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրացման գոտում մնացած տան բնակիչների կյանքին վտանգ է սպառնում․ 33-րդ թաղամասի քանդման աշխատանքները մեկնարկել են

Հանրապետության նրբանցք 19 հասցեի տունը «Ֆիրդուս» թաղամասի կառուցապատման համար գերակա շահ ճանաչված տներից մեկն է։ Տան հարևանությամբ այսօր քանդման աշխատանքներ են ընթանում, սակայն կառուցապատողները դեռևս կապ չեն հաստատել սեփականատիրոջ՝ Գարեգին Թորոսյանի հետ և օտարման պայմանագիր չեն կնքել։

Կառավարության որոշման հավելվածում Հանրապետության նրբանցք 19 հասցեն ներառվել է «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ի և «Ադանա» քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լոտերում։ «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն, հիշեցնենք, «Գլենդել հիլզ»-ի «քույր» ընկերությունն է, իսկ «Ադանա քոնսթրաքշն» ՍՊԸ-ն 100 տոկոս բաժնեմասով Էդուարդ Մելիքյանի անվամբ է ձևակերպված։  

Թորոսյաններն անորոշության մեջ են, հարևանությամբ իրականացվող իրացման աշխատանքների պատճառով նրանց տունը վնասվում է և կորցնում իրական արժեքը։ Թորոսյանները կարծում են, որ դա միտումնավոր է արվում՝ իրենց գույքն արժեզրկելու և էժան գնով ձեռք բերելու համար։

Գարեգին Թորոսյանը 67 տարեկան է։ Ծնվել և մեծացել է Ֆիրդուս թաղամասի այս տանը, որը ժառանգել է պապից, այդտեղ է ապրել նաև հայրը՝ Սամսոնը։ Թորոսյանների ընտանիքը 260 քմ տարածքի սեփականատեր է, որից 107,7-ը բնակելի է։ Նրանք այժմ տան 3 սենյակը չեն կարողանում օգտագործել, քանի որ քանդված շինությունների և տարածքից ջրահոսքերի պատճառով պատերը խոնավացել են ու փլուզվել տան մահճակալների վրա։ Դրսի ցանկապատերը ճաքեր են տվել շինաշխատանքների հետևանքով։

Թորոսյանների ընտանիքի փաստաբան Մկրտիչ Դավթյանը եկել է` իր պաշտպանյալների շահերը պաշտպանելու։ Ահազանգել և հրավիրել է նաև ոստիկանության աշխատակիցներին, ներկայացնում է իրավիճակը։ Ոստիկանության մայորն արձանագրություն է կազմում, սակայն թե ինչ ընթացք կստանա, դժվարանում է ասել։ Եթե գույքային վնաս կա, գուցե այլ ընթացք ստանա, քրեական գործ հարուցվի, եթե չկա, ամենայն հավանականությամբ, գործը կփակվի։ Փաստաբանը հաստատում է՝ կա գույքային վնաս։

Փաստաբան Դավթյանը կառուցապատող ընկերության այս վերաբերմունքն իր պաշտպանյալների դեմ ներկայացված հայցին համարժեք է համարում։ Այդ հայցով տարիներ առաջ կառուցապատողը դիմել է դատարան՝ Թորոսյաններին վտարելու և «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը ճանաչելու հայցով։ Որպես ապացույց օտարման անստորագիր պայմանագիր են ներկայացրել դատարանին։ Այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչպես է «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն առհասարակ աշխատում։ Դատարանը մերժել է ընկերության հայցը։

Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալուց հետո փաստաբանը գրավոր նամակով առաջարկել է բանակցել և ողջամիտ՝ շուկայական գնով փոխհատուցում տալ ու ձեռք բերել իր վստահորդների գույքը։ Առ այսօր որևէ պատասխան ընկերությունը չի տվել։  

«Իրացրել են այս տան կողքի բոլոր տները։ Իրենց գործողություններով երկու նպատակ ունեն՝ այնպիսի պայմաններ ստեղծել, որ այս մարդիկ ստիպված համաձայնեն իրենց առաջարկած պայմաններին ու դուրս գան, այլապես այս վիճակում ապրելն անհնար է»,- ասում է Մկրտիչ Դավթյանը։

Փաստաբանը նշում է, որ շինաշխատանքների պատճառով կոյուղին քանդել են, ջուրը լցվում է կոյուղու փոսի մեջ։ Խմելու ջուրը նույնպես վնասել էին, և միայն իրենց պահանջով են երեկ վերականգնել։ Ուզում են վերամբարձ կռունկ տեղադրել, սակայն սեփական տան կողքին, որտեղ մարդիկ են ապրում, վերամբարձ կռունկ տեղադրելը փաստաբանը խիստ վտանգավոր է համարում։

«Այս մարդկանց անվտանգությանը՝ կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։ Ես պահանջում եմ, որ ապահովեն այս մարդկանց անվտանգությունը, թող դադարեցնեն շինարարությունը, օրենքով սահմանված կարգով տան փոխհատուցումը՝ շուկայական գնին համարժեք, գումարած 15 տոկոս, որից հետո մարդիկ ողջամիտ ժամկետում դուրս գան, իրենք էլ սկսեն իրացումը»,- ասում է փաստաբանը։

Վերջինս կանխարգելիչ միջոցների է դիմել։ Հաղորդում է տվել ոստիկանություն, ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանին, զանգահարել է արտակարգ իրավիճակների նախարարություն։ Հուլիսի 26-ին դիմել է Երևանի քաղաքապետին, ահազանգը դեռևս քննության փուլում է։  Քաղաքապետարանից փաստաբանը պահանջել է օրենքի սահմաններում պարտավորեցնել իրացնել տվյալ հասցեն, քանի որ այն նույնպես գերակա շահ ճանաչված տարածքում է, մարդկանց փոխհատուցել, հետո թույլատրել քանդման աշխատանքներ իրականացնել։

19 հասցեի անմիջական հարևանությամբ քանդման աշխատանքներ են ընթանում։ «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ի պաստառներով տարածքը սահմանազատված է։ Շինարարական ընկերության ներկայացուցիչներից հարցնում ենք, թե որտեղ է օրենքով սահմանված տեղեկատվական պաստառը, որտեղ գրված պետք է լինի կառուցապատողի անվանումն ու փակցված` համապատասխան թույլտվությունները։ Ասում են՝ «բուդկայի» մեջ է՝ աշխղեկի մոտ։

Հանրապետության 46 հասցեի հուշարձան շենքի մոտից մուտք ենք գործում քանդվող տարածք, որտեղ աշխղեկն է։ Ռաֆիկ Հարությունյանը ցույց է տալիս քանդման թույլտվությունները, սակայն ասում է, որ պաստառը դեռ պատրաստ չէ, շուտով կլինի։ Քանդման թույլտվություն տարածքի համար հուլիսի 28-ի թվագրմամբ ստացել է «Ադանա քոնսթրաքշն» ՍՊԸ-ն՝ երեք տեղամասում քանդման աշխատանքներ իրականացնելու համար՝ Հանրապետության նրբ․ 21 բնակելի տունը, 21/9 օժանդակ շինությունները, 21/3 հասարակական տարածքը։

Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ «Ադանա քոնսթրաքշն» ՍՊԸ-ն «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ի իրավահաջորդն է։

«Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն 1,2 մլրդ դրամի հարկային պարտավորություններ ունի, և չկատարված հարկային պարտավորությունները գանձելու որոշում է կայացվել։ Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող ողջ գույքի վրա արգելանք է դրված։

«Ադանա» քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սեփականատեր Էդուարդ Մելիքյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ընկերության ներկայացուցիչն ասաց՝ հարցերը գրավոր ուղարկեք, ինչը և արեցինք։ Պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Գրիգոր Ավետիսյան
Նախկին իշխանությունների օրոք անգամ դադարեցվել էր ,,գերակա շահերի,, անվան տակ քաղաքի հնաբնակների ապօրինի վտարումը: Հիմա արդեն պարզապես քանդում են տները, ինչ է շուկայական արժեքը չվճարեն: Կրկին եվրոդատարաններում պետք է պաշտպանվեն Հայաստանի քաղաքացու օրինական իրավուները?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter