
Վրաստանը չի նախատեսում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
Վրաստանը չի պատրաստվում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, սակայն երկիրը պատրաստ է քննարկել փոխգործակցությունը տնտեսական և հումանիտար հարցերում։ Պատճառը Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողներին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք ունենք հստակ որոշված քաղաքականություն այդ հարցերի հետ կապված։ Կան կարմիր գծեր, որոնք կապված են ապաբռնազավթման և Արևմուտքի հետ մեր ինտեգրման հետ։ Այդ կարմիր գծերի շրջանակներում կարելի է ամեն ինչ քննարկել, բայց մենք չենք կարող խոսել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին»,- նշել է Կոբախիձեն։
Նա հավելել է, որ Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել առևտրային, տնտեսական և հումանիտար հարաբերությունների խորացումը։
«Ինչ վերաբերում է առևտրային, տնտեսական, հումանիտար հարցերին, ապա դրանց հետ կապված մենք միշտ ունեցել ենք երկխոսություն, և այն կարող է շարունակվել»,- եզրափակել է Կոբախիձեն։
Նախօրեին, ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է վերականգնել երկկողմ հարաբերությունները Թբիլիսիի հետ այն մակարդակի, որին պատրաստ է վրացական կողմը։
2008 թվականի սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ վերջինիս կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով։ Դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կպահպանի հյուպատոսական հարաբերությունները հյուսիսային հարևանի հետ։ 2009 թվականի մարտից Թբիլիսիում տեղակայված Շվեյցարիայի դեսպանատանը գործում է ՌԴ շահերի բաժին, որտեղ աշխատում են ռուսական դիվանագետներ և տեխնիկական անձնակազմ։ Վրացական շահերի բաժինն էլ գործում է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատանը։
Լուսանկարը՝ sova.news-ից
Մեկնաբանել