Էջմիածնում կատարված ավազակության գործով հետախուզում է հայտարարվել
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Էջմիածնում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 52-ամյա բնակիչը մուտք էր գործել «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութ, հետևից ծածկել խանութի մուտքի մետաղյա դուռը և վաճառողուհու նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ դանակով և ձեռքերով հարվածներ էր հասցրել վերջինիս գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարաբնույթ մարմնական վնասվածքներ, որից հետո խանութի դրամարկղից վերցրել էր գումար և դիմել փախուստի՝ իր հետ վերցնելով նաև աշխատակցուհու բջջային հեռախոսը:
«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Էջմիածնի 52-ամյա բնակչին որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել