Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն Անդրանիկ Քոչարյանն է
Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Անդրանիկ Քոչարյանն է: Այս մասին ԱԺ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Հիշեցնենք, որ նա նախորդ գումարման խորհրդարանում ևս զբաղեցնում էր այդ պաշտոնը:
Քոչարյանի կենսագրական տվյալները ներկայացրեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնեց, որ երեկ խմբակցության մի խումբ պատգամավորներ եղել են Տավուշի մարզում, և բնակիչներն այն դիրքորոշման են, որ թույլ չեն տալու մարզից որևէ տարածք զիջել: Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե իշխող մեծամասնության ներկայացուցիչն ինչ տեսակետ ունի Տավուշում առկա անկլավների ճակատագրի վերաբերյալ:
Արմեն Խաչատրյանն արձագանքեց` ընդունելի չի համարում որևէ տարածքի հանձնում Ադրբեջանին, հետևաբար Հայաստանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները նման իրավիճակներից խուսափելու համար:
Նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց` հանձնաժողովի նախագահի վերարտադրություն է տեղի ունենում: Արմեն Խաչատրյանը կոչ արեց կադրային վերարտադրությունը չդիտարկել վատ երևույթ:
«Եթե մարդը հետագիծ ունի, ավելի է ամրապնդում իր մասնագիտական որակները»,- ասաց նա:
Մինասյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք իշխող ուժի ներկայացուցիչը ցանկություն չի ունեցել պարտությունից հետո հրաժարականի դիմում ներկայացնել:
Խաչատրյանը վստահեցրեց` հրաժարականի մասին չի մտածել, ապա հավելեց` խորհրդարանն, ըստ իրեն, յուրովի խրամատ է, որը լքել չի կարելի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել