Ա․ Գրիգորյանը Ս․ Զասին է ներկայացրել ադրբեջանցիների՝ Սյունիք և Գեղարքունիք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությունը
Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 9-ին նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
«Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։
Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծել է ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրել, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել