HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լրագրողի բրոնզաձույլ արձանը գողանալու մեջ մեղադրվողը հացադուլ է հայտարարել

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Ավետիք Ավետիսյանը՝ երեք օր է՝ հացադուլ է հայտարարել, ասում է՝ իրավապահ մարմիններն իր նկատմամբ անարդար ու խտրական վերաբերմունք են ցուցաբերում։

Ավետիսյանը մեղադրվում է Երևանի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող, լրագրողի բրոնզաձույլ արձանը գողանալու մեջ։

Մեզ հետ զրույցում Ավետիսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանն ասաց, որ գողություն կատարելու հանգամանքը Ավետիսյանն ընդունում է, խոստովանական ցուցմունք է տվել, հայտնել նաև գողոնի գտնվելու վայրը, որից հետո իրավապահներն այն առգրավել են։ Այսինքն՝ Ավետիսյանը պնդում է, որ ինքն օժանդակել է հանցագործության բացահայտմանը, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել և իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Թամարա Բաղդասարյանի խոսքով՝ հացադուլ հայտարարած իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք առերևույթ ընդգրկված են Կառավարության՝ պատիժ կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում։ Պաշտպանը դեռևս ապրիլ ամսին միջնորդել է դատաբժշկական փորձաքննություն նշանակել՝ այս հանգամանքը հավաստելու համար, սակայն փորձաքննության նշանակումը հետաձգվել է այն  հիմնավորմամբ, թե անհրաժեշտ է նոր հանգամանքներ պարզել։ Փորձաքննություն իրականացվել է միայն հուլիս ամսին, սակայն այս պահին դեռևս եզրակացություն չի տրվել։

Նշենք, որ Ավետիսյանին կալանավորելու որոշմամբ դատարանն արձանագրել է նրա կողմից նոր հանցանք կատարելու ռիսկ։ Ավետիսյանը այժմ մեկ այլ գործով ևս մեղադրյալի կարգավիճակ ունի, մեղադրվում է մի քանի դրվագ գողություն կատարելու մեջ, սակայն պնդում է, որ մեկ այլ գործով մեղադրյալ լինելը հիմք չէ՝ իրեն կալանավորելու համար, դատարանում քննվող գործով ինքը թեև մեղադրյալի կարգավիճակ ունի՝ մեղավորությունը օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված չէ, ուստի պետք է հարգել իր անմեղության կանխավարկածը։

Պաշտպանի խոսքով՝ անձն, ում հետ, ըստ մեղադրանքի, Ավետիսյանը կատարել է արարքը, ազատության մեջ է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Թամարա Բաղդասարյանը նաև բարձրաձայնում է այն մասին, որ իր պաշտպանյալին ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել, քան նա կատարել է։ Մասնավորապես՝ Ավետիսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ առանձնապես խոշոր չափի գողություն կատարելը, սակայն փորձագետի եզարակացության համաձայն՝ գողոնի գումարը՝ արձանի ոտքերը,  107  հզ դրամ է։ Այս չափն, ըստ Քրեական օրենսգրքի՝ ոչ թե առանձապես խոշոր, այլ զգալի չափ է համարվում։

«Իրենք  ոտքերն են  գողացել, բայց մեղադրվում են ամբողջական արձանը գողանալու մեջ»,- ասում է Թամարա Բաղդասարյանը։

Նշենք, որ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն՝ բացի այս գործերից՝ Ավետիսյանը տարիներ առաջ մեղադրվել է  նաև շորթում կատարելու մեջ, սակայն արդարացվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter