Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում պարզվել և հիմնավորվել է, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարը, օգտագործելով Գորիս համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունենալու հանգամանքը, 2021թ. հունիսի 8-ին զանգահարել և պարտադրել է համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին՝ անձամբ և աշխատակիցների հետ մասնակցել 2021թ. հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք նախընտրական քարոզչությանը:
«Այնուհետև, նշված ուսումնական հաստատության տնօրենը և մի քանի աշխատակիցներ համայնքային իշխանության մարմինների կողմից ոչ բարեհաճ վերաբերմունքին չարժանանալու համար, հարկադրված մասնակցել են հիշյալ դաշինքի կողմից կազմակերպված հանրահավաքին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել