Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Վահե Հակոբյանն է
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Հակոբյանը 2016- 2018 թվականներին եղել է Սյունիքի մարզպետ: 2018-2021 թվականներին եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ )ՓԲԸ խորհրդի անդամ, անդամակցությունը դադարեցրել է պատգամավոր ընտրվելուց հետո:
«Համոզված ենք, որ կունենանք ի դեմս ընդդիմության ներկայացուցչի, ակտիվ, բոլոր հնարավոր տեսակետները ներառող, քննարկումների կազմակերպման համար պատասխանտու հանձնաժողով և խորհրդարանական վերահսկողական գործառույթը կաշխատի ավելի արդյունավետ»,-ասաց Մինասյանը:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ըստ Վիքիպեդիայի տվյլաների, Հակոբյանը եղել է ՀՀԿ Սյունիքի տարածքային գրասենյակի ղեկավար, արդյոք Մինասյանը տեղեկություն ո՞ւնի վերջինս երբ է դուրս եկել ՀՀԿ-ից և ինչու: Արծվիկ Մինասյանն արձագանքեց` այդ հարցին ավելի հանգամանալից կպատասխանի ինքը՝ Վահե Հակոբյանը: ԱԺ փոխխոսնակը անդրադարձավ նաև ԶՊՄԿ-ում Վահե Հակոբյանի առնչությանը` ասելով, թե մտավախություն չկա արդյոք, որ վերջինիս ընտրվելու դեպքում շահերի բախում կարող է առաջանալ:
Մինասյանը պատասխանեց` շահերի բախման դեպքերը կանոնակարգվում են ԱԺ կանոնակարգ-օրենքով, և համապատասխան դեպքերի պարագայում՝ կարող է քննարկվել թե՛ պատգամավորի, թե՛ հանձնաժողովի վարքագիծը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել