
Վահե Հակոբյանը` իշխանությանը. «Ինչ-որ բան գտնեք հայտարարագրից դուրս, ձերն է»
ՀՀԿ-ում անդամակցությունս դադարեցրել եմ 2018 թվականի հուլիսին:
Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, ում թեկնածությունն է քննարկվում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը խնդրեց պարզաբանել, թե ինչու է վերջինս դուրս եկել ՀՀԿ-ից։
«Եթե չեմ սխալվում 2018-ի հուլիսն այն ժամանակահատվածն էր, երբ շատերն էին լքում ՀՀԿ-ն, քանի որ ՀՀԿ-ն կորցրել էր իշխանությունը»,-ասաց Ռուբինյանը:
Վահե Հակոբյանն արձագանքեց` այլևս չէր ուզում զբաղվել քաղաքականությամբ։
«Ու հետո դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն, հարգելի գործընկերներ»,- ասաց Հակոբյանը` դիմելով քաղաքական մեծամասնությանը:
ՔՊ-ական Սարգիս Խանդանյանն ասաց, որ Վահե Հակոբյանի գույքի և եկամուտների հայտարարագիրն այս խորհրդարանում ամենատպավորիչներից է։
«Դուք հայտարարագրել եք բնակարան Իսպանիայի Ալիկանտե քաղաքում, 2 բնակարան հարևանությամբ` Դեմիրճյան փողոցում, ավտոկայանատեղիներ, տուն և հողամաս Վահագնի թաղամասում, մի շարք տրանսպորտային միջոցներ, 8 միլիոն դրամը գերազանցող մի շարք գույք և բավականին դրամական միջոցներ»,- ընթերցեց հայտարարագրից Խանդանյանը` հետաքրքրվելով, թե ո՞րն է վերջինիս հաջողության գաղտնիքը:
Հակոբյանն արձագանքեց` երբ լքել է պետական ծառայությունը, սկզբում պայմանագրային եղանակով աշխատել է «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ում, ապա դարձել է թիմի անդամ:
«Ինձ մոտ հայտարարագրում ինչ կա, դա է, ասեմ ավելին` Ձեր նշած երկու բնակարանները 100%-անոց վարկ են, Իսպանիայի տունն էլ 80%-անոց վարկով ձեռքբերված գույք է: Երեք տարի է Ձեր թիմը, ուժային համակարգը փորձում է ինչ-որ բան գտնել: Ինչ-որ բան գտնեք հայտարարագրից դուրս, ձերն է»,- ասաց Վահե Հակոբյանը:
Նախորդ գումարման տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե ընդդիմադիր պատգամավորը իշխանության լինելու դեպքում ի՞նչ ընթացիկ ծախսեր կկրճատեր, որոնք էական ազդեցությոuն կունենային բյուջետային ծախսերի վրա: Հակոբյանն արձագանքեց` անարդյունավետ ծրագրերը, սուբսիդավորումները:
«Մենք էսօր էն վիճակում չենք, որ կարող ենք թույլ տալ ինչ-որ տեղեր սուբիսադավորումեր անել ու հետևից չգնալ, բայց Ձեզ հետ համաձայն չեմ, որ մեզ չի սպառնում սոցիալական ճգնաժամ: Տեսեք՝ ինչքան կարող է ԿԲ-ն ինտերվենցիաներ անել, ու այո, եթե այսօր ոչ շատ վատ վիճակում ենք, այդ թվում ԿԲ-ի ջանքերի շնորհիվ է: Իմ հիշողությամբ՝ 3-4 ինտերվենցիա է եղել, ևս մեկ բնական ինտերվենցիա եղավ ընտրությունների ժամանակ»,-ասաց Վահե Հակոբյանը:
Ըստ Հակոբյանի` դրամի կայունության վրա ազդեցություն է ունեցել նաև պատվաստումների նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը, սակայն նա ընդգծեց` սեպտեմբերին իրավիճակն այլ է լինելու:
Բաբկեն Թունյանն արձագանքեց` դրամի վերջին արժևորումը ԿԲ ինտերվենցիաներվ չի պայմանավորված, ավելին` ԿԲ-ն հակառակ ինտերվենցիան է կատարել:
«Շուկայից մարդիկ դոլար են հավաքել, որովհետև չափից արագ էր արժեզրկվում, և համոզված եմ, որ արտարժույթի առումով խնդիր չենք ունենա` հենց նույն պղնձի գների աճով պայմանավորված»,-ասաց նա:
Մեկնաբանել