HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՊՆ, ԱԱԾ, ՊԵԿ. ինչպես են պետական մարմինները «տեղավորվել» խոշոր հարկատուների ցանկում 

ՊՆ աշխատակազմը, ԱԱԾ-ն և ՊԵԿ-ը այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած և առավել բարձր հորիզոնականներ զբաղեցրած պետական մարմիններն են:

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի բարձր հորիզոնականներում կարելի է հանդիպել մի շարք պետական մարմիների: Այս տարվանից Պետական եկամուտների կոմիտեն փոխել է խոշոր հարկատուների ցանկի կազմման մեթոդաբանությունը և պետական մարմիններին ներառել է բիզնես հատվածի հարկ վճարողների շարքերում: Զուգահեռ նույն տրամաբանությամբ վերահաշվարկել և ներկայացրել է նաև 2020 թվականի խոշոր հարկատուների ցանկերը, որպեսզի համեմատության բազա ստեղծվի:

Պետական մարմինները գլխավորապես իրենց վճարած եկամտային հարկի հաշվին են հայտնվել խոշորների կողքին, որոնք հիմնականում գոյանում են աշխատավարձերից: Հետևաբար, ավելի բարձր հորիզոնականներում են ավելի մեծ աշխատակազմ ունեցող պետական մարմինները:

Արդյունքում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ»-ը այս տարվա առաջին կիսամյակում դարձել է Հանրապետության երրորդ խոշոր հարկատուն՝ զիջելով միայն «Գազպրոմ Արմենիա»-ին և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին:

Այսպիսով, այս տարվա առաջին կիսամյակում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ»-ը պետական բյուջե է վճարել 25.4 մլրդ դրամի հարկեր: 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ այն աճել է 8.9 մլրդ դրամով կամ 54.1%-ով: ՊՆ աշխատակազմի վճարած 25.4 մլրդ դրամից 20 մլրդ դրամը եկամտային հարկի գծով է գոյացել, 4.7 մլրդ դրամը՝ ավելացված արժեքի հարկի, մնացած 0.7 մլրդ դրամը այլ հարկերի ու վճարների հաշվին է:

Համեմատության համար նշենք, որ խոշոր հարկատուների առաջատար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել 28.4 մլրդ դրամի հարկեր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ)՝ 26.8 մլրդ դրամի:

Խոշոր հարկատուների ցանկում մյուս պետական մարմինը, որ կրկին բարձր հորիզոնականում է՝ 40-րդ տեղում, ԱԱԾ-ն է: «ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն»-ը վեց ամսում վճարել է մոտ 2.2 մլրդ դրամի հարկեր, որից 2 մլրդ դրամը՝ եկամտային հարկի գծով: 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ կառույցի հարկերը նվազել են մոտ 100 մլն դրամով կամ 4.3%-ով:

Ցանկում անմիջապես հաջորդում է ՊԵԿ-ը: «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե»-ն վճարել է կրկին 2.2 մլրդ դրամին մոտ հարկեր, որից 1.7 մլրդ դրամը եկամտային հարկն է:  Մնացածը ԱԱՀ-ն և այլն հարկերն են: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ՊԵԿ-ի հարկերը աճել են 8 մլն դրամով կամ 0.4%-ով:

79-րդ տեղում է Դատական դեպարտամենտը: «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ»-ը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել 1.3 մլրդ դրամի հարկեր, որից 1.1 մլրդ դրամը եկամտային հարկի գծով է: 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ հարկերը աճել են 117 մլն դրամով կամ 9.7%-ով:

80-րդ տեղում ԱԻՆ-ն է: «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ»-ը վճարել է 1.3 մլրդ դրամ, որից 1.2 մլրդ դրամը եկամտային հարկն է: ԱԻՆ-ի աշխատակազմի հարկերը կրճատվել են 22 մլն դրամով կամ 1.7%-ով:

Խոշոր հարկատուների ցանկի առաջին հարյուրյակում հանդիպում ենք նշված հինգ ընկերությունների անունները: Սակայն, խոշորների կողքին տեղ գտած պետական մարմինների ցանկը այսքանով չի սահմանափակվում: Այստեղ են նաև «Վարչապետի աշխատակազմ»-ը (102-րդ հորիզոնական), «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն»-ը (112-րդ հորիզոնական), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ»-ը (115-րդ հորիզոնական), «ՀՀ Կենտրոնական բան»-ը (129-րդ հորիզոնական), «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը (133-րդ հորիզոնական), «ՀՀ ոստիկանության զորքեր»-ը (158-րդ հորիզոնական) և այլք:

Այս ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք այն պետական մարմիններին, որոնք այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե են վճարել, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ վերադարձրել, 500 մլն դրամի և ավելի հարկեր ու պետական վճարներ: 

Ավելի ցածր հորիզոնականներում են Ազգային ժողովի աշխատակազմը (239-րդ տեղ, 449 մլն դրամ), Ֆինանսների նախարարության աշխատակազմը (262-րդ տեղ, 409.5 մլն դրամ), Կադաստրի կոմիտեն (285-րդ տեղ, 375 մլն դրամ) և այլ պետական մարմիններ:

Պետական մարմինների հարկերը չեն արտացոլում տնտեսության պատկերը

Մինչև 2021 թվականը Պետական եկամուտների կոմիտեն խոշոր հարկատուների ցանկում ընդգրկում էր միայն շահույթ հետապնդող կազմակերպություններին, իսկ 2021-ից արդեն՝ նաև շահույթ չհետապնդող կազմակերպություններին, որոնց շարքում են պետական մարմինները:

Նոր մեթոդաբանությամբ՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները այս տարվա առաջին կիսամյակում (2021թ. հունվար-հունիս) միասին պետական բյուջե են վճարել 584 մլրդ 440 մլն դրամ: Այս նոր մեթոդաբանությամբ հաշվարկված համանման տվյալների համեմատությամբ տեսնում ենք, որ 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալն աճել է մոտ 50 մլրդ դրամով կամ  9.3%-ով:

Հարկերի հավաքագրման տեսանկյունից Պետական եկամուտների կոմիտեի համար էական նշանակություն չունի՝ դրանք գոյացել են մասնավոր հատվածից, այսինքն՝ տնտեսությունի՞ց, թե՞ պետական հատվածից: Բոլոր դեպքերում գումարները հոսում են մեկ զամբյուղ՝ պետական բյուջե: Այդ առումով մեթոդաբանական որևէ տարբերություն չկա:

Սակայն, խոշոր հարկատուների ցանկում պետական մարմինների ներկայությունը կարող է խոչընդոտներ ու լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտություն առաջացնել տնտեսական վերլուծաբանների համար, որոնք փորձում են այս ցանկի հիման վրա տնտեսական գործընթացների վերաբերյալ եզրահանգումներ անել:

Ըստ տնտեսագետ Արմեն Քթոյանի՝ այդ դեպքում, հարկավոր է զտել ցանկը, բացառել պետական մարմիններին և միայն բիզնեսի վճարած հարկերի վրա հիմնվել: Գլխավոր տարբերությունն այն է, որ պետական մարմինները սնվում են բյուջեից և հետագայում հարկերի տեսքով բյուջե են վերադարձնում այդ գումարների մի մասը: Այսինքն՝ դրանք գոյանում են ոչ թե տնտեսական գործունեության արդյունքում, այլ՝ պետական շղթայի մի օղակն են:

Քթոյանի դիտարկմամբ՝ մյուս կողմից էլ պետական մարմինների վճարած հարկերի հրապարակումը կարող է անհրաժեշտ լինել: «Օրինակ՝ եթե եկամտային հարկի գծով աճ է գրանցվել, և Կառավարությունը խոսում է այդ մասին, կարող ենք եկամտային հարկ վճարող առավել խոշոր պետական մարմինների հարկերը դիտարկել՝ հասկանալու՝ եկամտային հարկի կառուցվածքում պետական մարմինները ինչ կշիռ ունեն»,- «Հետքի» հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ այս հարցը պետք է երկուստեք դիտարկել: Տնտեսագետը կարծում է, որ բոլոր դեպքերում խոշոր հարկատուների ցանկում պետական մարմիններին ներառելը մեթոդաբանական անճշտություններ չի պարունակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter