HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արմեն Գևորգյան. «Ինձ պարտադիր չէ բերման ենթարկել, ընդամենը դատարանը կարող էր ընդմիջում հայտարարել և կապ հաստատել ինձ հետ»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի` ԱԺ նիստի պատճառով դատական նիստին բացակայությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հարգելի չի համարել: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդել է դատարանին դատավարական հարկադրանքի միջոց կիրառել և հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին:

Պատգամավորը զարմացած է դատարանի նման որոշումից:

«Հաջորդ շաբաթ կգնամ հավաբանար նիստին, երևի թե ինչ-որ հարցեր կան, որ ուզում են իմ ներկայությամբ քննարկվի: Հարգելով դատարանի որոշումը՝ կներկայանամ, պարզապես ես կարծում էի` ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի նիստերին մասնակցությունը բավական կարևոր հանգամանք է դատարանների համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանը:

Նրա խոսքով` դատարանին է փոխանցվել նաև խմբակցությունից տեղեկանք, որ քննարկվող հարցերի թվում է նաև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը, և իր թեկնածությունը ևս քննարկվելու է որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու:

«Ինձ պարտադիր չէ բերման ենթարկել, ընդամենը դատարանը կարող էր ընդմիջում հայտարարել, կապ հաստատել ինձ հետ և ասել, որ դատարանն անհարգելի է համարում բացակայությունս, խնդրում են ներկայանալ: Հարգելով դատարանի որոշումը ես հնարավորություն կունենայի գնալ այդ նիստին»,- ասաց նա:

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter