HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ելփին գյուղում կրակել են արջի վրա․ կենդանաբույժները պայքարում են կենդանու կյանքի համար

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի տարածքում որսագողության դեպք է արձանագրվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խնդրանքով դեպքի վայր է մեկնել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը՝ օգնություն ցուցաբերելու վնասված գորշ արջին։ Դեպքի վայր ժամանած մասնագետները հայտնաբերել են շուրջ 3 տարեկան գորշ արջի էգ առանձնյակի, որին հրազենով վնասվածք են հասցրել։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ տեղում աշխատող մասնագետների ջանքերով կենդանին քնեցվել է, տեղափոխվել Արարատի մարզում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ հայտնաբերվել է, որ կենդանին հրազենային վնասված է ստացել ծնոտի հատվածում։

Հայտնաբերված գորշ արջի վիճակը ծանր է և նրա կյանքի համար արդեն երկու օր է պայքարում են FPWC մասնագետները, միջազգային գործընկեր կենդանաբույժներ, ինչպես նաև՝ Երևանի կենդանաբանական այգու կենդանաբույժը։ 3-ամյա արջը երկար ժամանակ մնացել է ընկած վնասված վիճակում և առանց օգնության, ինչի պատճառով նրա վիճակն ավելի է ծանրացել։ Բացի այդ, կենդանին ենթարկվել է շատ ուժեղ սթրեսի և սկսել է կրծել սեփական թաթը։

Այսօր՝ օգոստոսի 10-ին, կենդանին շարունակում է մնալ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, վիճակը գնահատվում է ծանր, սակայն մասնագետները շարունակում են պայքարել արջի կյանքի համար։ Նախնական ախտորոշմամբ կենդանու մոտ առկա են նաև ուղեղի ցնցման նշաններ, ինչը կարող է կապված լինել կրակոցի հետևանքով մոտակա ձորը գլորվելու հավանականության հետ։

«FPWC շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար։ 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը դիմում է իրավապահ մարմիններին՝ պարզելու համար դեպքի մանրամասները և հայտնաբելերու մեղավորներին։ Գորշ արջը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանատեսակ է, որն ունի հատուկ պաշտպանության կարիք։ FPWC հորդորում է բոլորին զերծ մնալ ցանկացած կենդանատեսակի վնասելու փորձերից՝ գործելով միայն ՀՀ իրավական նորմերի սահմաններում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter