HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղացիները գոհ են. ՊԵԿ-ից փոխհատուցել են պատճառված վնասը

Ապրիլի 17-ին «Հետքում» հրապարակված` «Բավրայի մաքսակետում գյուղացիների թարխունը փչացրել են. ո՞վ է պատասխան տալու» հոդվածին արձագանքել է պետեկամուտների կոմիտեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 5 բնակիչներ մոտ 30.000 կապ թարխուն վաճառելու նպատակով փորձել են Բավրայի անցակետով անցկացնել Վրաստան, սակայն մի քանի ժամ հայաստանյան մաքսատան աշխատակիցները գյուղացիներին պահել են սահմանին` պատճառաբանելով, թե համակարգիչների հետ կապված խնդիրներ կան, իսկ գիշերը` ժամը 3-ի սահմաններում, պատասխանել են, թե իրենք հրահանգ չունեն կանաչեղենը սահմանն անցկացնելու: Գյուղացիները ստիպված հետ էին բերել արկղերով փաթեթավորած թարխունը եւ նետել աղբարկղը, քանի որ ամբողջությամբ փչացել էր:

Տուժած գյուղացիներից մեկը` Հայկազ Հարությունյանը «Հետքին» տեղեկացրեց, որ երեկ գյուղ է եկել պետեկամուտների կոմիտեի հատուկ բաժնի գլխավոր տեսուչ Սահրադյանը եւ տեղում ծանոթացել իրենց խնդիրներին: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրահանգով անմիջապես ուսումնասիրվել է հոդվածում բարձրացված խնդիրը եւ առաջիկայում Բավրայի անցակետում աշխատողներից մի քանիսը նկատողություն կստանան` ճկուն չգտնվելու եւ տվյալ դեպքում գյուղացիներին պատշաճ չսպասարկելու համար: Հարցը նաեւ ՊԵԿ հատուկ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի ուշադրության կենտրոնում է:

Հրապարակումից հետո, Բավրայի անցակետում ուժեղացվել է նաեւ հսկողությունը եւ այսուհետ ինտերնետի խափանումների դեպքում տեսուչները անցակետում կօգտագործեն ինտերնետ-ֆլեշկաներ, որպեսզի մարդկանց չսպասեցնեն:

Հայկազ Հարությունյանն ասաց, որ իրենք բավարարված են, քանի որ փոխհատուցվել է նաեւ իրենց պատճառված վնասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter