
Ընդդիմադիր պատգամավորը` Աղաջանյանին. «Արտաքին աշխարհի հետ թերևս միակ կապը այն է, որ Մոնակոյում եք եղել»
Խորհրդարանի հերթական նիստում քննարկվեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը: Իշխող ուժն առաջադրել է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը, ինչն առաջացրել է ընդդիմության վրդովմունքը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ընդգծեց` ըստ Աղաջանյանի կենսագրական տվյալների` նա արտաքին հարաբերությունների ոլորտում աշխատանքային փորձ չունի:
«Արտաքին աշխարհի հետ թերևս միակ կապը այն է, որ Մոնակոյում եք եղել, և ինչպես նշվեց` չորս լեզվի եք տիրապետում: Դուք հավակնում եք նման բարձր պաշտոնի և պետք է ԵԽԽՎ-ն օրինակ Եվրատեսիլից տարբերեք: Ասում են` լավ դիջեյ եք, բայց ցավով եմ նշում, ձեր դիջեյական կարողությունները ԵԽԽՎ-ում պետք չեն գա»,- ասաց նա: Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք Աղաջանյանը տիրապետում է Արցախի խնդրին: Աղաջանյանը չարձագանքեց հարցին, միայն հեգնեց.
«Շնորհակալ եմ բովանդակային հարցադրման համար, Դուք ինձ ուղղակի տապալեցիք»,-ասաց նա:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց, որ զեկուցողը հռետորական հարց էր հնչեցնում, թե ինչ են արել Արցախի համար նախկին իշխանությունները:
«Մենք արել ենք այն, որ Ալիևը խոստովանել է` փակ դռների հետևում իրեն ստիպել են Արցախը ճանաչել: Մենք սա ենք արել»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ նման բարձր պաշտոնի հավակնող անձը որևէ հարցի պատասխանը չգիտի:
Աղաջանյանը ոչինչ չպատասխանեց` ասելով, որ պատգամավորը պարզապես ուզում էր ելույթ ունենալ, ինքը չի խանգարի:
Նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խոսեց ՔՊ ծրագրում տեղ գտած Հայաստանի և Արցախի իշխաննությունների փոխգործակցությունն առավել խորացնելու դրույթի մասին` հետաքրքվելով, թե դա ինչ ձևաչափ է ենթադրում:
Աղաջանյանն արձագանքեց, որ հետպատերազմական ժամանակահատվածում Հայաստանի կողմից աննախադեպ ֆինանսական աջակցություն է տրամադրվել Արցախին, ապա հավելեց` Հայաստան-Արցախ համագործակցության խորացումը ենթադրում է նաև ֆինանսական աջակցության նոր սանդղակների սահմանում: «Հայաստանը Արցախի հետ ռազմական աջակցության նոր սանդղակի պետք է դուրս գա»,- ասաց Աղաջանյանը:
Հայկ Մամիջանյանը հետաքրքրվեց, թե ինչպես է Աղաջանյանը գնահատում ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Արա Այվազյանի աշխատանքները և արդյոք պատրաստվում է նրանց հրավիրել հանձնաժողով:
Աղաջանյանն արձագանքեց, որ ըստ իրեն՝ Մնացականյանը պորֆեսիոնալ դիվանագետ է:
«Ինչ վերաբերում է պարոն Այվազյանին, իր հայտարարությունը համարում եմ առնվազն անհասկանալի, այստեղ ես ևս հարցեր ունեմ իրեն»,- ասաց Աղաջանյանը` չբացառելով ԱԳ նախկին նախարարների հանձնաժողով հրավիրելու հավանականությունը:
Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ասաց, թե ինչպես է պատկերացնում պատգամավորն իրեն այդ պատասխանատու պաշտոնում, երբ այդքան նեղսրտում է հայրենակիցների հարցերից ու հույզերը չի կարողանում ղեկավարել: Նա հարցրեց, թե ինչ է անելու պատգամավորը, երբ ադրբեջանցիները իրեն հարցեր հղեն: Աղաջանյանը չհամաձայնեց, որ չի կարողանում հույզերը ղեկավարել, ապա հավելեց` ադրբեջանցիների հետ երկխոսությանը շատ ավելի հավասարակշռված և մտածված կարձագանքի:
Աղաջանյանը չպատասխանեց մի քանի անգամ հնչեցված հարցին, թե իր համար և՞ս Արցախը Հայաստան է և վերջ, ինչպես պնդում էր Փաշինյանը, նաև չխոսեց այն մասին, թե որքան է դեռ իշխող ուժը դիվանագետների նշանակման հարցում քաղաքականությամբ առաջնորդվելու:
Մեկնաբանել