HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհում տարեկան 3 մլն կյանք է փրկվում պատվաստումների շնորհիվ

ՀՀ առողջապահության նախարարությունում «Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում կազմակերպվել է իմունականխարգելման հարցերին նվիրված կլոր սեղան: Այս տարի «Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև ապրիլի 27-ը:

2004 թ.-ից եվրոպական տարածաշրջանում իրականացվում է Իմունիզացիայի եվրոպական շաբաթ նախաձեռնությունը, որի նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկությունը, հետևաբար և պատվաստումների միջոցով բնակչությանը զերծ պահել վարակիչ հիվանդություններից:

«Որոշ հիվանդություններ պատվաստումների շնորհիվ իսպառ վերացել են, իսկ մի շարք հիվանդություններ՝ պակասել»,- ընդգծել է Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը և հավելել, որ հանրապետությունում մինչև անկախությունը, նաև անկախությունից հետո իրականացվել և իրականացվում են պատվաստումներ: Նա կարևորել է պատվաստումների ցուցանիշների ընդգրկվածության մակարդակը՝ 95 տոկոս, որը հաստատել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը:

Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես բարձր արդյունավետ ռազմավարություններից է: Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում ընդհուպ մինչև դրանց վերացումը:

Արդյունքում աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է և հասանելի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն՝

- աշխարհում տարեկան 3 մլն կյանք է փրկվում պատվաստումների շնորհիվ,

- 1998 թվականից 5 մլն մարդ կարողանում է քայլել՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստումների շնորհիվ, իսկ մոտակա 40 տարում՝ ավելի քան 10.6 մլն մարդ,

- Արևմտյան Եվրոպայում կարմրուկով հիվանդի բուժումը կազմում է 209-480 եվրո, իսկ կարմրուկի պատվաստանյութի 1 դեղաչափն արժե 0.17-0.97 եվրո:

Սակայն այս նվաճումները մարդկանց մեջ ձևավորել են թյուր կարծիք, որ այլևս անհրաժեշտություն չկա կատարել պատվաստումներ հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ: Նման կարծիքը վտանգավոր է, քանի որ վարակիչ հիվանդությունները կարող են առաջացնել բռնկումներ և դեռևս համարվում են մահացու:

Հիշարժան են հետևյալ թվերը և փաստերը. վերջին 2 տարվա ընթացքում գրանցվել են կապույտ հազի բռնկումներ Ճապոնիայում՝ 13.000 դեպքով, ԱՄՆ-ում՝ 7.000 դեպքով՝ միայն 2010 թ.-ին 10 մահվան ելքով: 2010թ. Տաջիկստանում գրանցվել է պոլիոմիելիտի 458 դեպք՝ 29 մահվան ելքով: 2010 թ.-ից առ այսօր աշխարհում շարունակվում է կարմրուկի համաճարակը, աշխարհում տարեկան 2 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտ Բ-ի բարդություններից:

Հայաստանում 1995 թ.-ից այլևս չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թ. Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր հաջողությամբ պահպանում է այս կարգավիճակը:

1994-95 թթ. հանրապետությունում դիֆթերիայի բռնկումից հետո, զանգվածային պատվաստումների շնորհիվ, համաճարակային իրավիճակը կայունացել է, իսկ վերջին 10 տարվա ընթացքում դեպքեր չեն արձանագրվել:

Այս օրերին աշխարհի շատ երկրներում լուրջ խնդիր են կարմրուկը և կարմրախտը՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և այլուր:

Դեռևս 2010 թ.-ից Եվրոպայում սկսված կարմրուկի բռնկումը շարունակվում է մինչև օրս, իսկ որոշ զարգացած երկրներում, ինչպես օրինակ՝ Ֆրանսիայում և Իտալիայում, նույնիսկ գրանցվել են կարմրուկից մահվան դեպքեր:

Մինչդեռ Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը շատ հանգիստ է՝ ճիշտ ռազմավարության իրականացման շնորհիվ: 2007 թվականին կարմրուկի և կարմրախտի դեմ կատարված զանգվածային պատվաստումների, իսկ հաջորդիվ պլանային պատվաստումներում ենթակա երեխաների մոտ 98 տոկոս ընդգրկվածության ապահովման արդյունքում հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի դեպքեր չեն արձանագրվել:

1999 թ.-ին՝ հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների ներդրումից հետո, Հայաստանում մինչև 14 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունը նվազել է մոտ 100 անգամ: 2009 թ.-ին հնգավալենտ պատվաստումների ներդրման արդյունքում Հայաստանում 2011 թ.-ին մենինգիտները նվազել են մոտ 2 անգամ:

Կլոր սեղանի ժամանակ ԱՆ աշխատակազմի հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն անդրադարձավ այն խնդրին, որ հաճախ ասում են՝ եթե բռնկումներ չկան, ինչո՞ւ է պետք պատվաստվել: Նա նշեց, որ դա անընդունելի է, քանի որ հիվանդությունների վիրուսները շրջակա միջավայրում շրջանառվում են, և պետք է միշտ զգոն լինել ու դիմակայել:

Առողջապահության նախարարության կայքը շեշտում է, որ միայն ժամանակին արված պատվաստումները կարող են կանխել վարակիչ հիվանդության և հաշմանդամության զարգացումը:

Յուրաքանչյուր ոք պատվաստման վերաբերյալ երկմտելուց առաջ պետք է քաջ գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային լուրջ անբարեհաջող դեպքի առաջացման ռիսկը: Ըստ վիճակագրության՝ մոտ 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ զարգանում է էնցեֆալիտ, մինչդեռ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ մոտ մեկ միլիոն համակցված պատվաստումից մեկի մոտ կարող է զարգանալ հետպատվաստումային էնցեֆալիտ:

Հայաստանում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80.000 դեեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում, և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել:

Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, բնակչության տեղաշարժի աճն ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ դեպի արտերկիր, նպաստավոր պայմաններ են ստեղծում վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման համար: Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի նվաճումներից է վերջին տարիներին կառավարելի վարակիչ հիվանդությունների պատճառով մանկական մահացության զրոյական մակարդակը:

Հայաստանում կառավարվող վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում տարիքային որոշակի խմբերի շրջանում: Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում յուրաքանչյուր երեխայի հաշվառվելուց հետո ծնողին տրվում է պատվաստման քարտ, որտեղ մանրամասնորեն ներկայացված են պատվաստանյութերի անվանումները, ներմուծման ժամկետները: Ծնողների համար քարտի մեջ գրառում է արվում երեխայի նախորդ և հաջորդ պատվաստումների մասին:

Այսօր Հայաստանում կան բոլոր նախապայմանները պատվաստանյութերն առանց վնասելու պահպանելու և տեղափոխելու համար: Հանրապետության տարածքում պատվաստանյութերը տեղափոխվում են սառնարան-պայուսակներով, որտեղ 24-ից մինչև 48 ժամ պահպանվում է անհրաժեշտ 2-ից 8 ջերմաստիճանը:

Սահմանված ջերմային նորմայից և բարձր, և ցածր ջերմաստիճանը կարող է վնասել պատվաստանյութը, ինչի հետևանքով այն կորցնում է իր հիմնական հատկությունը: Բուժհիմնարկներում պատվաստանյութերը պահվում են հիմնականում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տրամադրած սառնարաններում: Նմանատիպ սառնարաններով ապահովված են մայրաքաղաքի բոլոր ծննդատներն ու պոլիկլինիկաները, ինչպես նաև մարզային կենտրոնական բուժհիմնարկները:

Թե պետության և թե միջազգային կազմակերպությունների գնած բոլոր պատվաստանյութերը համապատասխան արտոնագրեր ունեն, որոնցով փաստվում է, որ տվյալ պատվաստանյութը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափորոշիչներին:

«Մի մոռացեք ժամանակին այցելել ձեր տեղամասային պոլիկլինկա: Հիշեք՝ պատվաստումը վարակիչ հիվանդություններից ապահով պաշտպանության միակ միջոցն է: Ժամանակին արված պատվաստումը կպաշտպանի երեխային վարակիչ հիվանդություններից՝ առաջացնելով կայուն դիմադրողականություն»,- նշում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկնաբանություններ (1)

drizzlebrain
Սա ինչ գովազդ է, իսկ ուր է բացասական հետևանքների մասին (մահեր, աուտիզմ, և այլն) վիճակագրությունը: Ազգային ծրագրի ղեկավարը պետք է որ տեղյակ լինի thimerosal-ի վնասների մասին, և ամեն ինչ անի, որ Հայաստանը ձեռք բերի միայն առանց thimerosal-ի պատվաստանյութեր, նունիսկ եթե դրանք ամենաէժանը չեն շուկայում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter