HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Facebook-ը ջնջել է AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող ռուսական օգտահաշիվների ցանց

Facebook սոցիալական ցանցն իր հերթական զեկույցում հայտնել է, որ Facebook-ից ջնջել է 65 օգտահաշիվ, իսկ Instagram-ից՝ 243, որոնք բոլորը կառավարվել են Ռուսաստանից։ Դրանց միջոցով տարածվել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն կորոնավիրուսի արևմտյան արտադրության պատվաստանյութերի վերաբերյալ։

Սոցիալական ցանցն օգտահաշիվները կապել է Fazze ընկերության հետ, որը հանդիսանում է բրիտանական AdNow մարքեթինգային ընկերության ստորաբաժանումը։ Վերջինիս գործողությունները հիմնականում իրականացվել են Ռուսաստանից։ Facebook-ում վստահեցնում են, որ ապատեղեկատվության արշավը, որը միանգամից իրականացվել է մի քանի հարթակներում, ուղղված է եղել Հնդկաստանի, Լատինական Ամերիկայի և մասամբ ԱՄՆ բնակիչների նկատմամբ։ 

Սոցիալական ցանցի ներկայացուցիչները պնդում են, որ արշավի մասնակիցները նաև հոդվածներ և ստորագրահավաքներ են հրապարակել Reddit-ում, Medium-ում և Change.org-ում, որոնք օգտատերերին մոլորության մեջ են գցել, ինչպես նաև կիրառել կեղծ օգտահաշիվներ, որոնցից մեկն ունեցել է շուրջ 24 հազար հետևորդ։

Բովանդակության տարածման համար արշավի մասնակիցները ներգրավել են YouTube-ում, Instagram-ում և TikTok-ում հայտնի ինֆլույենսերների, որոնց վճարել են հակապատվաստումային բովանդակության հրապարակման համար։ Արշավը բացահայտվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի ու Ֆրանսիայի ազդեցիկ ինտերնետ օգտատերերը պատմել են այն մասին, որ իրենց առաջարկել են հրապարակել նման գովազդ։ Սոցիալական ցանցի ներկայացուցիչները հանգել են այն եզրակացության, որ արշավի մեծ մասը ձախողվել է։

Գործողությունը, որը կապված է Ռուսաստանի հետ, սկսվել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ օգտահաշիվներով հրապարակվել են մեմեր և մեկնաբանություններ, որտեղ պնդում էին, որ AstraZeneca պատվաստանյութը մարդկանց վերածում է շիմպանզեի։ Հաճախ այդպիսի հաղորդագրություններն ուղեկցվել են «Կապիկների մոլորակը» ֆիլմի կադրերով։ 2021 թվականի մայիսին օգտահաշիվների ցանցը կասկածի տակ է դրել նաև Pfizer պատվաստանյութի անվտանգությունը, հիմնվելով AstraZeneca-ի ինչ-որ փաստաթղթի վրա, որը գողացվել էր հաքերների կողմից։

Facebook-ը նշում է, որ ապատեղեկատվության արշավն ակտիվ է եղել այն ժամանակ, երբ Լատինական Ամերիկայում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում քննարկվել է վերը նշված պատվաստանյութերի գրանցման թեման։

Հուլիսի կեսերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել էր սոցիալական ցանցերին՝ կորոնավիրուսի պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար։ Նրա խոսքով՝ հարթակները, որոնք նման բան են թույլ տալիս, «սպանում են մարդկանց»։

Լուսանկարը՝ Lionel BONAVENTURE AFP/File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter