ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը հնարավոր է կին լինի
ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է կին ընտրվել՝ 2022 թվականի հոկտեմբերին այդ պաշտոնում փոխարինելով նորվեգացի Ենս Սթոլթենբերգին։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով իսպանական El Pais-ին։ նոր գլխավոր քարտուղարը կընտրվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա գարնանը, Մադրիդում։
Ինչպես նշում է իսպանական պարբերականը, կազմակերպության ներսում կա իրական փոխհամաձայնություն, որպեսզի Սթոլթենբերգին կին փոխարինի։ ՆԱՏՕ-ի ապագա գլխավոր քարտուղարի որոնման բանակցությունները կսկսվեն այս տարվա աշնանը, սակայն ենթադրյալ թեկնածուների անունները հնչում են անդամ տարբեր երկրներում։ «Գոյություն ունի ընդհանուր համոզմունք, որ եկել է ժամանակը, որ ՆԱՏՕ-ն կին գլխավորի»,- El Pais-ը մեջբերել է դիվանագիտական իր աղբյուրների խոսքերը։
Պարբերականի վարկածով՝ գլխավոր քարտուղարի հավանական թեկնածուների շարքում են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը, ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ Կարենբաուերը։ Հավանական թեկնածուների շարքում են նաև Լիտվայի նախկին նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը և Խորվաթիայի նախկին նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչը։
Ենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այս տարի ՆԱՏՕ-ի խորհուրդը վերջին անգամ մեկ տարով երկարաձգել է նրա պաշտոնավարման ժամկետը։ Նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն սովորաբար ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների փակ խորհրդակցությունների շրջանակներում, որտեղ որոշիչ խոսքը մնում է Միացյալ Նահանգներին։ Այնուհետ այդ նշանակումը պաշտոնապես հաստատվում է Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից։
Լուսանկարը՝ AP Photo / Geert Vanden Wijngaert
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել