
«Տարածքներ նվաճելու մտադրություն չունենք». Փաշինյանը՝ Զինված ուժերը վերափոխելու մասին
Կառավարության օգոստոսի 12-ի հերթական նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աննդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Նա հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 29-ի հայտարարությունը, որտեղ նրանք հանդես էին եկել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկման և սադրիչ քայլերից ու հայտարարություններից զերծ մնալու կոչով։
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահների հայտարարությունը՝ այդպիսով արտահայտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու Հայաստանի հանձնառությունը։ Մեզ համար միանշանակ ընդունելի է նաև սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։ Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումը առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավերու համար, ու եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներր նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։ Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը, և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար»,- նշեց նա։
Ըստ վարչապետի՝ նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման․
«Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ, կարծում եմ, դա պիտի լինի Հավաքական անվտանգության պայմանագրի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը։ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների»։
Փաշինյանի խոսքով՝ կառավարության տրամադրվածությունը պիտի լինի լուծումների գնալը։ Նման հարցերից մեկը, որը, հնարավոր է արագ լուծել, ըստ վարչապետի, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։
«Պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում, առավել ակտիվ և նախաձեռող լինենք տարածաշրջանում նոր կոմունիակացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից։ Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Այս ուղղությամբ աշխատանքները նույնպես պետք է ակտիվանան»։
Փաշինյանը համոզված է՝ թշնամության և թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը տարածաշրջանում անթույլատրելի է։ Դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար։
«Թե՛ թշնամության մթնոլորտի խորացումը ինչպիսի հետևանքների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված, «ավարի պուրակի» օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին։ Թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա մեր տարածաշրջնային արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչները մեկը։ ՀՀ-ն համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և զարգացումը։ Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության ուղղություններից է լինելու։ Ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե ՀՀ-ն զինված ուժերի բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։ ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք, մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելն է։ Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս հայտնեց, որ այս հարցերն առավել մանրամասն կքննարկվեն կառավարության գործունեության հնգամյա ծրագրի ընդունման ժամանակ։
Մեկնաբանել