
900 000 դոլար վարչապետի աշխատակազմին՝ միջազգային ատյաններում Հայաստանի դեմ կայացրած վճիռների համար
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին 900 000 դոլարին համարժեք դրամ կհատկացնի։ Որոշումն ընդունվեց գործադիրի օգոստոսի 12-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
Նախագծի նպատակը միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում Հայաստանի շահերի ներկայացումն ու պաշտպանությունն է և դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովումը։
Նախատեսվում է ձեռք բերել Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական և իրավաբանական ծառայություններ։
Կառավարությունը ծրագրի ապահովման համար փոփոխություններ է կատարել «2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և պետական բյուջեով նախատեսված միջոցառումների որոշման նախագծում։ Ընդունված որոշման նախագծում ևս երկու կետ կա, որը, սակայն, գործադիրը համարել է հույժ գաղտնի։ Կառավարության որոշման նախագծում այլ մանրամասներ չեն ներկայացվում։
Մեկնաբանել