Երևանում հիպոթեքային վարկով գնած բնակարանի եկամտային հարկի վերադարձն աստիճանաբար կհանվի
Երևանում բնակարանի հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձն աստիճանաբար կհանվի։ Որոշումն ընդունվեց Կառավարության օգոստոսի 12-ի նիստում։
Ըստ որոշման նախագծի՝ նպատակը հիպոտեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա ընդլայնումը զսպելը, ինչպես նաև քաղաքաշինական ու տնտեսական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաստելն է: Այսպես Կառավարությունը փորձում է խթանել քաղաքաշինական ծրագրերն ու անհատական բնակարանաշինությունը մարզերում:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝
- 2022 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում (Փոքր Կենտրոն),
- 2023 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում (Կենտրոն վարչական շրջանի մնացած տարածքները և Արաբկիր վարչական շրջանից մի հատված),
- 2023 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում (Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի մասը, Էրեբունի վարչական շրջանի՝ Կենտրոնին հարող հատվածը),
- 2025 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում։
Առաջարկվող սահմանափակումները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստացված շինարարական թույլտվությունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մասով։
Նախագծի ընդունումը չի նշանակում, որ պետք է դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև օրենքի ընդունումը կամ մինչև օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ արտոնության կիրառման տարիների ընթացքում և հատկապես վերջին 2 տարիներին Կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է։
«Եթե 2015-2017 թվականներին ծրագրի նոր շահառուներ են եղել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019 թվականներին շահառուների տարեկան քանակն աճել է և կազմել մոտ 2000։ 2020-ին նոր շահառուների թիվը եղել է 5200։ Կտրուկ աճել են պետական բյուջեից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկի գումարները։ Եթե 2016-2017 թվականներին պետական բյուջեից ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019-ին՝ 3․3 մլրդ, 2020-ին՝ 5,4 մլրդ դրամ, միայն 2020 թվականի հատկացումների մասով հանրագումարով հասնելով 13․3 մլրդ դրամի։ Ներկայում շահառուների քանակը գերազանցում է 17 000-ը, հատկացված գումարը տարեվերջին կկազմի մոտ 21 մլրդ դրամ, իսկ շահառուների քանակը՝ 20 000»,- հայտնեց Տիգրան Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ գործող ծրագրով՝ եկամտային հարկ վճարող քաղաքացուն հնարավորություն է տրվում հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել կառուցապատողից գնվող բնակարանի հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։ Ծրագրի սահմանափակումների մասին կառուցապատողներն ավելի վաղ էին հայտարարել, սակայն այդ ժամանակ Ֆինանսների նախարարությունը վստահեցնում էր, որ ծրագիրը նախագծի տեսք չունի։
Նշենք, որ գոտիների ճշգրիտ սահմանները կարող եք տեսնել Կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի որոշման մեջ։
Մեկնաբանել