HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կարեն Անդրեասյան. «Ես նույնիսկ մեկ ահաբեկիչ չեմ տեսնում լրագրողների մեջ»

«Երբ ես ասել եմ, որ նույնիսկ լրագրողի դիմակի անվան տակ կարող է ահաբեկիչ ներթափանցել Ազգային ժողով, դա չի նշանակում, որ ես ասել եմ՝ լրագրողների մեջ ահաբեկիչներ կան: Ես նույնիսկ մեկ ահաբեկիչ չեմ տեսնում լրագրողների մեջ, բայց միևնույն ժամանակ ես խոսել եմ անվտանգության խնդիրների մասին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Վերջինիս խոսքով՝ իրենից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ պետք է սահմանափակել լրագրողների աշխատանքը, երբ ակնհայտ է, որ նրանցից որևէ վտանգ չի գալիս. և ինքն ընդամենը ցանկացել է բացատրել, որ անվտանգության սպառնալիքի պարագայում ցանկացած անձի տեղաշարժը կարող է սահմանափակվել:

«Այսօր ես որպես նախարար, հատուկ պահպանվող տարածքներ մտնում եմ այնպիսի զննությամբ, որ ժամանակին որևէ նախարար չի անցել: Դրանք անվտանգության կանոններ են, որոնք մենք հարգում ենք. մեր տեղաշարժն ու շարժը նույնպես որոշակիորեն սահմանափակված է»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Անդրադառնալով երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ լրագրողների նկատմամբ օթյակում աշխատելու և տեսանկարահանում իրականացնելու արգելքին, Անդրեասյանը նշեց, որ անվտանգության աշխատակիցներին դեմքերով չի կարելի նկարել, եթե բոլոր լրագրողները լինեին այնպիսի էթիկայի կանոններ պահպանող, ինչպիսին ակնկալվում է, ապա հանգիստ կարելի էր չանջատել ձայնագրությունն ու վստահ լինել, որ անվտանգության աշխատակիցների դեմքերը կփակվեն:

Վերջինս նշեց, թե երեկ իրավապաշտպաններից մեկը, վկայակոչելով «Մանդլին և այլք ընդդեմ Հունգարիայի» գործով ՄԻԵԴ վճիռը, հայտարարել է, որ չի կարելի խոչընդոտել լրագրողների տեղաշարժն Ազգային ժողովում, որտեղ ամենատաք, թեժ ու կարևոր հարցերն են քննարկվում:

Անդրեասյանն ասում է՝ այդ նույն վճռում նաև ասվում է, որ հանուն իրավաչափ նպատակի, ինչպիսին է տվյալ դեպքում խորհրդարանի բնականոն աշխատանքը, պատգամավորի իրավունքը, կարող է լինել ոչ թե սահմանափակումներ ու խոսքի ազատության լռեցում, այլ որոշակի պայմանավորվածությունների հիման վրա գործող կանոններ:

Թե իրավապաշտպաններից հատկապես ում նկատի ուներ Անդրեասյանը, մեզ հայտնի չէ, բայց ամենայն հավանականությամբ նախկինում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած նախարարը նկատի ունի ներկայիս Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Վերջինս երեկ հայտարարություն է տարածել, որում անթույլատրելի է համարել լրագրողների աշխատանքի սահմանափակումն Ազգային ժողովում:

Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ «լրագրողին չի կարելի զրկել «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից:

Լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ աշխատելով, օրինակ, միջանցքներում:

Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային իրավաբանությունից (օրինակ՝ Մանդլին և այլք ընդդեմ Հունգարիայի գործով (Mándli and others v. Hungary) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 63164/16, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիրքորոշումներ և այլն):

Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:

Ուստի, անընդունելի է լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը:

Պետք է հաշվի առնել, որ խոսքը ԱԺ-ում հավատարմագրում ունեցող լրագրողների մասին է և հետո՝ նրանք ԱԺ մուտք գործելիս արդեն ենթարկվում են ստուգման ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության կողմից, այդ թվում՝ համապատասխան սարքերով, և նրանց նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների կիրառումն այն հիմքով, որ արվում է անվտանգության համար, անընդունելի է:

Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter