
Չպատվաստվելու դեպքում ուսուցիչները և հանրային սննդի ոլորտի աշխատակիցները ամսական 2 թեստ կհանձնեն
Ուսուցիչները, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտների և մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, որոնք հրաժարվում են պատվաստվելուց և չունեն որևէ հակացուցում, պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պատրաստվում ենք իրավական ակտերում որոշակի փոփոխություններ մտցնել, որպեսզի այն անձինք, ովքեր չեն պատվաստվում, ամսական 2 անգամ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնեն, որովհետև կորոնավիրուսի դրական դեպքերի կայուն աճ ենք գրանցում»։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ գոյություն ունեն հստակ հակացուցումներ, որոնց դեպքում պատվաստվել չի կարելի: Սակայն այդ հակացուցումների ցուցակից դուրս բոլոր հիվանդությունները ոչ միայն չեն խանգարում պատվաստվելուն, այլև ցուցում են հանդիսանում պատվաստման համար: Ուղեկցող հիվանդություններով պացիենտների մոտ կորոնավիրուսային վարակից մահացության տոկոսը ավելի բարձր է, դրա համար նրանց խորհուրդ է տրվում օր առաջ պատվաստվել:
Նախարարը նշեց, որ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ակնկալվում է կորոնավիրուսի ցուցանիշների աճ:
«Անելու ենք ամեն ինչ, օրենքի շրջանակներում, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, ինչը ամենագործուն միջոցն է պայքարելու COVID-19-ի դեմ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Մեկնաբանել