
Հայաստանի ընտրանին 88-րդն է աշխարհում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային նոր ցուցակը: Մայիսին հրապարկված աղյուսակի համեմատ մեր թիմն առաջադիմել է 2 տեղով եւ հիմա 88-րդն է աշխարհում՝ իր ակտիվում ունենալով 1274 վարկանիշային միավոր: Նկատենք, որ նախորդ հրապարակումից հետո Խոակին Կապառոսի սաները ընկերական հանդիպումներ անցկացրին, որոնցում նախ 1-1 խաղացին աշխարհի գործող փոխչեմպիոններ խորվաթների հետ, իսկ հետո 1-3 հաշվով պարտվեցին շվեդներին:
Համաշխարհային վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան, Իտալիան, Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան, ԱՄՆ-ը:
Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից լավագույն ցուցանիշն ունի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիան, որը 16-րդն է, Ռումինիան 45-րդն է, Իսլանդիան՝ 53-րդը, Հս. Մակեդոնիան՝ 72-րդը, իսկ Լիխտենշտայնը՝ 189-րդը:
Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր հորիզոնականում՝ 25-րդ տեղում, Ուկրաինան է, Ռուսաստանը 41-րդն է, Ուզբեկստանը՝ 83-րդը: Մյուս երկրները Հայաստանից ավելի ցածր տեղերում են:
Մեր հարեւաններից Իրանը 26-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Թուրքիան՝ 39-րդ: Վրաստանը 91-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 112-րդ:
Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի սեպտեմբերի 16-ին:
Մեկնաբանել