HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ռեկետ պետական մակարդակո՞վ

«Վերջ ռեկետին», «Պարոն նախագահ, ինչի՞ն հավատանք, ո՞ւմ հավատանք, ինչո՞ւ հավատանք», «Քրեական պատասխանատվության ենթարկել Երվանդ Զախարյանին, Հովիկ Հովսեփյանին և բիրիքնոցի դատավոր Էդիկ Ավետիսյանին». այս և այլ բովանդակությամբ պաստառներով երեկ նախագահական նստավարի առջև բողոքի ակցիայի էին դուրս եկել Երևանում բնակարանների բազմակի վաճառքի դեպքերից տուժած անձինք:

Նրանց մի մասն իրացման գոտիների բնակիչներն են, մյուս մասն էլ պարզապես բնակարան գնելու ցանկություն հայտնածներ, որոնք, սակայն, վճարելով գումարները, հայտնվել են խարդախների ծուղակում:

Արդեն 7-8 տարի է՝ Երևանի կենտրոնի մի քանի նորակառույց շենքերում տներ ստանալու համար մարդիկ հերթագրված են, կառուցապատողների հետ կնքել են նախնական պայմանագրեր, սակայն նոտար Ալվարդ Մելքոնյանի ձեռքով մեկ տան համար առուվաճառքի մի քանի նախնական պայմանագիր է կնքվել:

Արամի 72-80 հասցեի շենքի շինաշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել տարածք: Շենքի կառուցապատող «ԳԱՊ բնակշին» ընկերության նախագահ Գագիկ Պապոյանն ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանը շենքում բնակարանների բազմակի վաճառք են իրականացրել: Գագիկ Պապոնյանն արդեն ձերբակալված է:

Բնակիչներն, ուսումնասիրելով փաստաթղթերը, պարզել են, որ Գագիկ Պապոյանն ընդամենը «զոհ է»: Իրականում, ըստ նրանց, «այստեղ պետական մակարդակով ռեկետ է կատարվել»: Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը Արամի 72-80 շենքում 24 տան և 3 օֆիսային տարածքի է տիրացել: Բնակիչների խոսքով՝ այդ ամենի դիմաց անգամ մեկ լումա չի վճարել:

Նրանք սպառնում են նախագահական նստավայրի առջև հացադուլ և շուրջօրյա նստացույց անել:

Ի դեպ, բնակիչների տեղեկացմամբ՝ այս գործին խառնված են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց ծանոթ-բարեկամների անուններով տներ են վերցրել վերոնշյալ շենքում: Նրանք մասնավորապես արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանի անուններն են կապում այս մութ պատմության հետ:

Սակայն այս ամենը միայն մի կողմի պնդումներն են: Մենք պատրաստ ենք լսելու նաև մեղադրվող կողմերին: Հնարավոր է, որ այս տուժած մարդկանց տվյալներն այնքան էլ չհամապատասխանեն իրականությանը:

Ռոզա Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (1)

Անտիկա
Եթե նոտարի մատ կա, այն էլ նոտարական պալատի նախագահի, իհարկե, պետական մակարդակով է և երբեք չի բացահայտվի իսկությունը։ Նոտարներն անձեռնմխելի են։ Նրանց գործունեությունը երբեք չի ստուգվում՝ ոչ իրավական համակարգով, և ոչ էլ հարկային։ Ինչու, որովհետև արտոնյալ դաս են, քանի որ տիրապետում են այնպիսի գաղտնիքների, որոնց բացահայտումները, ով գիտե, երբ կհաջողվի, եթե թույլ տան։ Գուցե դարը գլորվելուց հետո։ Դրանից էլ առիթավորված, անում են այն և այնպես, ինչպես իրենք են կամենում։ Ձգտեք Հայաստանի նոտարների հետ գործ չունենալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter