HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ադրբեջանի դերը Իսրայելի հակաթուրքական քաղաքականության մեջ

Երեկվանից պաշտոնական այցով Բաքվում է գտնվում Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, որը Ադրբեջանում կմնա մինչև ապրիլի 25-ը: Այցի եռօրյա տևողությունն արդեն իսկ խոսուն փաստ է և վկայում է, որ Լիբերմանը Ադրբեջանում ձեռքերը ծալած չի նստելու. նախատեսված են նրա հանդիպումները ինչպես արտգործնախարար Մամեդյարովի, այնպես էլ նախագահ Ալիևի հետ: Որոշ վերլուծաբաններ Լիբերմանի այցը հակված են դիտարկելու ոչ այնքան Իրանի դեմ Թել Ավիվի հավանական «նախապատրաստությունների» շրջանակում, որքան Բաքվին Անկարայից տարանջատելու համատեքստում:

Այն, որ իսրայելաթուրքական հարաբերություններում 2009-ից առկա է խորը ճգնաժամ, և անգամ երկու պետությունների ավագ գործընկեր ԱՄՆ-ը չի կարողանում ազդել դրանց կարգավորման վրա, փաստ է: Իսրայելական ԶԼՄ-ների վկայությամբ՝ Թել Ավիվում աստիճանաբար հանգել են հստակ հետևության, որ Թուրքիայում իսլամիստների հզորացումը երկարաժամկետ կտրվածքով փոխել է երկրի զարգացման ուղեգիծը, և Անկարան այլևս չի կարող դիտարկվել իբրև ռազմավարական վստահելի դաշնակից, ինչպիսին էր տասնամյակներ շարունակ, երբ իշխանության գլուխ էին քեմալիստները՝ բանակի մշտարթուն հսկողությամբ և որոշիչ մասնակցությամբ:

Իրողությունները փոխվել են, և թերևս դրա վկայությունն էր Իսրայելի նախկին վարչապետ, այժմյան պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի ռեպլիկը, երբ հայտնի դարձավ, որ Անկարան հրաժարվում է անգամ Վանի վերջին երկրաշարժի ժամանակ Իսրայելի ցուցաբերած հումանիտար օգնությունից: «Այժմ Թուրքիան հրաժարվում է անգամ այդպիսի օգնությունից, հավանաբար իսկապես ձևավորվել են նոր իրողություններ»,- այն ժամանակ հայտարարեց Բարաքը:

Ըստ ռուսական և իսրայելական ԶԼՄ-ների՝ հենց այդ շրջանում Թել Ավիվում ձևավորվեց Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները զսպելու և նրան թուլացնելու նպատակով հակաթուրքական «առանցքի» ձևավորման գաղափարը, որի շրջանակներում Իսրայելը աշխատում է ընդգրկել Անկարայի հետ խնդիրներ ունեցող երկրներին: Այդ շարքում են դիտարկվում առաջին հերթին Հունաստանն ու Կիպրոսը, Բալկանյան որոշ երկրներ և Ռուսաստանը:

Սակայն առավել քան տարօրինակ է, որ այդ շարքում է դիտարկվում նաև Ադրբեջանը՝ իբրև Իսրայելի հիմնական դաշնակից Հարավային Կովկասում: Եթե Հունաստանն ու Կիպրոսը Անկարայի դեմ հանդես գալու հստակ շարժառիթներ ունեն, նույնը կարելի է ասել որոշ Բալկանյան երկրների և Ռուսաստանի մասին, ուր հրեական լոբբինգը պակաս հզոր չէ, քան ԱՄՆ-ում, ապա ամենևին հասկանալի չեն այդ «առանցքում» հայտնվելու Ադրբեջանի շարժառիթները:

Ռուսաստանցի ոչ անհայտ փորձագետ Ս.Տարասովի կարծիքով՝ Թել Ավիվը խիստ կարևոր գործընկեր է Ադրբեջանի համար հատկապես ԱՄՆ-Իսրայել սերտ հարաբերությունների համատեքստում: Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա է սերտ ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցություն: Դրան հավելենք, որ Ադրբեջանում բնակվող էթնիկ փոքրամասնություններից թաթերը, որոնց անվանում են նաև լեռնային հրեաներ, շատ ծանրակշիռ դերակատարություն ունեն կառավարման համակարգում, բիզնեսում և ադրբեջանական վերնախավում առհասարակ, ինչը Բաքու-Թել Ավիվ իսկապես ջերմ հարաբերություններում կարևոր գործոն է:

Բայց արդյոք բոլոր այդ հանգամանքները միասին վերցրած բավարա՞ր են, որպեսզի Ալիևի ռեժիմը գնա Թուրքիայի հետ հարաբերությունների գլոբալ վերանայման և մերձավորագույն դաշնակցից վերածվի փաստացի հակառակորդի կամ առնվազն չեզոք դիտորդի, ինչը կնշանակեր աղբանոցը նետել Հեյդար Ալիևի և Սուլեյման Դեմիրելի ջանքերով ձևակերպված «Մեկ ազգ՝ երկու պետություն» հայտնի կոնցեպցիան:

Հարկ է նշել, որ Թուրքիայում այս կապակցությամբ որոշակի մտահոգություններ կան: Մասնավորապես Թել Ավիվի հետ հարաբերությունների ծայրահեղ լարվածության փուլում Անկարան Ադրբեջանում իր դեսպանի բերանով պահանջեց Բաքվից համապատասխան պահվածք որդեգրել Իսրայելի նկատմամբ՝ չխորշելով մատնանշել, որ այդ կեցվածքը պետք է համարժեք լինի Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած կեցվածքին՝ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ սահմանը փակ պահելու հարցում:

Պաշտոնական Բաքուն պարզապես անարձագանք թողեց դեսպանի ակնարկը: Հետաքրքիր է նաև իսրայելաադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ թուրքական «Զաման» թերթի դիտարկումը: Թերթը նշում է. «Ադրբեջանի սերտ հարաբերությունները» Իսրայելի հետ կարող են շատ թանկ արժենալ Բաքվին: Մինչև 2008 թ. Իսրայելը, որպես ԱՄՆ-ի մերձավոր դաշնակից, կարևոր դերակատարություն ուներ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան աշխարհաքաղաքական առանցքում: Իսրայելի հետ հարաբերություններում Ադրբեջանը օրինակ էր վերցնում Թուրքիայից և Եգիպտոսից, բայց 2009-ին թուրք-իսրայելական հարաբերություններում սկսված ճգնաժամից հետո Ադրբեջանի պահվածքը Թուրքիայի հասարակության և կառավարական շրջանակներում հարցեր է առաջացրել՝ Ադրբեջանի նվիրվածության առումով»:

Անշուշտ, նվիրվածությունը քաղաքական կատեգորիա չէ, և առանձին դեպքերում Բաքուն իսկապես գործում է բացառապես իր շահերից ելնելով: Օրինակ, անսալով Հունաստանի զգուշացմանը, որ Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու դեպքում Աթենքը կդիմի ԼՂՀ անկախության ճանաչման քայլին, Ադրբեջանը սկսեց զգուշություն դրսևորել այդ ուղղությամբ, թեպետ Թուրքիայի պահանջով 2005-ին ճանաչել էր Հյուսիսային Կիպրոսի անձնագրերը և կանոնավոր օդային չվերթեր բացել: Այժմ թուրքական ԶԼՄ-ների պնդմամբ՝ Բաքուն վերանայել է նաև այդ հարցը և այս տարվանից դադարեցրել տուրիստների «մատակարարումը» Հյուսիսային Կիպրոսին:

Բայց վերոնշյալ փաստերը լոկալ խնդիրներ են, որոնք չի կարելի դիտարկել որպես Անկարա-Բաքու հարաբերությունների գլոբալ փոփոխություն: Սակայն եթե Ավիգդոր Լիբերմանի հակաթուրքական «առանցքը» որոշակի ձև ստանա նաև Ռուսաստանի մասնակցությամբ, ապա Ադրբեջանի հայտնվելն այդ «առանցքում» կնշանակի հայտնվել ռուսական ազդեցության դաշտում, որովհետև Բաքվի համար Անկարային այլընտրանք կարող է լինել միայն Մոսկվան:

Հազիվ թե Թել Ավիվը կարողանա գործերն այնպես «դասավորել», որ Ադրբեջանը թուրքական ազդեցությունից դուրս գալով վերածվի ինքնուրույն գործոնի տարածաշրջանում կամ հայտնվի բացառապես Վաշինգտոնի ազդեցության ուղեծրում: Իսրայելի հակաթուրքական «նախաձեռնությունը» Ռուսաստանի համար կարող է իմաստավորված լինել հենց Ադրբեջանը իր ազդեցության դաշտ բերելու հեռանկարով, որի շնորհիվ Մոսկվան կրկին կամրապնդի դիրքերը Հարավային Կովկասում:

Սկզբունքորեն չի կարելի բացառել, որ Իսրայելի նախաձեռնությունը վերջնահաշվում հենց դրան էլ ուղղված է: Եթե դրա իրագործումը հաջողվի, ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական շահերը կարող են վտանգվել, որովհետև Ադրբեջանին իր ազդեցության դաշտ վերադարձնելու համատեքստում Մոսկվան կարող է Ղարաբաղն առևտրի առարկա դարձնելու փորձ կատարել:

Բայց, միաժամանակ, չի կարող հարց չառաջանալ, թե ինչպե՞ս է, որ Իսրայելի նախաձեռնած այս «խաղում» Հայաստանը չի դիտարկվում իբրև առաջնային հակաթուրքական գործոն և «խաղադրույք» է կատարվում Ադրբեջանի օգտին: Ըստ երևույթին, հայ-թուրքական «հաշտեցման» հայտնի արձանագրությունները շատերին որոշակի հետևությունների են հանգեցրել նաև Հայաստանի սահմաններից շատ հեռվում:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter