HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության գործով տուժողների թիվը հասել է 86-ի․ տնօրենը չի հայտնաբերվել

«Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության գործունեությունից տուժած քաղաքացիների թիվը քրեական գործի հարուցումից մեկ տարի անց հասել է 86-ի։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Ընկերության տնօրենը՝ Վահե Շահվերդյանն, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, չի հայտնաբերվել, գործի քննությունը շարունակվում է, և Շահվերդյանը շարունակում է լինել միակ մեղադրյալը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում մեկ տարի առաջ քրեական գործ է հարուցվել՝ տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ։ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանությունից Քննչական կոմիտեին էին փոխանցվել մի շարք քրեական գործեր՝ «Բյութի օֆ Արմենիա տուր»-ի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ, որոնք միացվել են մեկ վարույթում։

Քննչական կոմիտեն հորդորել էր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են տուրիստական կազմակերպության գործունեությունից, դիմել իրենց, և, փաստորեն, 86 քաղաքացի տուժող է ճանաչվել։

Քրեական գործի հարուցումից հետո «Հետք»-ի հետ զրույցում տուժած քաղաքացիներից Լիլիթ Ալավերդյանը պատմել է, որ Beauty of Armenia-ի՝ Հայաստանի հյուրանոցներից մեկում հանգստանալու շահավետ առաջարկը տեսնելով՝ ընկերներով որոշել են մեկնել հանգստի, զանգահարել են հյուրանոց, ճշտել, որ համագործակցում են տուրիստական ընկերության հետ։ Գումարը տուրիստական ընկերությանը փոխանցելուց հետո ևս, ըստ Լիլիթի, իրենք կապվեն են հյուրանոցի հետ ու նորից ճշտել՝ արդյոք առկա է իրենց անունով ամրագրում։ Հյուրանոցից հավաստիացրել են, որ ամրագրումն արված է, ամեն ինչ կարգին է։ Մեկնելուց առաջ, սակայն, պարզվել է, որ ամրագրումները չեղարկվել են։ Հյուրանոցից հայտնել են, որ իմանալով տուրիստական ընկերության ունեցած խնդիրների մասին՝ ամրագրումները չեղարկել են։ Լիլիթ Ալավերդյանն ու ընկերները Վահե Շահվերդյանի հետ կապ հաստատել չեն կարողացել. նա հեռախոսազանգերին չի պատասխանել։

Հատկանշական է, որ մինչ այս քրեական գործի հարուցումը Քննչական կոմիտեում հարուցված է եղել նույն տուրիստական գործակության կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու վերաբերյալ մեկ այլ քրեական գործ, որը կարճվել է։ Այս գործով տուժողներն էլ 2019 թվականի Ամանորը պետք է դիմավորեին Վրաստանում, սակայն նրանց ամրագրումները ևս չեղարվել էին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter