
Մեծ եղեռնի 97-րդ տարելիցը՝ Հնդկաստանում
2012 թվականի ապրիլի 24-ին հնդկահայ համայնքը, Եկեղեցու վարչությունը, Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, ուսուցիչները և պաշտոնեությունը առավոտյան հավաքվել էին Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում՝ ոգեկոչելու Հայոց մեծ եղեռնի միլիոն ու կես անմեղ նահատակաց 97-րդ տարելիցը:
Եկեղեցու բակում՝ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ հանդիսապետությամբ հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի: Ներկաներն աղոթեցին Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների հոգիների խաղաղության համար և խոնարհվեցին՝ ծաղիկներ զետեղելով հուշարձանին:
Հնդկաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կառուցվել է 1965 թվականին՝ Մեծ եղեռնի հիսունամյա տարելիցի առիթով: Հնդկահայ համայնքն, անսալով երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1964 թվականի օգոստոս 17-ի Սրբատառ Կոնդակին, «...Մենք, Հայրապետ Ամենայն Հայոց, մեր ազգի պատմութեան մեծ ողբերգութեան յիսնամեայ տարելիցի սեմին, այսու Մեր կոնդակաւ, կ’առաջադրենք ու կը հրահանգենք՝ ա. որ յառաջիկայ 1965 տարին հռչակուի մեր եկեղեցիին և համայն մեր ժողովուրդին համար ազգային սուգի և աղօթքի տարի…», Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու հյուսիսային պատի տակ կառուցում է մարմարե հուշարձան:
Հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական համակարգ
Մեկնաբանել