Անհրաժեշտ են գրքեր Քաշաթաղի դպրոցների համար
1992թ. մայիսի 9-ին Շուշիի ազատագրումից հետո մնում էր «կյանքի ճանապարհի»՝ Քաշաթաղի ազատագրումը: Այն կոչվեց «կյանքի ճանապարհ», քանի որ Արցախը Մայր Հայաստանին կապող կարևորագույն օղակն էր: Քաշաթաղն ազատագրվեց 1992թ. մայիսի 18-ին: Այնուհետև սկսվեց շրջանի վերաբնակեցումը, որը շարունակվում է մինչև այսօր, թեև դեռևս ավերակները քանակապես գերազանցում են բնակելի տներին:
Ներկայում Քաշաթաղի բնակավայրերից երեքը քաղաքներ են՝ Բերձոր (շրջկենտրոն), Միջնավան, Կովսական: Շրջանում կա շուրջ 100 գյուղական բնակավայր, սակայն այն ճանապարհները, որոնք այդ բնակավայրերը պետք է կապեն մյուս բնակավայրերին, դժվարանցանելի են:
Մի շարք գյուղերում բնակչությունը սակավաթիվ է, չկան դպրոցներ, և երեխաները ստիպված են լինում քայլել մի քանի կիլոմետր՝ հարևան գյուղի դպրոց հասնելու համար: Ընդհանուր առմամբ, գյուղական դպրոցներում խնդիրները շատ են. օրակարգային խնդիրներից է դպրոցների գրադարաններում գրքերի պակասը:
Այս գյուղերում բնակվող յուրաքանչյուր երեխա հետագայում ընտրած իր մասնագիտությամբ հայ ժողովրդի ապագան է: Իսկ ապագան պետք է լինի կրթված մարդկանց ձեռքին: Յուրաքանչյուր մարդ կրթվում է՝ առաջին հերթին գիրք ընթերցելով:
Վերոնշյալ խնդիրը պահանջում է պարտադիր լուծում, և այդ նպատակով կազմակերպվում է գրքահավաք: Ցանկալի է՝ գրքերը լինեն հայալեզու (թեև կարող են լինել նաև ռուսերեն ու անգլերեն) և դպրոցական երեխաների համար մատչելի գրված:
Առավել անհրաժեշտ գրականությունը հետևյալն է՝
1. Հայ և ռուս դասական հեղինակներ,
2. Հայկական հեքիաթներ,
3. Բառարաններ (հայերեն-ռուսերեն, հայերեն-անգլերեն և հակառակը) և հանրագիտարաններ,
4. «Հետաքրքրաշարժ հանրագիտարան: Ֆիզիկան մեր շրջապատում»
5. Արկածային գրականություն,
6. «Сто великих»,
7. Լեո «Երկերի ժողովածու» հ. 1-9, Հայրենագիտական մատենաշար:
Եթե այս ցանկում նշված և ոչ մի գրականություն չունեք, բայց ցանկանում եք մասնակցել այս նախաձեռնությանը և ունեք գումար, ապա կարող եք այդ գումարով գնել վերոնշյալ ցանկում ընդգրկված որևէ գիրք:
Գրքահավաքը կանցկացվի մինչև մայիսի 12-ը: Ազգանվեր գործին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք զանգահարել (077) 124-334, (055) 124-338 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] (Արմեն) էլ. փոստին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել