
Իլոն Մասկի Starlink-ը հասանելի կլինի Վրաստանում
Starlink արբանյակային համացանցը կհայտնվի Վրաստանի տարածքում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալությունը (GITA)։ Վրացական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ բանակցություններ է վարել Իլոն Մասկի SpaceX ընկերության ներկայացուցիչների հետ։
Ինչպես նշել են գործակալությունում, ամերիկյան ընկերությունը հետաքրքրություն է հայտնել զարգացնելու արբանյակային համացանցը Վրաստանի տարածքում։ «Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որտեղ SpaceX-ը պիլոտային հասանելիություն կտա արբանյակային համացանցին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Այսպիսով, կա հավանականություն, որ Վրաստանը կդառնա հետխորհրդային առաջին երկիրը, որտեղ կգործարկվի Starlink-ը։
Բանակցություններին վրացական կողմից մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին, GITA-ի նախագահ Ավթանդիլ Քասրաձեն և Սան Ֆրանցիսկոյում Վրաստանի գլխավոր հյուպատոս Լևան Բերիձեն։ SpaceX-ը ներկայացրել են ընկերության ֆինանսական տնօրեն Բրեթ Ջոնսենը և ներդրողներից Բիլ Ռայհերթը։
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են պաշտոնական գործընթաց սկսել տարածաշրջանում Starlink-ի աշխատանքների լիցենզիայի ձեռք բերման համար։ «Քննարկվել է նաև Վրաստանի և նրա քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությունը SpaceX-ի հետագա նախագծերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ներկայումս Starlink-ը թեստային ռեժիմով աշխատում է ԱՄՆ-ի և եվրոպական մի քանի երկրների տարածքում։ Ամսական բաժանորդագրության արժեքը 99 դոլար է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլոն Մասկի արբանյակային համացանցը գրանցել է ռեկորդային արագություն։
Լուսանկարը՝ SpaceX-ի
Մեկնաբանել