
Գեղարքունիքում ադրբեջանական զինուժի կրակից զոհվել է Արման Հովհաննեսի Հակոբյանը
Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ՝ Երասխի հատվածում: Հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
Մեկնաբանել