HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սեյրան Օհանյանն առաջարկեց փակ հանդիպում նախաձեռնել սահմանային իրավիճակի թեմայով

Խորհրդարանի արտահերթ նստաշրջանը մեկնարկեց օգոստոսի 16-ին զոհված հայ զինծառայողների հիշատակի հարգմամբ: Ապա «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջարկեց փակ քննարկում կազմակերպել և հրավիրել պատասխանատու պաշտոնատար անձանց` սահմանային իրավիճակի քննարկման համար: Օհանյանի խոսքով` իրարամերժ են առկա տեղեկությունները, ուստի ճիշտ կլինի քննարկում կազմակերպել և հասարակությանը մտահոգող հարցերին պատասխաններ տալ:

Նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը էլ անդրադարձավ Աֆղանստանի դեպքերին` նկատելով, որ Հայաստանի կողմից որևէ պաշտոնական արձագանք չկա:

«Հասկանալի է` 80 օր է ԱԳ նախարար չունենք, բայց մի կարևոր հանգամանք կա, որ դեռ որևէ գերատեսչություն չի մեկնաբանել, խոսքը վերաբերում է Աֆղանստանում տեղակայված հայ խաղաղապահ զորախմբի ճակատագրին: Դիմում եմ ԱԺ նախագահությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի պաշտոնական բացատրություն լինի մեր զինծառայողների գտնվելու վայրի, պայմանների հետ կապված»,- ասաց նա:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հայկական զորախումբն Աֆղանստանից վերադարձել է մարտին, ուստի մտահոգվելու կարիք չկա:

Գեղամ Մանուկյանը կրկին արձագանքեց` մարտի 9-ին ՊՆ-ն հայտնել է հայ զորախմբի Աֆղանստանից վերադարձի մասին, սակայն չկա որևէ պաշտոնական հայտարարություն, որ խաղաղապահ առաքելությունը դադարեցվել է:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով` ՊՆ-ն համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, պատգամավորը տեղյակ չէ:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ անդրադարձավ սահմանային իրավիճակին` խոսելով թե՛ Երասխի, թե՛ Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցներից:

Հիշեցնենք, որ երկու ուղղությամբ էլ հայկական կողմն ունեցել է մեկական զոհ:

«Ադրբեջանական կողմի արարքներն ունեն հանցավոր բնույթ, ունեն մարդկանց կյանքից զրկելու դիտավորություն, ամբողջությամբ խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը: Ադրբեջանական զինված ուժերն ամիսներ շարունակ գտնվում են ՀՀ տարածքում, ադրբեջանական կողմի վայրագությունների կապակցությամբ հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունը»,-ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ հանձնաժողովի ամբողջական ձևավորումից հետո այս հարցով քննարկումներ ու լսումներ է հրավիրելու:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ Սեյրան Օհանյանի առաջարկին` ասելով, որ քննարկման պատեհությունը կարող են քննարկել, սակայն առաջարկեց քննարկվող նախագծի բովանդակությանը անդրադառնալ և ճիշտ կառավարել ժամանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter