
ԱԺ-ն քննարկում է Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծը
Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Սևանա լճից լրացուցիչ ջրառ (բացթողում) իրականացնել: Այն ներկայացրեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:
Գործող օրենքով սահմանված է Սևանա լճից մինչև 170 միլիոն մետր խորանարդ բաթողնման ջրի առավելագույն չափաքանակ, ջրաբացթողումներն իրականացվում են կառավարության որոշումներով` ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակում:
Սարգսյանի խոսքով` 2020 թվականի ապրիլի 23-ի կառավարության համապատասխան որոշման համաձայն` Սևանի ջրավազային կառավարման տարածքներում սահմանվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար:
Նախագծով առաջարկվում է Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 միլիոն խորանարդ մետր առավելագույն չափաքանակ:
Ըստ հիմնական զեկուցողի` այս տարվա օգոստոսի մեկի դրությամբ՝ հանրապետութան խոշոր` 12 ջրամբարներում ջրի լցվածությունը եղել է 226.21 մլն խորանարդ մետր, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում` 351.98 մլն խորանարդ մետր, թերլցվածությունը կազմել է 125.77 մլն խորանարդ մետր:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս փոփոխությունների արդյունքում 31,4 հազար հեկտար հողատարածքներ մշակող և ջրի խնդիր ունեցող գյուղացիական տնտեսությունները կունենա՞ն ջուր: Զրային կոմիտեի նախագահը դրական պատասխան տվեց` վստահեցնելով, որ այդ տարածքները ջրի խնդիր չեն ունենա:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցրեց երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը, երբ նա կոչ էր արել դադարել Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա:
Կարեն Սարգսյանն արձագանքեց` Սևանա լիճը միշտ էլ բոլոր կառավարությունների պաշտոնավարման ժամանակ հնարավորություն է եղել գյուղատնտեսության համար հավելյալ ջրառ իրականացնելու, ապա հավելեց` 2008-2014 թվականերին 303 միլիոն մետր խորանարդ ջրառ է իրականացվել:
«Գյուղատնտեսության համար քանի դեռ այլընտրանքային ջրի աղբյուր չունենք, որով կարողանալու ենք դեֆիցիտը լցնել, միանշանակ դիմելու ենք Սևանին»,- ասաց նա:
Մեկնաբանել