
Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են
Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանն ու Իրինա Յոլյանը ձերբակալվել են։ Այս տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Վերջինս նշեց, որ Յոլյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, իսկ Մենուա Հովսեփյանը՝ բացի վերը նշված հոդվածից կասկածվում է նաև Քրեական օրենսգքրի 149․1 հոդվածի 2-րդ մասի 1, 2 կետերով։
Այսինքն՝ Իրինա Յոլյանին վերագրվում է առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանք, իսկ Մենուա Հովսեփյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափի յուրացման և «նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելու» մեջ, որը կատարվել է ծառայողական կախվածությունն, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով։
Քննչական կոմիտեն այս պահին այլ մանրամասներ չի հայտնում։ Գորիսի համայնքապետարանից ևս դեպքի հետ կապված տեղեկություններ չհայտնեցին, միայն հաստատեցին, որ իրավապահները եկել ու համայնքապետարանից տարել են փոխքաղաքապետերին։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել