HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Ազգային մոլ»-ից տուժածները. ովքեր են մոլորեցրել հարյուրավոր տնտեսվարողների

Ձեռագործ զարդերի արտադրությամբ զբաղվող Մագդա Սարգսյանն այս տարվա հունվարի սկզբին տեղեկացել է, որ Երևանում «Ազգային մոլ» անվամբ առևտրի կենտրոն է բացվելու, որտեղ ներկայացվելու են բացառապես հայրենական արտադրողների ապրանքներ: Հունվարի վերջին միացել է նախաձեռնությանը, տարածք է վարձակալել նշված առևտրի կենտրոնում: Սակայն, չանցած երեք ամիս՝ նա և հարյուրավոր տնտեսվարողներ հայտնվել են փակուղում: «Ազգային մոլ»-ի ղեկավարները ֆինանսական խնդիրներ են ստեղծել ինչպես շենքի սեփականատիրոջ, այնպես էլ՝ տնտեսվարողների հետ: 

2021 թվականի հունվարի 30-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում, մեծ միջոցառմամբ բացվեց «Ազգային մոլ» առևտրի կենտրոնը: Նախագիծը ներկայացողները հայտարարեցին իրենց մեգանախագծի, հայրենականը մեկ տանիքի տակ հավաքելու, հզոր տնտեսություն ստեղծելու մասին։ Նրանց հավատացող 350-400 փոքր տնտեսվարող միացավ նախագծին։ Հետագայում պետք է պարզվեր, որ հայրենասիրության վրա խաղադրույք կատարած այս նախագիծը չստացված գաղափար է՝ բազմաթիվ խաբեություններով:  Տնտեսվարողների զգալի հատված, կես տարի էլ չանցած, պետք է հայտնվեր դատական քաշքշուկների մեջ՝ իրենց կորցրած գումարները հետ բերելու համար։ «Հետք»-ը փորձել է բացել այս պատմության թնջուկը, հասկանալ՝ ինչպես է ստեղծվել ու «խորտակվել» «Ազգային մոլ»-ը, և ովքեր են կանգնած եղել դրա հետևում։

«Մեգանախագիծ», «Լավ գործերն ազգովի են անում». մարկետինգ՝ հայրենասիրության անվան տակ

«Ազգային մոլ»-ը բացվեց այն ժամանակ, երբ կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքները տնտեսության ու մարդկանց կյանքում բավականին թարմ էին, մի շարք տնտեսվարողներ արդեն հիասթափվել ու դադարեցրել էին իրենց գործունեությունը։ Նրանց «ոգևորելու» համար «Ազգային մոլ»-ի գովազդը շեշտադրում էր հենց հայրենասիրական գործը, նրանց գովազդներում հաճախ էր շեշտադրվում «մեգանախագիծ», «հզոր տնտեսություն», «լավ գործերն ազգովի են անում» և նմանատիպ այլ արտահայտություններ։

Նախագծի կազմակերպիչներին հաջողվեց կարճ ժամանակահատվածում, հիմնականում սոցիալական ցանցերում ակտիվ գովազդի ու հայրենասիրական տեքստերի միջոցով իրենց շուրջ համախմբել տնտեսվարողների, որոնք մեծ մասամբ փոքր ձեռնարկատերեր են:

Լուսանկարները՝ Yerevan Yerevanciner / Երևան Երևանցիների

«Ազգային մոլը» բացվել է այս տարվա հունվարի վերջին և որպես այդպիսին՝ ընդամենը մոտ երկու ամսվա կյանք է ունեցել։ «Ազգային մոլ»-ը պետական ծրագիր չի եղել, ինչպես շատերն են կարծել։

Կենտրոնը աշխատել է հետևյալ տրամաբանությամբ՝ նախ նախագծի կազմակերպիչները տարածք են վարձակալել Թբիլիսյան խճուղում գտնվող շենքում, որը սկսել են ծառայեցնել որպես «Ազգային մոլ»։ «Ազգային մոլ»-ում տնտեսվարողներն էլ իրենց հերթին են տարածքներ վարձակալել արդեն կազմակերպիչներից, այսինքն՝ տնտեսվարողները դարձել են ենթավարձակալներ:

Բայց այդ տարածքներում վաճառքը ոչ թե տնտեսվարողներն են կազմակերպել, այլ նրանք իրենց ապրանքները հանձնել են կազմակերպիչներին, որոնք պարտավորվել են տեղում կազմակերպել վաճառքն ու իրենց հասանելիք տոկոսները հանելուց հետո մնացած հասույթը փոխանցել տնտեսվարողներին։

Սակայն, այս պայմանավորվածությունը երկար չի տևել: Շուտով ֆինանսական խնդիրներ են առաջացել ինչպես տարածքի սեփականատիրոջ, այնպես էլ ենթավարձակալների՝ տնտեսվարողների հետ:

Խառնաշփոթը սկսվել է տարածքի սեփականատիրոջ՝  Ռուբեն Շախմուրադյանի հետ պայմանավորվածությունը խախտելուց

«Ազգային մոլ»-ի կազմակերպիչները ժամանակին և պայմանավորված կերպով չեն վճարել տարածքի գումարը, մի շարք տնտեսվարողների չեն փոխհատուցել ապրանքների համար և Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեից հեռանալուց հետո շատերին չեն վերադարձրել նախապես գանձված վարձակալության գումարները:

Բացումից ընդամենը երեք-չորս ամիս անց կողմերի միջև ֆինանսական տարաձայնություններ են առաջացել։

Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում գտնվող շենքը, որը վարձակալել են «Ազգային մոլ»-ի  ղեկավարները, պատկանում է գործարար Ռուբեն Շախմուրադյանին։ Նրան է պատկանում «Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ-ն (R & V COMFORT), որը ներմուծում է շինարարական նյութեր, նախագծային աշխատանքներ է կատարում, զբաղվում է նաև կառուցապատմամբ։

«Հետքի» հետ զրույցում Շախմուրադյանը պատմեց, որ ի սկզբանե որպես «Ազգային մոլի» ղեկավար ներկայացած Հովհաննես անունով մի անձ իր հետ պայմանավորվել է տարածքը առաջին երեք ամսում անվճար զբաղեցնելու մասին և միայն չորրորդ ամսից սկսել վարձավճար տալ՝ առնվազն մեկ եռամսյակ վճարովի: Ընդ որում՝ երկրորդ եռամսյակի առաջին երկու ամսվա համար պետք է վճարեին կեսը, երրորդ ամսվա համար՝ երկու երրորդը: Դրանից հետո միայն՝ ամբողջական վճարը:

Սակայն, երեք անվճար ամսվա լրանալուց հետո, չորրորդ ամսվա համար վարձակալները վճարել են մեկ ասմվա վարձ և հայտարարել, որ դեռ չորրորդ ամիսը չլրացած՝ դուրս են գալիս այդ տարածքից։

«Ապակիներն են փչացրել, վնասներ են տվել ու հանգիստ գնացել։  Իրենց սև գործն արեցին՝ և՛ մեզ խաբեցին, և՛ վարձակալներին»,- նշեց Շախմուրադյանը:

Վերջինս այդ հայտարարություններից հետո փակում է շենքի դռները և հայտնում, որ թույլ կտա ապրանքները հանել միայն այն ժամանակ, երբ «Ազգային մոլ»-ը պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարի: Զուգահեռ, այդ հարցով Շախմուրադյանը դիմում է ոստիկանություն։ «Բայց մեր ոստիկանությունը նրանց նկատմամբ ոչ մի բան չի անում»,- դժգոհում է գործարարը։

«Ազգային մոլի» ղեկավարության ներկայացուցիչները՝ գլխավոր ֆինանսական տնօրենը, հաշվապահը և այլք, տնտեսվարողներին հայտնել են, որ վաճառքները Թբիլիսյանում լավ չեն, ինչի պատճառով էլ իրենք պատրաստվում են դուրս գալ այդ տարածքից ու տեղափոխվել Երևանի կենտրոնում գտնվող երկու այլ տարածք։ Սա այն դեպքում, երբ մինչ այդ խոստացել էին ոչ թե տեղափոխվել, այլ ընդլայնվել և երկու նոր մասնաճյուղ բացել։

Այդ գաղափարը տնտեսվարողներին ներկայացնելու համար նույնիսկ կոնֆերանս են կազմակերպել Երևանի հյուրանոցներից մեկում:

Այս դեպքերից հետո «Ազգային մոլ»-ն էլ իր հերթին է դիմել իրավապահներին՝ հայտնելով, որ Շախմուրադյանը խախտում է ենթավարձակալների իրավունքները և թույլ չի տալիս հանել ապրանքը: Դրանից հետո իրավապահները հաստատության դռները կապարակնքում են և հայտնում, որ հետաքննություն են իրականացնում։ 

«Տնտեսվարողների մեծ մասը չի հասցրել հանել իր ապրանքը: Այդ թվում՝ սնունդ և խմիչք, թանկարժեք իրեր և այլն: Ստացվել է, որ և՛ վարձավճարների մասով են տուժել տնտեսվարողները, և՛ ապրանքների»,- պատմում է տնտեսվարող Մագդա Սարգսյանը:

2021 թվականի ապրիլի 5-ին ոստիկանության Քանաքեռ- Զեյթունի բաժնում ստացված հաղորդման հիման վրա հարուցվում է քրեական գործ, որը հետագայում ուղարկվում է Քննչական կոմիտե՝ նախաքննության:

Եվ միայն ամիսներ անց՝ օգոստոսի 16-ին, քննիչի ներկայությամբ բացում են շենքի դռները և տնտեսվարողներին թույլ տալիս հանել իրենց ապրանքները: Մեզ հետ զրույցում քննիչ Ա. Թովմասյանը հրաժարվեց գործի ընթացքի վերաբերյալ մանրամասներ հայտնել:

Փոխարենը Շախմուրադյանը հայտնեց, որ ինքը համաձայնություն է տվել, որ բացեն դռները և հանեն ապրանքները:

«Տնտեսվարողները մեղք չունեն, «Ազգային մոլ»-ի ղերկավարությունն է մեզ խաբել: Փոխարենը այդ ղեկավարությունն իմ դեմ է դատարան դիմել, որ ես թույլ չեմ տվել ապրանքները հանել։ Ես էլ եմ դիմել ոստիկանություն, բայց իրավապահները «Ազգային մոլ»-ի կազմակերպիչներին որևէ մեղադրանք չեն առաջադրել, նրանք իրենց համար հանգիստ հեռացել են` ոչ մի պատասխանատվություն չկրելով»,- ասում է Շախմուրադյանը:

Ապրանքները հանելուց առաջ «Ազգային մոլ»-ի տնօրինությունը հայտարարություն է տեղադրում ֆեյսբուքյան էջում (էջը նախկինում գրանցված էր որպես Ազգային Մոլ / Azgayin mall, ներկայում՝ Ազգային Տեքստիլ / National Textile)։ «Կանխավ նշում ենք, որ մեր կողմից ոչ մի ֆինանսական միջամտություն չի եղել, որ տարածքը բացվի, քանի որ մենք ի սկզբանե տուժող ենք եղել և ոչ մի գումարային պարտավորություն չենք ունեցել։ Ամեն բան արվել է օրենքի տառին համապատասխան, և նույն օրենքով սահմանված՝ մենք ունենք ստանալու հսկայական փոխհատուցում և շուտով կհրապարակենք մեր՝ տուժողի, վարույթ ընդունելու որոշումը՝ ընդդեմ տարածքի տիրոջ»,- նշված է էջում։ Հայտարարությանը կից նաև հեռախոսահամար է նշված, որին այդպես էլ չեն պատասխանում։

Չնայած այս հայտարարությանը՝ ապրանքները շենքից հանելով՝ տնտեսվարողների խնդիրները ամբողջությամբ չեն լուծվել, նրանք դեռևս շարունակում են պայքարել տարածքի վարձակալության վճարները հետ ստանալու համար: Բացի այդ, մի շարք ապրանքներ՝ սնունդը և խմիչքը, մնալով շենքում, վաղուց կորցրել են պիտանելության ժամկետները:

Այս պատմությունն այստեղ չի ավարտվում: Ինչպես նշեցինք վերևում, «Ազգային մոլի» ղեկավարները Թբիլիսյան խճուղում գտնվող շենքից հեռանալուց հետո տնտեսվարողներին առաջարկել են տեղափոխվել երկու այլ մասնաճյուղ Երևանում՝ Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցներում գտնվող հասցեներում: Երկու հասցեում էլ ֆինանսական «աճպարարությունները» շարունակվել են:

«Դեռևս Թբիլիսյան խճուղում գտնվող շենքում աշխատելիս մի քանի տնտեսվարողներ շատ վաղ արդեն կռահել էին, թե ինչ խաբեություններ են տեղի ունենում: Հաշվապահներն ու տնօրենները աշխատանքը, պայմանագրերը շատ փնթի էին վարում: Ես և մի քանիսը կարողացանք ժամանակին ու համառորեն հետ ստանալ մեր գումարները, որ մեծ աղմուկ չանենք: Նույնիսկ, մի անգամ ինձ ասացին՝ քո գումարը փոքր է, քոնը կտանք: Այսինքն՝ եթե փոքր չլիներ, չէին տալու: Սակայն, քչերս կարողացանք մեր գումարները հետ բերել: Չեմ կարող ասել, թե քանի հոգու են այդպես վճարել, բայց վստահ կարող եմ ասել, որ չվճարվողները մեծամասնություն էին»,- պատմում է տնտեսվարող Մագդա Սարգսյանը:

Մեզ հետ զրույցներում տնտեսվարողները նշում են, որ տարբեր չափերի վնասներ են կրել: Ոմանց դեպքում դա կազմել է մինչև 100 հազար դրամ, ոմանց դեպքում՝ մի քանի միլիոն դրամ: «Ազգային մոլ»-ից տուժածները ֆեյսբուքյան փակ խումբ են բացել, որտեղ հրապարակում են իրենց պատմությունները, կորցրած գումարների չափերը և այլն։ Նրանք պատրաստվում են միասին դատարան դիմել, քանի որ հույս չունեն, որ առանց իրավական գործընթացների «Ազգային մոլ»-ի ղեկավարներից կարող են հետ ստանալ իրենց գումարները։ 

Թբիլիսյան խճուղի 26/8-ից՝ Ագաթանգեղոսի 7 և Խորենացի 28

Թբիլիսյան 26/8 հասցեում գտնվող շենքում տարածք վարձակալած  տնտեսվարողներին բացումից դեռ երեք ամիս էլ չանցած՝ զանգել և տեղեկացրել են, որ հապշտապ տեղափոխվում են նախ՝ Ագաթանգեղոսի 7, որտեղ կներկայացվի միայն տեքստիլ արտադրանքը, ապա՝ Խորենացի 28, 1/5, որտեղ էլ կլինեն սնունդը, հուշանվերները և այլն:

Տնտեսվարողներին խոստացել են, որ այն գումարները, որոնք գանձել են նրանցից որպես կանխավճար, կհաշվանցեն և որպես վարձավճար կհաշվեն նշված երկու մասնաճյուղում: Սակայն, տնտեսվարողների մի մասը չի ցանկացել այլևս շարունակել նրանց հետ աշխատել, մի մասն էլ՝ տեղափոխվել է այդ երկու մասնաճյուղ, բայց երկու-երեք ամիս անց դրանք ևս փակվել են, իսկ տնտեսվարողների գումարները կրկին չեն վերադարձվել: Բացի այդ, «Ազգային մոլ»-ի ղեկավարները ոչ ամբողջությամբ են վերադարձրել վաճառված ապրանքների գումարները:

Մարտի վերջերից Ագաթանգեղոսի 7 հասցեում սկսում է գործել «Ազգային տեքստիլ» անունով առևտրի կենտրոնը: Սոցիալական ցանցերում կրկին ակտիվ գովազդ է արվում: Սակայն մինչև հուլիսի կես այն փակվում է:

Ասեղնագործական տեքստիլ իրեր արտադրող «Միսմա» ՍՊԸ-ի ղեկավար Ծովինար Միսկարյանը իր ապրանքները ներկայացրել է նախ Թբիլիսյան խճուղի 26/8 շենքի առևտրի կենտրոնում, ապա տեղափոխվել են Ագաթանգեղոսի 7։ Դեռևս Թբիլիսյան խճուղի 26/8-ում երեք ամսվա կանխավճար են տվել տարածքի համար՝ 87 500 դրամ, իրենց միջոցներով դարակներ են պատրաստել՝ 160 000 դրամ, որը մնացել էր այդ շենքում։ Բացի այդ, մոլի տնօրինությունը նրանց չի վերադարձրել ապրանքների գումարը՝  շուրջ 228 000 դրամ։ Ագաթանգեղոսի 7 տեղափոխվելուց հետո ևս այդ գումարները չեն վերադարձվել։ «Դեռ վերևից սկսած՝ բոլոր ֆինանսական հարցերին ասում էին այսօր կամ վաղը: Սկզբից տեղափոխել էին Խորենացի փողոց, հետո տեքստիլն առանձնացրին, բերեցին Ագաթանգեղոս փողոց՝ համոզելով, որ շատ լավ է ու լավ է լինելու: Մենք էլ հավատում էինք, որ մի օր լավ կլինի: Զանգել ու հանդիպել ենք բոլորին։ Իրար վրա գցելով՝ խուսափում էին ֆինանսական հարցերից»,- պատմում է Ծովինար Միսկարյանը։

Ագաթանգեղոսի 7 տեղափոխվելուց գրեթե երկու ամիս անց տնտեսվարողներին կրկին հայտարարել են, որ նոր ղեկավար է նշանակվում, հայտնվել ու «անհետացել են» երիտասարդները՝ Սերժ, Գևորգ անուններով, որոնք ներկայացել են որպես համակարգողներ, տարածքի տերեր և այլն։ Հույսը կորցրած տնտեսվարողները դուրս են եկել նաև այս կենտրոնից։

«Համոզված ենք, որ հենց սկզբից մտածված տարել են խաբեության՝ շահարկելով հայկականը, նոր լինելը, էմոցիոնալ դաշտը: Ափսոսում ենք, որ բոլորիս համար ունեցավ այսքան վատ ավարտ, բայց հույս ունենք, որ հանրայնացնելով, պետական կառույցներին դիմելով՝ բազմաթիվ հայ արտադրողների ձայնը տեղ կհասնի, որովհետև բոլորը ինչ-որ ձևով խաբվել են: Ու, ամեն դեպքում, չեմ հասկանում՝ ի՞նչու պետությունը քայլեր չի գործարկում այսքան խաբվածներին տեր կանգնելու համար, ինչու՞ պետք է այսքան խաբված հայ արտադրող ելքեր փնտրի իր իրավունքները պաշտպանելու համար, դիմի դատարան, ոստիկանություն, դատախազություն և այլն»,- ասում է Ծովինար Միսկարյանը։

Ագաթանգեղոսի 7 հասցեում այսօր էլ գործում է խանութ՝ «Հայկական» անունով, որտեղ հայկական արտադրության հագուստ, պայուսակներ ու աքսեսուարներ են վաճառվում։ Մեր այցելության ժամանակ աշխատակիցները հավաստիացրին, որ «Ազգային մոլ»-ի և «Ազգային տեքստիլ»-ի հետ կապ չունեն:  

Իսկ Խորենացի 28, 1/5 հասցեում գտնվող մասնաճյուղը աշխատել է մինչև մայիսի կես: Կրկին փակել են՝ պատճառաբանելով, թե ֆինանսական դրությունը վատթարացել է, և այլևս չեն կարող շարունակել աշխատել:

Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը տուժողներից է: «Տարածք վարձակալեցինք այդ կենտրոնում, որտեղ ներկայացրել ենք մեր արտադրած հուշանվերները: Մեզ աջակցող «Ջինիշյան» հիմնադրամի միջոցով վճարեցինք տարածքի վարձակալության 12 ամսվա գումարը, սակայն ընդամենը 10 օր անց անց իմացանք, որ փակվել է: Մինչև հիմա հետ չենք ստացել մեր վճարած գումարները»,- պատմում է Անուշը: 

«Գիտելիքահենք հասարակություն» գիտակրթական ՀԿ-ն ձեռագործ իրեր է պատրաստում, որոնց վաճառքից ստացվող հասույթը փոխանցվում է քաղցկեղի դեմ պայքարող անձանց։ ՀԿ-ի հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը պատմում է, որ իրենց աշխատանքները նախ ներկայացրել են Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում, հետո՝ Խորենացի 28-ում։ «Խորենացի տեղափոխվելուց հետո մեզ հետ նոր պայմանագրեր չեն կնքվել։ Ոչ էլ հին պարտքերն են վերադարձվել»,- ասում է Նվարդ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Խորենացի 28-ում ևս տնօրենները խուսափել են իրենց հետ հանդիպել, զանգերին չեն պատասխանել։ Տնտեսվարողները հասկացել են, որ անիմաստ է շարունակել աշխատելը։ Մայիսի կեսերին կենտրոնը փակվել է։ Տնտեսվարողները տեղեկացել են, որ այդ տարածքում «Երևանի Սիթի»-ի նոր մասնաճյուղ է հիմնվելու:

Կադաստրային փաստաթղթերից տեղեկացանք, որ ներկայում այս տարածքի սեփականատերն է «Արմենմոտոր» ՓԲԸ-ն, որը զբաղվում է կենցաղային տեխնիկայի արտադրությամբ, իսկ վարձակալը գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Սիթի» ՍՊԸ-ն է:

Այս խառնաշփոթի արդյունքում, այսօր կան «Ազգային մոլ»-ին առնչվող իրավական գործընթացներ և մի խումբ խաբված տնտեսվարողներ։

Ովքե՞ր են կանգնած «Ազգային մոլի» հետևում. տարբեր ՍՊԸ-ներ, լուծարված ընկերություն, հաճախակի փոխվող տնօրեններ, հաշվապահներ և այլք

Ի սկզբանե «Ազգային մոլի» ղեկավարությունը տարբեր անձանց միջոցով է ներկայացել տնտեսվարողներին, հաճախակի փոխվել են տնօրենները, հաշվապահները, արտահանման գծով ղեկավարը և այլք։ Բայց թե ով է նախագծի հեղինակն ու գլխավոր մասնակիցը, տնտեսվարողները այդպես էլ չեն իմացալ։ Միայն ոմանց հաջողվել է մեկ-երկու անգամ տեսնել այդ անձին՝ Հովհաննես Մարգարյանին, որի անունը մոլի հետ կապվող ոչ մի փաստաթղթում չի երևում։

Առևտրի կենտրոնը բացվելուց երեք ամսվա ընթացքում «Ազգային մոլի» ֆինանսական գծով տնօրեն է ներկայացել Սարգիս Մազմանյանը, որպես կոմերցիոն տնօրեն՝ Ռոմելա Հայրապետյանը, գլխավոր հաշվապահ՝ Մարինե Պողոսյանը, արտահանման բլոկի ղեկավար՝ Աննա Բեկլյարովան, փաստաթղթերով ընկերությունների սեփականատերեր Լիլիթ Հայրապետյանը և Սաթենիկ Մուրադյանը, վարկային մասնագետ Գոռ Քերոբյանը ու բազմաթիվ այլ անձինք։ Նրանք են աշխատել տնտեսվարողների հետ, զբաղվել պայմանագրերով ու վճարներով։ 

«Ազգային մոլ»-ի ներկայացուցիչները՝ կոնֆերանսի ժամանակ

Այն բոլոր հեռախոսահամարները, որոնք պատկանել են վերևում նշված անձանց՝ տնօրեններ, հաշվապահներ, օգնականներ և այլք, այժմ կամ անհասանելի են, կամ չեն պատասխանում զանգերին։ Մեզ հասած մոտ երկու տասնյակ համարներից և ոչ մեկով չհաջողվեց կապ հաստատել այդ անձանց հետ։ Նրանք չեն պատասխանում նաև տնտեսվարողների զանգերին։

Մեզ միայն հաջողվեց կապ հաստատել Սարգիս Մազմանյանի հետ, ով նշեց, որ զուտ որպես աշխատակից է միացել «Ազգային մոլին», աշխատել է երեք ամիս, և երբ Թբիլիսյան խճուղում գտնվող կենտրոնը փակվել է, դուրս է եկել աշխատանքից։ Այլ մանրամասներ հրաժարվեց հայտնել, միայն նշեց, որ կենտրոնի ու ղեկավարների հետ կապ չունի այժմ։

«Ազգային մոլ»-ի ղեկավարները տնտեսվարողների հետ վարձակալության և մատակարարման պայմանագրեր են կնքել առնվազն երեք ընկերության միջոցով։ Բայց հետագայում «Ազգային մոլ»-ը՝  ի դեմս այդ ՍՊԸ-ների, խախտել է պայմանագրի կետերը, երբ դուրս է եկել Թբիլիսյան խճուղում գտնվող շենքից և չի վերադարձրել նախապես ստացված գումարները:

Ի դեպ, այն տնտեսվարողների հետ, որոնք ավելի հետևողական են գտնվել և՛ վարձակալության, և՛ ապրանքների մատակարարման պայմանագրեր են կնքվել։ Իսկ ովքեր մատակարարման պայմանագիր չեն պահանջել, միայն վարձակալության պայմանագիր են կնքել։

Տնտեսվարողների մի մասը պայմանագրեր են կնքել «Կրեդիտդոկտոր ֆինքոնսալթինգ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ պետական ռեգիստրի՝ ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի օգոստոսին։ Մինչև 2021 թվականի մարտի կեսերը այն 100%-ով պատկանել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքի բնակիչ Սաթենիկ Մուրադյանին։ Մարտից ընկերության 100% սեփականատերը և տնօրենը Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի բնակիչ Լիլիթ Հայրապետյանն է։

2020 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2021-ի մարտի 12-ը «Կրեդիտդոկտոր ֆինքոնսալթինգ» տնօրենը Սաթենիկ Մուրադյանն է եղել, 2021-ի մարտի 12-ից մինչև նույն ամսվա 24-ը՝ Սարգիս Մազմանյանը, դրանից հետո՝ Լիլիթ Հայրապետյանը։

Հաջորդ ընկերությունը, որի միջոցով տնտեսվարողների հետ պայմանագիր են կնքել «Ազգային մոլ»-ի ղեկավարները, «Համազգային գործարարների միություն» ՍՊԸ-ն է։ Ընկերությունը գրանցվել է 2021 թվականի հունվարի 13-ին։ Սկզբում ընկերության 100% սեփականատերը և տնօրենը հանդիսացել է Երևանի բնակիչ Աննա Դավթյանը։ Ընդամենը մեկ ամիս անց՝ փետրվարի 16-ին, սեփականատեր և տնօրեն է դարձել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչ Ալինա Ավետիսյանը։ 

Երրորդ ընկերությունը «Սպիտակ և սև» ՍՊԸ-ն է։ Սա երեք ընկերությունից ամենահինն է։ Ստեղծվել է 2007 թվականի փետրվարին։ Ընկերության 100% սեփականատերը Վարդան Բունիաթյանն է, ում անունով ժամանակին գործել է ևս մեկ ընկերություն, որը ներկայում լուծարված է: Ներկայում դադարեցված է նաև «Սպիտակ և սև»-ի գործունեությունը։

Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերում այդ երեք ընկերության անուններն են, սակայն չի բացառվում, որ դրանց փոխկապակցված այլ ընկերություններ ևս կան։

Հովհաննես Մարգարյան՝ իրական ղեկավարը

Ու չնայած «Ազգային մոլ»-ի փաստաթղթերում աշխատակիցների անուններն են և տնտեսվարողների հետ էլ աշխատել են այդ անձինք, սակայն այս նախագծի հեղինակն ու իրական ղեկավարը Հովհաննես Մարգարյանն է: Նա ներագրավված է նաև այլ նախագծերում:

Հովհաննես Մարգարյանի անունը «Ազգային մոլ»-ի հետ կապված որևէ փաստաթղթում չի երևում: Տնտեսվարողների մի մասը երբեմն նրան տեսել է կենտրոնի ղեկավարների համար նախատեսված աշխատասենյակում, սակայն վերջինս ամեն կերպ հեռու է մնացել և չի շփվել տնտեսվարողների հետ:

Ի սկզբանե՝ Ռուբեն Շախմուրադյանի հետ տարածք վարձակալելու համար պայմանավորվել է հենց Հովհաննես Մարգարյանը:

Լուսանկարը՝ Հովհաննես Մարգարյանի ֆեյսբուքյան էջից 

Հովհաննես Մարգարյանը ակտիվ մասնակցել է 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին: Լուսանկարներում՝ նա քարոզարշավների ժամանակ Դավիթ Սանասարյանի կողքին է եղել: Դավիթ Սանասարյանն այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» անդամ էր։

Լուսանկարը՝ Հովհաննես Մարգարյանի ֆեյսբուքյան էջից 

Հովհաննես Մարգարյանին ու նրա հարազատներին են պատկանում «Զինվորի Քավոր Մարգարյան» բարեգործական ՀԿ-ն և նրանց փոխկապակցված «Զին տաքսի» տաքսի ծառայությունը («Զինտաքսի» ՍՊԸ):  Տաքսի ծառայությունն ու ՀԿ-ն ակտիվ գործունեություն են իրականացրել հատկապես 2018-2019 թվականներին: Համացանցում տարածված են նրանց տեսանյութերը, որտեղ կոչ են անում օգտվել իրենց տաքսի ծառայությունից, քանի որ իրենք հասույթի մեծ մասը՝ 80%-ը, տրամադրում են բարեգործությանը՝ զինվորներին: Հետագայում, լրատվամիջոցները փորձել են պարզել նրանց հայտարարության իսկությունը, սակայն «Զին տաքսիի» ղեկավարները այդպես էլ ապացույցներ չեն ներկայացրել: Ըստ պետական ռեգիստրի՝ «Զինտաքսի» ՍՊԸ-ի նկատմամբ այժմ կիրառված է սահմանափակում: Արգելանք է դրված  ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա։

Հովհաննես Մարգարյանի և նրա հարազատների հետ է կապվում նաև արևային կայաններ գովազդող  Yerevan Energy City էջը, որում նշված հեռախոսհամարներին այդպես էլ պատասխանող չեղավ: Նրա անվան հետ կապված այլ ընկերություններ և պատմություններ ևս շրջանառվում են, սակայն ստուգելու համար արդյոք դրանք հավաստի են, մեր ունեցած տվյալները չեն բավարարում: Մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները հարցաքննել են Հովհաննես Մարգարյանին։

Հեռախոսահամարը, որով Հովհաննես Մարգարյանը «Ազգային մոլ»-ի նախագիծը պլանավորելիս կապվել է տարբեր տնտեսվարողների ու Շախմուրադյանի հետ, անհասանելի է: Այնուամենայնիվ, պատրաստ ենք հրապարակել նաև թեմայի վերաբերյալ Հովհաննես Մարգարյանի և «Ազգային մոլ»-ի հետ առնչություն ունեցող անձանց մեկնաբանությունները:

Իսկ մինչև նրանք կգտնվեն, տնտեսվարողների մի խումբ մտադիր է շարունակել պայքարն արդեն դատարանում։ Նրանք նաև հույս ունեն, որ իրավապահ մարմիններն ու պետական կառույցները ուշադրություն կդարձնեն այս խնդրին, քանի որ խոսքը հարյուրավոր տնտեսվարողների մասին է։ 

Գլխավոր լուսանկարը՝  Yerevan Yerevanciner / Երևան Երևանցիների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter