HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքների քաղաքացիական պաշտպանության պլանը վերամշակման և ճշգրտման կարիք ունի

Արարատի մարզի համայնքներում 2021թ. առաջին կիսամյակում մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովն արձանագրել է, որ համայնքների «քաղաքացիական պաշտպանության պլանը վերամշակման և ճգրտման կարիք ունի», «շչակը չի աշխատում» կամ «եւս մեկ շչակի անհրաժեշտություն կա»: 

Թերությունները շտկելու համար մարզպետարանը մինչև 20 օր ժամանակ է տրամադրում համայնքներին, սակայն հայտնի չէ, թե ադրբեջանական կրակակետի տակ գտնվող Արարատի մարզի համայնքապետերը որքանով լուրջ են վերաբերվել այս դիտողություններին: Տրամաբանությունը հուշում է, որ մոտ մեկ տարի պատերազմի մեջ ներքաշված պետությունում այս հարցերն առաջնային կարևորություն պետք է ունենային, բայց այդպես չի եղել: 

Այս հրապարակման մեջ ներկայացրել ենք, թե Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում ինչպիսի խախտումներ են գրանցել մարզպետարանների իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող հանձնաժողովները: 

Ժամանակին իրավական և մասնագիտական հսկողության հարցաշարը մշակվել էր այն մոտեցմամբ, որ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված գործառույթների կատարումը դիտարկվեր բոլոր ոլորտներում՝ կամընտրության հնարավորություն չթողնելով հսկողություն իրականացնող հանձնաժողովին: Այդպես համայնքներում կապահովվեր մասնագիտական հսկողության միասնականությունը, հնարավորություն կլիներ վերհանել համայնքում առկա բոլոր խնդիրները և լուծումներ գտնել:

Արարատի մարզպետարանն առաջին կիսամյակում ընդգրկված 20 համայնքներից առանձնակի բծախնդրությամբ ուսումնասիրել է միայն Ավշարի համայնքապետարանի 2020-21 թթ.-ի վարչարարությունը: Մասնագիտական հսկողության ծավալուն հարցաշարը միայն այս համայնքում է ամբողջությամբ լրացված: Խնդիրը քաղաքական է. համայնքի ղեկավարը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո միացել էր վարչապետ Ն. Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերին:

Ավշարում արձանագրված խախտումները վերաբերում են համայնքապետարանի կիրառած վարչարարությանը, հիմնականում` թղթաբանության բացթողումներին՝ ծառայություններ մատուցող ընկերությունների համար աշխատակարգ և պարտականություններ սահմանելուն: 

Արմավիրի մարզի համայնքներում բուջեն ո'չ ավագանին է վերահսկում, ո'չ էլ աուդիտ է իրականացվում

Արմավիրի մարզպետարանն այս տարվա առաջին կիսամյակում իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացրել մարզի 20 համայնքներում: Հսկողությունն իրականացնող հանձնաժողովը, հիմնականում, բյուջեն է կարևորել և արձանագրել է, որ 2020-2021թթ.-ին համանքային բուջեն չի վերահսկում ո'չ ավագանին, ո'չ էլ մասնագիտացված կազմակերպությունն է աուդիտ իրականացնում։ Համայնքների ղեկավարները բյուջեի տարեկան և եռամսյակային հաշվետվությունները չեն ներկայացրել ավագանու հաստատմանը: 

Բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ չեն ներառել տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով:

Գույքահարկի և հողի հարկի գումարները ուշացումով են մուտքագրվել համայնքի սպասարկող գանձապետական հաշվին: Հողի հարկի և գույքահարկի վարձավճարները չվճարող անձանց նկատմամբ համայնքների ղեկավարները միջոցներ չեն ձեռնարկում: Գրանցվել են դեպքեր, երբ 2019թ. համար չեն սահմանվել տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը: Բացակայում են համայքապետարանի շահագործած սեփական տրանսպորտային միջոցների վառելիքի ծախսը հիմնավորող փաստաթղթերը (գազ, բենզին): Աղբահանությունը կազմակերպելու համար համայնքապետարանին պատկանող բեռնատար մեքենայի վառելիքի ծախսը, վառելիքը բաց է թողնվել առանց երթուղային թերթիկների լրացումների և առանց հայտ-պահանջագրերի:  

Ուսումնասիրված ժամանակահատվածում՝ 2018-2020թթ.-ին, բազմաթիվ համայնքներում ավագանին ջրամատակարարման համար տեղական վճար չի սահմանել (Հացիկ, Գեղակերտ, Այգեվան, Արմավիր և այլն), սակայն բյուջեից տարեկան 8-9 մլն դրամ, նույնիսկ` 10-13 մլն դրամ (Ջանֆիդա) է ծախսել՝ խորքային հորերը վերանորոգելու և էլեկտրաէներգիայի վարձը վճարելու  համար:

Օրինախախտում թույլ տված համայնքներին հանձնաժողովն առաջարկել է խմելաջրի տեղական վճար սահմանել: 

Օրինախախտումներով բյուջեից կատարվող ծախսերից բացի, հսկողության ենթարկված որոշ համայնքների ղեկավարներ թերացել են համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հաշվառումը կատարելու հարցում: Սահմանված ժամկետում ձեռք բերված նոր գույքը չեն գրանցել, սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը չեն ներկայացրել ավագանու հաստատմանը: Համայնքի բյուջեի միջոցներով գույք ձեռք բերելու և այն չհաշվառելու դեպք են գրանցել Կողբավան համայնքում: 2020թ.-ին համայնքի ավագանու որոշումով բյուջեի ֆոնդային մասից 1 մլն 400 000 դրամ է հատկացվել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքին բնակարան ձեռք բերելու համար, սակայն այն չի հաշվառվել համայնքի գույքագրման փաստաթղթերում

Հանձնաժողովը գրանցել է նաև գնումների ընթացակարգային խախտումներ:

Իրավական հսկողության ենթարկված գրեթե բոլոր համայնքներում (Տալվորիկ, Ծաղկալանջ, Նորապատ, Մեծամոր, Գրիբոյեդով, Կողբավան և այլն) արձանագրվել է, որ ավագանու անդամներից մեկը կամ երկուսը ողջ տարին, երբեմն` ավելի երկար ժամանակահատված չեն մասնակցել ավագանու նիստերին, սակայն ավագանին նրանց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում չի կայացրել: 

Նույն խնդիրն արձանագրվել է նաև Արարատի մարզի համայնքներում. ավագանու անդամներից ոմանք տարվա ընթացքում չեն մասնակցել նիստերի կեսից ավելիին, բայց նրանց լիազորությունները դադարեցնելու մասին որոշումներ չեն ընդունվել:

Գրեթե բոլոր համայնքներում, ըստ հանձնաժողովի արձանագրության, բնակիչներին դրամական օգնությունները տրամադրվում են առանց սոցիալական աջակցության չափորոշիչների սահմանման: Ավագանուն առաջարկվում է խնդիրները լուծելու համար կամավոր չափորոշիչներ սահմանել: Սա այն հարցերից է, որ երկու տասնամյակ լուծում չի ստանում, մարզպետարանն ամեն 2-3 տարին մեկ նույն համայնքում արձանագրում է  նույն փաստը և թերացումները շտկելու առաջարկներ ներկայացնում: Իհարկե, ոչինչ չի շտկվում, բայց դրանից մարզպետների լավատեսությունը չի նվազում:

Արարատի մարզպետի ձևավորած հանձնաժողովն, այլևս չսպասելով արձանագրված խախտումները վերացնելու համար սահմանված ժամկետից հետո համայնքապետարաններից ստացվող փաստական հավաստիացումներին, լավատեսական կանխատեսումներ է արել՝ «թերությունները կշտկվեն», «հայտնաբերված խախտումը մինչև նշված ժամկետը կվերացվի» և այլն:

Արարատի և Արմավիրի մարզերում իրականացված հսկողության արձանագրությունների ուսումնասիրությունը փաստում է, որ մարզպետարաններն ավանդույթներից հրաժարվելու ցանկություն չունեն: Արմավիրի մարզում հանձնաժողովը կարևորել է միայն բուջեի մուտքերի ապահովումն ու ծախսումները, մնացյալ ոլորտներում ՏԻՄ-երի գործունեությունը չի գնահատվել: 

Հարկ է նշել, որ հանրապետութան 10 մարզերից 5-ն են հրապարակել իրավական հսկողության արդյունքները՝ Արմավիր, Արարատ, Կոտայք, Շիրակ, իսկ Գեղարքունիքի մարզը միայն առաջին եռամսյակի արդունքներն է հրապարակել: Սյունիքի մարզում այս տարի հսկողություն է նախատեսված երկու համայնքում՝ Գորիսում՝ 2-րդ եռամսյակում, որի արդյունքները չեն հրապարակվել, եւ Սիսիանում, որտեղ այն կիրականացվի աշխատանքային չորրորդ եռամսյակում: Մյուս մարզերի՝ Արագածոտն, Լոռի, Տավուշ, Վայոց ձոր իրավական հսկողության արդյունքները չեն հրապարակել, թեւեւ հսկողության իրականացման սահմանված կարգով ենթակա են պարտադիր հրապարակման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter