HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարապետ Չալյան. «Իմ մեդալը մրցավարները պարզապես նվիրեցին ադրբեջանցուն»

Օլիմպիական մեդալը ցանկացած մարզիկի երազանքն է: Օլիմպիադան այն տեղն է, որտեղ էական չէ, թե ինչ գույն ունի քո հաղթանակը եւ ինչ հարգի մետաղից է պատրաստված մրցանակը՝ ոսկի, արծաթ, թե բրոնզ: Դու մնում ես օլիմպիադայի պատմության մեջ որպես օլիմպիական խաղերի հաղթող: «Եթե թույլ մարզիկ ես ու գիտես էդ մասին, գնում ես մրցումներին ու պարտվում՝ էդքան կարող է չնեղվես, բայց երբ գիտես, որ ուժեղ ես՝ գնում ես մենակ հաղթանակ բերելու մտադրությամբ ու մրցավարական սխալի կամ «հատուկ» վերաբերմունքի պատճառով ես պարտություն գրանցում, դրանից վատ բան չկա»,- ասում է գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը:

Տոկիո-2020 օլիմպիական խաղերին Գյումրիից մասնակցում էին երեք մարզիկ՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը: Երեք մարզիկից էլ սպասումները մեծ էին, սակայն սպասված ոսկին այդպես էլ չեկավ Հայաստան: «Էս օլիմպիադան մեդալ բաժանելու տեղ էր, պարզվեց: Ասենք տպավորություն էր, որ եթե տվյալ երկիրը, տվյալ մարզաձեւից մեդալ չունի, իրան անպայման պիտի մեդալ տան՝ առանց հաշվի առնելու թույլ է մարզիկը, թե ուժեղ»,- նկատում է Կարապետ Չալյանը՝ որպես վառ օրինակ մատնանշելով իր եւ ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռաֆիգ Հուսեյնովի գոտեմարտը: Միավորների 4:1 հարաբերակցությամբ Չալյանը պարտվել էր բրոնզե մեդալի համար մղվող պայքարում: Երեք միավոր, ըստ հայ ըմբիշի, մրցավարները պարզապես նվիրել են ադրբեջանցուն: 

Կարապետի մոտ պարտությունից հետո առաջացած ընկճվածությունը սկսել է քիչ-քիչ տեղի տալ: Խոստովանում է, որ «Հետք»-ն առաջին լրատվամիջոցն է, որին համաձայնել է հարցազրույց տալ: «Խոսելու տրամադրություն չկար, արդարանալու՝ առավել եւս,- բացատրում է զրուցակիցս,- բոլորն էլ պարզ տեսան, որ մրցավարները պարզապես նվեր արեցին ադրբեջանցուն, որովհետեւ այդ երկիրը տվյալ քաշային կարգում մեդալ չուներ: Նույն ձեւով անարդար դատեցին Արթուր Ալեքսանյանին, նույն կերպ վարվեցին Հովհաննես Բաչկովի հետ: Իմ պարագայում, 30-րդ վայրկյանին, չգիտես ինչու, 2 անգամ դիտողություն արեցին գլխով խփելու համար, երբ նման բան չկար ու միավոր տվեցին մրցակցիս, հետո մի միավոր էլ տվեցին, երբ մեր մարզիչները բողոքարկեցին: Այսինքն իմ մեդալը, մրցավարներն ուղղակի նվիրեցին ադրբեջանցուն: Իրան ասել էին էս ձեւ կաշխատես՝ մեդալը քոնն է, ինքն էլ շատ լավ էդ առաջադրանքը կատարեց»:

Կարապետը Տոկիո էր մեկնել վնասվածքներով, սակայն պնդում է, որ վերջին պարտության մեջ դրանք մեծ դերակատարում չեն ունեցել: Հոգեբանական խնդիր չի եղել նաեւ մրցակցի ազգության հետ կապված: «Սպորտում էական չէ, թե դիմացինդ ինչ ազգության ներկայացուցիչ է»,- շեշտում է Չալյանը՝ հիշեցնելով, որ ինքն այն մարզիկներից մեկն էր, որ 2015թ.-ին Բաքվում մասնակցել է եվրոպական խաղերին: «Դահլիճի կողմից ճնշում ամեն տեղ էլ կա՝ հակառակորդի երկրպագուների կողմից, բայց էս դեպքում դա էլ չկար, որովհետեւ առանց հանդիսատես էին ընթանում մրցումները, աղմուկ չկար, հնարավորություն կար մարզչին ավելի պարզ լսելու»,- ասում է զրուցակիցս:  

Կարապետ Չալյանի համար մրցումային են եղել օգոստոսի 2-ը եւ 3-ը: Խումբը Տոկիո է հասել հուլիսի 31-ին: Կարապետն ասում է, որ նման դեպքերում ադապտացիոն շրջանը պետք է կարճ լինի, որ մարզիկը կարողանա մարզավիճակը պահել: «Մրցումներից մեկ-երկու օր առաջ տեղ հասնելն է ճիշտ, որովհետեւ եթե նայենք ադապտացիային, դրա վրա մի տաս օր գնում է: Մենք միշտ տոմսն այնպես ենք առնում, որ հասնենք տեղ ու մի երկու օրից մտնենք գորգ: Վատն էս անգամ էն էր, որ մրցամարտի ժամանակ ներկա մասաժիստ բժիշկ չկար: Ե՛վ ես, ե՛ւ Արթուրը մկանի ձգում ենք ունեցել: Պատվիրակությունը մեկ ընդհանուր բժիշկ ուներ, բայց ինքը ո՞ր մեկին հասցներ: Ստացվում է, որ դա էլ է մնում մարզչի վրա»,- նկատում է Չալյանը:

Գյումրեցի մարզիկը ըմբշամարտով զբաղվում է 2003թ.-ից: 2010թ.-ից հանդես է եկել տարբեր միջազգային մրցաշարերում: 2013թ.-ին դարձել է պատանիների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն մինչեւ 74 կգ քաշային կարգում: 2015թ.-ին մասնակցել է Բաքվում անցկացված եվրոպական խաղերին: 2016թ.-ին Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ մինչեւ 75 կգ քաշային կարգում: Չալյանը, պարտվելով 2019թ.-ին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մինչեւ 77 կգ քաշային կարգում, նվաճել է արծաթե մեդալ՝ հաղթելով ռուս ըմբիշ Ալեքսանդր Չեխիրկինին: Կարապետ Չալյանը 28 տարեկան է:

Ապագա պլաններից Կարապետը չի խոսում: Ասում է՝ պիտի վերականգնվի հոգեպես եւ ֆիզիկապես: Կմասնակցի արդյոք մարզիկի երեք տարի անց Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերին, ցույց կտա ժամանակը: «Ցանկություն կա, բայց չգիտեմ՝ ինչ կլինի ապագայում: Տարիքը չի խանգարի, որովհետեւ էս օլիմպիական խաղերին հաղթող կար իմ քաշային կարգում՝ հունգարացի մարզիկը 35 տարեկան էր: Եթե որոշեմ թողնել սպորտը, մարզչական գործունեությամբ հաստատ չեմ զբաղվի, դա շատ ծանր գործ է: Կգնամ մի ոլորտ, որը կապ չի ունենա սպորտի հետ, հավանաբար բիզնեսով կզբաղվեմ: Սրանք ուղղակի մտքեր են դեռ»,- զրույցը եզրափակում է Կարապետ Չալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter