
Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են, ժամը 15:00-ից հանքավայրի տարածքում կրակոցներ են հնչում
Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող: Կրակոցների պատճառով դադարեցվել են Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքները, աշխատակիցները տարհանվել են:
Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում մանրամասն պատմում է, թե ինչու են տարհանվել աշխատակիցները, և ինչ իրավիճակ է տեղում:
Ի՞նչ իրավիճակ է այժմ հանքավայրում, բոլոր աշխատակիցներն են տարհանվե՞լ:
Տվյալ պահին իրավիճակը լարված է: Ինչպես տեղյակ եք` գիշերն արդեն դեպք էր գրանցվել: Մինչ գիշերվա ժամը 3-ը կրակոցներ էին հնչում, ստիպված էինք դադարեցնել հանքավայրի աշխատանքները: Ցերեկը` 15:00-ի սահմաններում, կրկին լարված իրավիճակ ստեղծվեց: Անկանոն կրակոցներ էին հնչում հենց հանքավայրի տարածքով: Քանի որ սահմանային գոտին անցնում է հենց հանքավայրի տարածքով, ստիպված եղանք կրկին դադարեցնել հանքավայրի աշխատանքները և տարհանել բոլոր աշխատակիցներին, որոնք այդ պահին աշխատում էին: Մինչ այս պահը` մոտ 30 րոպե առաջ եմ խոսել, կրակոցներն անկանոն շարունակվում են:
Նկատե՞լ եք` ինչից են սկսվում այդ կրակոցները:
Ամբողջ սահմանագծով սկսվում է` դեպի Կութ են կրակում, դեպի Սոթք են կրակում, դեպի հանքավայր են կրակում: Այդ հարցը երևի լիազորված մարմիններին ուղղեք:
Ե՞րբ են վերսկսվելու հանքավայրի աշխատանքները:
Դադարեցնեն կրակոցները, որ սկսենք: Սա արդեն վերջին ամսվա մեջ 5-րդ դեպքն է: Հուլիսից սկսվել էին այդ անկանոն կրակոցները, որոնք խափանում էին հանքավայրի աշխատանքը: Սա երևի մի նոր իրականություն է, մենք էլ որոշ չափով արդեն իմունիտետ ենք ձեռք բերել, արդեն միջոցառումներ ունենք, ճկուն արձագանքում ենք ստեղծված իրավիճակին և բոլոր պահերին պատրաստ ենք լինում` թե՛ աշխատակիցների ապահովությունն ու անվտանգությունն ապահովելու, թե՛ տեխնիկան մասամբ հետ քաշելու հարցերում, որպեսզի մեծ բռնկումներ չլինեն, հրդեհային իրավիճակ չստեղծվի:
Մարդկանց անվտանգության և պաշտպանության համար կոնկրետ ի՞նչ միջոցառումներ եք իրականացնում:
Առաջին կրակոցից կանգնեցնում ենք աշխատանքները, տարհանում ենք մարդկանց: Տրանսպորտը միշտ պատրաստ է լինում, որ աշխատակիցներին հանքավայրի տարածքից հրատապ տարհանի:
Քանի՞ աշխատակցի անվտանգության մասին է խոսքը:
Ընդհանրապես հանքավայրում զբաղված է 600 աշխատակից, բայց ամեն արտադրական հերթափոխի ժամանակ մոտ 200 հոգի աշխատում է: Եվ ամեն անգամ կրակոցի ժամանակ այդ 200 հոգուն տարհանում ենք: Դրա համար տրանսպորտը միշտ տեղում, պատրաստ կանգնած է: Ավտոպարկը պատրաստ է լինում, և մեծ մեքենաներ են տեղում աշխատում` վառելիքով, դրանք էլ ենք պարտադիր հետ քաշում մեծ հրդեհի բռնկումից խուսափելու համար: Մենք մեր անելիքը ճգնաժամային իրավիճակում արդեն գիտենք:
Ե՞րբ եք վերսկսում աշխատանքները` սպասում եք Պաշտպանության նախարարությունն ասի` անվտանգ է աշխատելը, թե՞ ինքներդ եք որոշում կայացնում:
Մենք ունենք մեր անվտանգության շուրջօրյա ծառայությունը, որը մշտական մոնիտորինգ է անցկացնում, հսկում է, և երբ տեսնում ենք, որ կրակոցները դադարել են, վերսկսում ենք կանոնավոր աշխատանքները:
Կա՞ հանքավայրի հետագա շահագործման վերաբերյալ որևէ որոշում, հակառակորդին մնացած հատվածում շարունակվելո՞ւ են աշխատանքները, թե՞ ոչ: Բանակցություններն ի՞նչ ընթացք են ստացել, կա՞ որևէ արդյունք:
Սպասում ենք միջպետական դելիմիտացիային և դեմարկացիային: Կարծում եմ` հանքավայրի հետագա ճակատագիրը պարզ կլինի միջպետական դեմարկացիայից և դելիմիտացիայից հետո:
Մեկնաբանել