HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրում բանալու թելով խեղդել են 59-ամյա կնոջը. ոստիկանություն

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ երկու օր առաջ «ինսուլտ և թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ բուժօգնության ընդունված 59-ամյա կինը օգոստոսի 12-ին մահացել է, իսկ 24 ժամ անց դիահերձարանում նրա պարանոցին կապտուկ է հայտնաբերվել:

Դիահերձարան մեկնած իրավապահները դիակի զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերեցին շագանակագույն քերծվածք: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

«Պարզվել է` 59-ամյա կնոջ մահվան պատճառը մեխանիկական շնչահեղձությունն է: Նրան խեղդել էին: Կինը միայնակ բնակվում էր Արմավիրի Մյասնիկյան փողոցում: Հարևաններն էին տանը անգիտակից վիճակում հայտնաբերել և շտապօգնության բրիգադի հետ հիվանդանոց հասցրել:

Անհրաժեշտ էր պարզել, թե միայնակ ապրող կնոջն ով կարող էր խեղդամահ անել և ինչի համար: Տնից ոչինչ չէին տարել: Կատարվածը նման չէր ավազակային հարձակման:

Սպանության փաստով քրեական գործ հարուցվեց: Պարզվել են ոչ միայն դեպքին առնչվող մի շարք հանգամանքներ, այլև կասկածյալի ինքնությունը:

Հիմնավորվեց, որ օգոստոսի 11-ին, ժամը 2-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ 59-ամյա կնոջը բռունցքով խփել, ապա պարանոցից կախված բանալու թելով խեղդել էր նրա ծանոթը` Արմավիրի Չարենցի փողոցի 23-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 16-ին երիտասարդը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter