HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ովքեր են պատրաստվում կառավարել Աֆղանստանը. մի քանի տվյալ թալիբների առաջնորդների մասին

Օգոստոսի 15-ին «Թալիբան» արմատական խմբավորումը մտավ Քաբուլ և իր ձեռքը վերցրեց Աֆղանստանի ողջ իշխանությունը։ Նրանք պատրաստվում են երկիրը դարձնել իսլամական էմիրություն և կառավարել շարիաթով։ Թե ով կգլխավորի երկիրը, դեռևս անհայտ է։ «Թալիբան» շարժման առաջնորդը Հայբաթուլա Ահունդզադան է, սակայն թալիբների հաղթանակի մասին հայտարարել է նրա տեղակալ, շարժման քաղաքական թևի ղեկավար Աբդուլ Ղանի Բարադարը։ Լրագրողները նրան անվանում են շարժման «դեմքը» և կարծում, որ հենց նա կդառնա Աֆղանստանի նոր ղեկավարը։ Meduza-ն ներկայացրել է նրանցից երկուսին։

«Թալիբան» շարժման ներկայիս առաջնորդ Հայբաթուլա Ահունդզադան, ենթադրվում է, որ ծնվել է 1961 թվականին Ղանդահար պրովինցիայում, որը գտնվում է Աֆղանստանի հարավ-արևելքում և սահմանակից է Պակիստանին։ Նրա հայրը եղել է գյուղական իմամ։ Աֆղանստան խորհրդային ներխուժումից հետո՝ ընտանիքը տեղափոխվել է հարևան Պակիստան՝ Կվետա քաղաք, որտեղ Ահունդզադան հաճախել է տեղի մեդրեսեներից (խմբ. մզկիթին կից հոգևոր դպրոց) մեկը։ 

Նշվում է, որ 1980-ական թվականներին Աֆղանստանում կռվել է խորհրդային զորքերի դեմ, սակայն չի մասնակցել առաջնագծում ընթացող մարտական գործողություններին։

Ահունդզադան «Թալիբան» շարժմանը միացել է դրա հիմնադրումից անմիջապես հետո՝ 1994 թվականին և արժանացել շարժման հիմնադիր Օմար մոլլայի վստահությանը։ Երբ 1996 թվականին թալիբներն Աֆղանստանում եկան իշխանության, Ահունդզադան գլխավորել է ռազմական դատարանն ու դարձել բարձրագույն դատարանի նախագահի տեղակալ։ Համարվում է, որ նա մեղադրյալներին դատապարտել է խիստ պատժի, ինչպես օրինակ՝ գողության համար վերջույթների կտրում։

Աֆղանստանում թալիբների վարչակարգի տապալումից հետո՝ Ահունդզադան տեղափոխվել էր Պակիստան և դասավանդել տարբեր մեդրեսեներում։ 2013 թվականին «Թալիբան»-ի հիմնադիր Օմար մոլլան սպանվեց։ Խմբավորման նոր առաջնորդ ընտրվեց Ահթար Մոհամադ Մանսուրը, իսկ Ահունդզադան դարձավ նրա տեղակալներից մեկը և «Թալիբան» շարժման կողմից կազմակերպված ահաբեկչական գործողությունների հիմնական դերակատարներից։ 2016 թվականին Մանսուրը զոհվեց Պակիստանում։ Արդեն մի քանի օր անց Ահունդզադան հռչակվեց շարժման նոր առաջնորդ։

Փորձագետները նշում էին, որ նրա առջև ծառացած է շարժման համախմբման խնդիրը։ Մանսուրի կառավարման ժամանակաշրջանում սկսվել էին տարաձայնություններ և նույնիսկ զինված բախումներ։ Նրանք ընդգծում էին Ահունդզադայի համեստ մարդու կերպարը և ենթադրում, որ, ի տարբերություն իր նախորդի, նա կարող է համաձայնել Աֆղանստանում իրավիճակի խաղաղ կարգավորման բանակցությունների շուրջ։ Սակայն շարժման անդամները պնդում էին, որ Ահունդզադան չի գնա խաղաղության կնքման ճանապարհով։

Աֆղան լրագրող Սամի Յուսուֆզայը նշում էր, որ «Թալիբան»-ում Ահունդզադան ունի պահպանողական աստվածաբանի հեղինակություն, որը չի կարողանում օգտվել հեռախոսից և չի սիրում հայտնվել հանրության առաջ։ Բացի այդ, նրա խոսքերով, թալիբները վախենում են Ահունդզադայից՝ դատավարական անցյալի պատճառով։

2017 թվականին թալիբների առաջնորդի 23-ամյա որդին զոհվել էր ահաբեկչության իրականացման ժամանակ։ Նա բեռնատարը, որի վրա պայթուցիկ ռումբ էր տեղադրված, վարել էր Աֆղանստանի հարավում գտնվող կառավարական զորքերի բազայի տարածքի ուղղությամբ։ 2019 թվականին էլ «Թալիբան»-ի առաջնորդի եղբայրը սպանվել էր Պակիստանի Կվետա քաղաքի մզկիթում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով։

Հայտնի է նաև շարժման հենց առաջնորդի վրա հարձակումների դեպքերի մասին։ Մամուլում մի քանի անգամ հայտնվել է տեղեկատվություն նրա մահվան մասին (այդ թվում՝ կորոնավիրուսից), սակայն դրանք չեն հաստատվել։ Օգոստոսի սկզբին «Թալիբան»-ի պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հայտարարել էր, որ Ահունդզադան մնում է թալիբների առաջնորդը և ունի որոշիչ խոսք՝ կրոնական, քաղաքական և ռազմական հարցերում։

«Թալիբան» շարժման «դեմքը» հանդիսացող Աբդուլ Ղանի Բարադարը ծնվել է 1968 թվականին Աֆղանստանի կենտրոնական հատվածում գտնվող Ուրուզղան պրովինցիայում։ Նա մեծացել է Ղանդահարում և Աֆղանստան խորհրդային զորքերի ներխուժումից հետո մասնակցել նրանց դեմ վարվող կռիվներին։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ է Բարադարը ծանոթացել Օմար մոլլայի հետ։ Դրանից հետո, երբ ԽՍՀՄ-ն հանեց իր զորքերն Աֆղանստանից, Բարադարը Օմարի հետ միասին մեդրեսե է բացել Ղանդահարում և հետագայում դարձել «Թալիբան» շարժման համահիմնադիրներից մեկը։ 

Բարադարը համարվել է «Թալիբան»-ի հիմնական ռազմական փորձագետներից մեկը, որը համակարգել է գրոհայինների ռազմական և ահաբեկչական գործողությունները, ինչպես նաև պատասխանատու եղել ֆինանսավորման համար։ Նա մտել է Օմար մոլլայի մերձավորների շարքում և, ինչպես նշում են մի քանի աղբյուրներ, ամուսնացել նրա քրոջ հետ։ 2001 թվականին, երբ ամերիկյան զորքերը ներխուժեցին Աֆղանստան և տապալեցին թալիբների վարչակարգը, Բարադարը զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ 

Աֆղանստանում «Թալիբան»-ի պարտությունից հետո՝ Բարադարը փախել է Պակիստան։ Նրան անվանում էին Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայի հետ խաղաղության դաշնագրի կնքման աջակիցներից մեկը, որն իշխանության էր եկել Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Սակայն 2009 թվականին ամերիկյան Newsweek ամսագրին տված հարցազրույցում Բարադարը հայտարարել էր, որ թալիբները ցած չեն դնի զենքերը, քանի դեռ չեն հասել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը։ 

2010 թվականին, ԱՄՆ ԿՀՎ և Պակիստանի հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում, Բարադարը ձերբակալվել էր Պակիստանում։ Նրա շղթայակապ լուսանկարը հայտնվել էր ԶԼՄ-ներում։ Սակայն 2018 թվականին Բարադարն ազատ արձակվեց։ Դա տեղի էր ունեցել ամերիկյան իշխանությունների խնդրանքով, որոնք մտադիր էին Աֆղանստանից դուրս հանել զորքերը և որոշել էին թալիբների հետ պայմանավորվածություն ձեռքբերել Բարադարի միջոցով։ Վերջինս թալիբների շրջանում ուներ պրագմատիկ բանակցողի համբավ։

Ազատ արձակումից հետո Բարադարը տեղափոխվել էր Քաթար և դարձել բանակցող խմբի ղեկավար։ Նա հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, հեռախոսով խոսել նախագահ Դոնալդ Թրամփի, իսկ 2020 թվականի փետրվարին, «Թալիբան» շարժման անունից, ստորագրել խաղաղության պայմանագիր ամերիկյան իշխանությունների հետ։ 

Այսպես Բարադարը դարձավ «Թալիբան»-ի գլխավոր դիվանագետը։ Վերջին տարիներին նա հանդիպել է ոչ միայն Պոմպեոյի, այլև աշխարհի մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի։

Աֆղան լրագրող Սամի Յուսուֆզայի խոսքերով, որը մի քանի անգամ հանդիպել է Բարադարի հետ, նա հանգիստ և դիվանագետ մարդ է, «որը միայն առարկայական է խոսում»։ Նա մեծ հարգանք ունի թալիբների շրջանում և «առաջնորդ դառնալու նկրտումներ»։

Լուսանկարը՝ Zabi Karimi/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter