«Քաոսից դեպի հույս». համերգ՝ նվիրված Հայոց մեծ եղեռնին
Ապրիլի 24-ին «Պոետները չեն պարում» (Dichters Dansen Niet) խումբը (Հոլանդիա - Բելգիա - Գերմանիա - Շվեյցարիա) համերգային հատուկ ծրագրով ելույթ կունենա Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Քաոսից դեպի հույս» խորագրով համերգային կոմպոզիցիան դաշնամուրի, կոնտրաբասի, շամանական դափի, էլեկտրոնային ձայնային համակարգի և լիրիկական խոսքի համադրություն է, որը զուգակցվում է «Նաիրի» լարային քառյակի կոմիտասյան կատարումների հետ և անդրադառնում Ցեղասպանությանը, վերապրումի և ազատության թեմաներին:
«Պոետները չեն պարում» խումբը Երևանում հանդես կգա Էդվին Բերգ (Նիդերլանդներ, դաշնամուր), Էրիկ Սուրեմյան (Ֆրանսիա, կոնտրաբաս), Սանիխո Նամչլյակ (Ռուսաստան, շամանական վոկալ և դափ), Ֆրեդ ԴԲ (Բելգիա, հարվածային գործիքներ), Սերժ վան Դայնհովեն (Նիդերլանդներ, պոեզիա և վոկալ), Առլեթ վան Լաար (Նիդերլանդներ, դեկոր և ձևավորում) կազմով:
Ծնունդով հոլանդացի գրող Սերժ վան Դայնհովենը և բելգիացի հարվածային գործիքների երաժիշտ Ֆրեդ ԴԲ-ն համատեղ ելույթ են ունենում 1997-ից՝ որպես «Պոետները չեն պարում» խումբ: Նրանք համատեղ հեղինակել են մի շարք գրքեր, խտասկավառակ, ստեղծել տեսահոլովակներ ու գրական թատերական բեմադրություններ՝ հանդիսատես-ունկնդրի ուշադրությունը գրավելով երաժշտության, տեքստերի, պատկերների ու բեմական մատուցման յուրահատուկ ինտենսիվ ոճով:
ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ՝ «Քաոսից դեպի հույս» համերգը կազմակերպվում է Հայ գրատպության 500-ամյակին և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու միջոցառումների շրջանակում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել