
Գլխավոր շտաբի պետի տեղակալ. «Հետ քաշվելու ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»
Հայկական զինված ուժերն Արցախում կանգնած են այն բնագծերում, որում կանգնած են եղել նոյեմբերի 9-ի դրությամբ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։
Ըստ բարձրաստիճան զինվորականի` Շուշիի շրջանի Եղցահող գյուղի հատվածում նույնպես հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հետ չեն քաշվել, մնում են այն բնագծերում, որում եղել են նոյեմբերի 9-ի դրությամբ:
«Հետ քաշվելու ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ասրյանը:
Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանն այսօր «Հետքին» հայտնել էր, որ Շուշիի շրջանի Եղցահող գյուղի դիրքերի բուֆերային գոտում հերթապահություն պետք է կատարեն ռուս խաղաղապահները։
Հետաքրքրվեցինք, թե որքանով են փոխկապակցված վերջին օրերի սահմանային լարվածությունն ու Տավուշի մարզի մի շարք համայնքներում ռուս սահմանապահների ուղեկալների տեղակայումը, սակայն գեներալ Ասրյանը չցանկացավ մեկնաբանել` ասելով, որ հարցը ԱԱԾ սահմանապահ զորքերի տիրույթում է:
«Մենք որպես զինված ուժեր կանգնած ենք սահմաններում, ապահովում ենք նրանց մոնիտորինգային աշխատանքների իրականացումը, իսկ կոնկրետ ուղեկալների քանակի, տեղակայման, կատարած խնդրի մասին հարցը կարող եք ուղղել ԱԱԾ սահմանապահ զորքերին»,-մանրամանեց գլխավոր շտաբի պետի տեղակալը:
Վերջինս խորհրդարան էր եկել սահմանային իրավիճակի թեմայով պատգամավորիների հետ դռնփակ հանդիպման: Ըստ Ասրյանի` հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես սահմանայինգոտիներում ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
«Ես ներկայացրի պատգամավորներին իրադրությունը, թե ներկա պահին ինչպիսին է: Կարող եմ փաստել, որ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունում զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան»,- եզրափակեց Էդվարդ Ասրյանը:
Մեկնաբանել