HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում նշել են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը (լուսանկարներ)

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 23-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» և «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ խաղաղ հանրահավաք անցկացվեց Վրաստանի խորհրդարանի շենքի առջև:

Հանրահավաքի մասնակիցները «Ոչ ցեղասպանությանը» և «Հայոց մեծ եղեռն՝ 97» ցուցապաստառներով Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի կենտրոնական մուտքի հրապարակում կազմակերպեցին ֆլեշմոբ՝ մոմերով կազմած խաչի և ավանդական պարի լուռ կատարմամբ:

Այնուհետև հանրահավաքի մասնակիցները Վրաստանի խորհրդարանին հանձնեցին անուն առ անուն բոլոր պատգամավորներին ուղղված, Մեծ եղեռնը ճանաչելու Վրաստանի հայության դիմումը՝ պահանջելով ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանություն իրողությունը:

Ապրիլի 23-ի հերթական միջոցառումը Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հովանավորությամբ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Հիշատակի երեկո» ներկայացումն էր, որը կայացավ Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Արմեն Բայանդուրյանը և Հարություն Հովհաննիսյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Թբիլիսիի հայկական թատրոնի ստեղծագործական խմբի ներկայացրած գրական կոմպոզիցիան հիմնված էր հայ ժողովրդի պատմության արյունոտ էջերի ոգեկոչման և համայն հայության արդարատենչ հաղթանակի դրվագների վրա:

Նույն օրը՝ երեկոյան, Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ իրականացված ջահերով երթը: Հայ համայնքի երիտասարդները վառվող ջահերով և ցուցապաստառներով Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգուց շարժվեցին դեպի Թուրքիայի դեսպանություն:

Դեսպանության առջև հավաքված երիտասարդությունը արդարության վերականգնման պահանջատիրական կոչեր ուղղեց թուրքական իշխանություններին: Երթի մասնակիցները Թուրքիային կոչ արեցին, սեփական պատմությունից հրաժարվելու և իրականացված ոճրագործությունները ժխտելու փոխարեն, խոստովանել հանցանքն ու խոնարհվել մեկ ու կես միլիոն անմեղ զոհված հայերի հիշատակի առջև և ճանաչել Մեծ եղեռնը:

Թբիլիսիում շարունակվում են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter