HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Հայաստանի թվային օրակարգի ռազմավարության իրականացման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Թվայնացման փորձագիտական խմբի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացրել է խորհրդի գործունեության 2 տարվա ընթացքում կատարված աշխատանքը. քննարկվել են շուրջ 25 ծրագրային և ռազմավարական փաստաթղթեր: Աշխատանք է տարվում թվային նույնականացման, պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման համակարգերի, էլեկտրոնային լիցենզիաների, անհատական և հրապարակային ծանուցումների, էլեկտրոնային արդադատության միասնական համակարգերի ներդրման և թվային օրակարգի մի շարք այլ ուղղություններով: Վերանայվել և բարելավվել են 101 ծառայության բիզնես գործընթացները, մի շարք պետական մարմիններում փորձնական գործարկվել է քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման hամակարգը: Ս. Քրմոյանի խոսքով՝ Covid-19-ով պայմանավորված՝ էականորեն աճել է էլեկտրոնային ծառայությունների կիրառման մակարդակը:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակում, քննարկվել են առաջիկա անելիքները: Արծարծվել են պետական ծառայությունների մատուցման միասնական քաղաքականության իրականացմանը, բիզնես գործընթացների պարզեցմանը, էլեկտրոնային համակարգերի և հարթակների փոխգործելիության ապահովմանը, թվայնացման մակարդակի շոշափելիությանը, հանրային իրազեկման կարևորությանը վերաբերող հարցեր:

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, վարչապետը, կարևորելով կատարված աշխատանքը, միաժամանակ ընդգծել է՝ անհրաժեշտ է վերլուծել թվային օրակարգի իրականացման դինամիկան, գնահատել միջանկյալ արդյունքները և դրա հիման վրա նախանշել ոլորտի զարգացման ուղղությամբ հետագա անելիքները: «Պետք է հստակ ցուցիչներով գնահատենք, թե թվայնացման օրակարգի իրականացման գործընթացում ուր ենք հասել, թվայնացման ինչ մակարդակ ունենք և որ ուղղությամբ շարունակենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին ներկայացնել վիճակագրական վերլուծություն, որը թույլ կտա գնահատել գործող թվային ծառայությունների արդյունավետությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter